Ինչ հույսեր ունի «Լուսավոր Հայաստան»-ը ՍԴ-ից. օրենքով սահմանված ամեն ինչ կանեն

Ինչ հույսեր ունի «Լուսավոր Հայաստան»-ը ՍԴ-ից. օրենքով սահմանված ամեն ինչ կանեն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամների կողմից գումարվող նիստերի իրավազորությունը. «Հակաիրավական ենք համարում, օրենքի հակասություններն ենք վիճարկում եւ այդ հակասությունների հիման վրա կատարած քայլերը»,- «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը:

Ի՞նչ սպասելիքներ ունեն ՍԴ-ից, եւ արդյո՞ք կուսակցության պահանջին միանալու են նաեւ նիստերը բոյկոտող մյուս քաղաքական ուժերը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Քրիստ Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ե՞րբ եք պատրաստվում դիմել ՍԴ:

-Առաջիկա օրերի ընթացքում, հստակ չեմ կարող ասել, մեր իրավաբաններն աշխատում են այս պահին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Դե, սպասելիքները հետեւյալն է. ամեն դեպքում օրենքով սահմանված ինչ գործընթաց որ հնարավոր է իրականացնել, մենք դա կիրառում ենք, հետո ընթացքից կախված՝ մեր հետագա քայլերը դրա հիման վրա պարզ կլինեն:

-Իսկ Ձեր պահանջին միանալո՞ւ են այն ուժերը, որոնք եւս բոյկոտում են ավագանու նիստերը:

-Այս պահին զուտ իրավաբանական պրոցես է գնում, երբ որ արդեն կհասնենք դիմելու պահին, այդ ժամանակ կքննարկենք, կխոսենք, կորոշենք:

-Ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մտադրություն ունի առաջիկայում մասնակցել ավագանու նիստերին:

-Արդեն երկու նիստ եղել է, որ մտադրություն ունենային, կմասնակցեին: Ես այդ մասով որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ ենթադրություններով չեմ ուզում որեւէ բան ասել:

-Բայց Մամիկոն Ասլանյանն էլ վստահորեն նշում է, որ օրենքն իրենց թույլ է տալիս ավագանու անդամների այդ քանակով նիստ գումարել…

-Դե, պարզ է, չէ՞, իրենք այդ հիմնավորումները եթե իրենց համար ձեւակերպած չլինեին, չէին էլ անի այդ նիստերը, բայց քանի որ իրենց համար այդ հակասություններն օգտագործում են որպես հիմնավորում, հետեւաբար փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց արած քայլերն օրինական են:

Վահագն Հակոբյան