ԱՄՆ-Ն ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԽԱ՞Ղ ԵՆ ՍԿՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծման պատմության վրա սեւեռված համաշխարհային ուշադրությունից կարծես վրիպեց նույն այդ պահին Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը: Իսկ այն կարեւոր էր ոչ միայն երկու պետությունների, այլեւ համաշխարհային քաղաքականության համար:

Վերլուծաբանները գնահատում են, որ Թրամփի ու Ցզինպինի հանդիպումն ինքնին դրական երեւույթ էր` հաշվի առնելով ԱՄՆ նախագահի նախընտրական բազմաթիվ հակասական հայտարարությունները այդ երկրի վերաբերյալ: Թրամփը հայտարարում էր, որ Չինաստանը դիտավորյալ արհեստականորեն արժեզրկում է իր դրամը` տնտեսական օգուտներ վաստակելու միտումով: ԱՄՆ նախագահը նույնիսկ կասկածի տակ էր դնում «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը եւ պնդում, որ դա բանակցությունների առարկա է: Վերջապես, Հյուսիսային Կորեայի անհավասարակշիռ առաջնորդի ու նրա վարած քաղաքականության հիմքերը Թրամփը տեսնում էր ոչ այլուր, քան Պեկինում: Այնպիսի իրավիճակում, երբ ԱՄՆ-ն որպես իր մոտակա խնդիր դիտում էր հենց Չինաստանը, ինքնին վեր էր բարձրանում երկու երկրների համագործակցային հարաբերությունների հիմնահարցը, որտեղ ընթացող մրցավազքը ոչ միայն սոսկ երկու պետությունների մրցակցություն է, այլեւ համաշխարհային առաջատարության հավակնության անխոնջ պայքար: Անտարակույս, Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների խաթարումը համաշխարհային մակարդակի իրադարձություն կարող էր լինել, թերեւս ոչ այնքան ռազմա-քաղաքական, որքան տնտեսա-քաղաքական գերբացասական բարդություններով լեցուն: Եթե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ հարաբերությունների խոտանումը անմիջապես դրսեւորվում է աշխարհի մի որեւէ պայթյունավտանգ կետում նոր բախումներով, ապա ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները, հիմնված տնտեսական բաղադրիչի վրա, կարող են հանգել ավելի «փափուկ» դժվարությունների: Սակայն անկարելի է համեմատել ՉԺՀ-ն ՌԴ-ի հետ, թեկուզ եւ համաշխարհային տնտեսական դերակատարության պատճառով, որտեղ Ռուսաստանը գաճաճ է, իսկ Չինաստանը` հսկա:
Ի տարբերություն Ռուսաստանի, որի նախագահ Պուտինը զբաղված է միայն մարտավարական հարցեր լուծելով, Չինաստանն ու նրա նախագահը սեւեռվել են ռազմավարական կարգավորումների վրա: Չինաստանի առաջնորդը բավականին լուրջ մարդ է, որի հետ Թրամփի մանր հնարքները հազիվ թե աշխատեն: Արձանագրելի է, որ Ցզինպինի լրջությունն էլ ինքնաբերաբար ազդել էր Թրամփի վրա, որը հանդիպմանը մոտեցել էր ամենայն պատասխանատվությամբ: Այդ հանդիպման ժամանակ էր, որ ԱՄՆ-ն հրթիռակոծել էր սիրիական ռազմաբազան` հստակ ազդանշան ուղարկելով Պուտինին, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ձախողման դեպքում ԱՄՆ-ն դեռ կարող է Չինաստանին ունենալ որպես իր դաշնակից, մինչդեռ Պուտինը կմնա ձեռնունայն: Նման դասավորությունը ձեռնատու է թերեւս նաեւ Չինաստանին: Առեւտրի հարցում հաղթաթուղթը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, եւ առեւտրային պատերազմները երկու երկրների միջեւ չեն կարող շահեկան լինել առաջին հերթին Չինաստանին, որի տնտեսա-քաղաքական կապերը ԵՄ-ի հետ անհամեմատելի են ԱՄՆ-ի տիրապետած ռեսուրսների հետ: Ի վերջո, Չինաստանը առայժմ իր առաջ խնդիր չի դրել որեւիցե առճակատման գնալ ԱՄՆ-ի հետ, մինչդեռ ամբողջովին կենտրոնացել է տնտեսական բարեկեցության ապահովման վրա: Ըստ էության, Չինաստանի մեծությունն ու բնակչության բազմաքանակությունը որքան դրական գործոն է, նույնչափ եւ բացասաբար է աշխատում պետության քաղաքականության մշակման վրա:
Հարկ է ընդգծել, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի համար հարաբերությունների բնականոնությունը երկուստեք ձեռնատու է: Իսկ նախագահների հանդիպման դրական տրամադրությունների մասին դատողություն կարելի է անել նաեւ երկու երկրների լրատվական թողարկումներից: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Չինաստանում նախագահական հանդիպումը ընդունվել է ոգեւորությամբ: Թրամփը հայտարարել է, որ հանդիպման արդյունքում բարի կամքի հիման վրա ձեւավորվել է ընկերություն: Դրա հետ մեկտեղ նա առեւտրի շուրջ առկա խնդիրների լուծումը վերագրել է հետագային: ՉԺՀ նախագահը նկատել է, որ երկու կողմերն էլ հավասարապես հետաքրքրված են կառուցողական հարաբերությունների մշակմամբ: Ըստ նրա` ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ն հաջողեցրել են հակասությունները կարգավորել բանակցությունների ու փոխադարձ ընկալունակության մթնոլորտում, ինչն ինքնին նշանակում է, որ առճակատումը այնքան էլ անխուսափելի չէ: Այս ամենը հուշում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն խիստ կարեւոր են միմյանց համար, եւ եթե ԱՄՆ-ի հարաբերությունները այլ երկրների, մասնավորապես ՌԴ-ի հետ չկարգավորվեն, դրանք զարգանալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն:
Թրամփի ընտրությամբ բացահայտվել էր, որ ԱՄՆ-ի կառավարող ընտրախավի շրջանում Չինաստանը ընկալվում էր որպես մոտակա խնդիր, որը կարող է վերաճել մի մեծ պատնեշի եւ այլեւս դառնալ անհաղթահարելի ԱՄՆ-ի համար: Այդ խնդրի լուծումը Թրամփի վարչակազմը տեսնում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ճիշտ այնպես, ինչպես 1970-ականներին Նիքսոնը նախընտրեց Չինաստանը` ընդդեմ ԽՍՀՄ-ի: Այսօրվա տեղափոխությունը, անշուշտ, թելադրված է աշխարհաքաղաքական զարգացումներով սոսկ ձեւի իմաստով, իսկ բովանդակության առումով ոչինչ չի փոխվել. ԱՄՆ-ն շարունակում է խաղացնել իր մրցակիցներին՝ բացառապես համաշխարհային ժանդարմի իր կարգավիճակը պահպանելու եւ ուժեղացնելու համար: Միաժամանակ Թրամփը ցանկացած պահի կարող է վերանայել իր առաջնային թիրախին` ընտրելով Ցզինպինի ու Պուտինի միջեւ: Միով բանիվ, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունների հետագա զարգացման հիմքում տնտեսական հետաքրքրություններով պայմանավորված քաղաքական շահն է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԴԱՇՏԱՅԻՆ ՄԿՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՆՑԻՆԵՐԻ ԱՅԳԻՆԵՐԸ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչները պայքարում են դաշտային մկների դեմ: Բանն այն է, որ դրանք վնասում են գյուղի բնակիչների պտղատու այգիները:

Զորավանի գյուղապետ Բաղդասար Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շտապեց հայտարարել, որ դաշտային մկների դեմ իրենք ամեն տարի պարտադիր միջոցներ են կիրառում: Սակայն մկների դեմ գյուղապետի կիրառած միջոցները այս գարնանը այդքան էլ արդյունավետ չեն եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դաշտային մկները վնաս են հասցրել զորավանցի Շանթ Սարգսյանի պտղատու այգուն: «Դրանց դեմն առնում ենք, ե՛ւ աշնանը, ե՛ւ գարնանը մենք պտղատու այգիներում դեղեր ենք դնում: Ուղղակի այդ բնակչի այգու ծառերին շատ էր վնաս տվել: Ըստ այդ բնակչի՝ իր այգու ծառերը մկները 70 տոկոսով վնասել են»,- ներկայացրեց Բ. Թովմասյանը: Նա, սակայն, զրույցի ընթացքում հայտնեց, որ գյուղապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Շանթի կրած վնասները: «Պետք է ինքը հետեւի իր այգուն: Պետությունը ոնց կարող է գալ ու պահակ կանգնել քաղաքացու այգուն, որ մկները չկրծեն ծառերը: Բայց այս տարի մենք իրեն հատկացրել ենք համապատասխան դեղամիջոցները»,- տեղեկացրեց գյուղապետը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ դաշտային մկների դեմ համապատասխան դեղամիջոցը յուրաքանչյուր տարի մարզպետարանները բաշխում են գյուղապետարաններին: Իսկ վերջիններս էլ իրենց հերթին ստացած մկնդեղը բաժանում են բնակիչներին, նրանց, ովքեր ունեն պտղատու այգիներ: Զորավանի գյուղապետի պատմելով՝ իրենք այս տարվա համար նախատեսված մկնդեղը մարզպետարանից արդեն ստացել են եւ բաժանել բնակիչներին: «Միշտ էլ մկներ եղել են, բոլոր գյուղերում էլ դրանք կան: Չկա մի գյուղ, որ մուկ չունենա: Ձյունը, որ հաստությամբ նստում է, մկները սկսում են ձյան տակ աշխատել, իրենք խնձորի ծառին են միայն մոտ գնում: Դրանք ծիրանի կամ տանձի ծառերին վնաս չեն տալիս, իսկ խնձորի ծառի կեղեւը քաղցր է, դրա համար են շատ խնձորի ծառ կրծում: Տարիներ շարունակ մկների դեմ միշտ էլ այդ պայքարը եղել է: Ուղղակի այս տարի մկները մի քիչ ակտիվ էին, դե, մենք էլ ակտիվ ձեւով պայքարել ենք դրանց դեմ»,- վստահեցրեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ եղե՞լ են դեպքեր, երբ դեղն անարդյունավետ է գործել կամ էլ ժամկետանց է եղել: Հարցին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Նման բան չի եղել, դեղը լավ էլ օգնել է: Ուղղակի մարդիկ կան, որոնք դեղի նախատեսված չափաքանակից ավել են լցնում՝ մտածելով, որ շատ տան դեղ՝ մկները շուտ կսատկեն: Բայց եթե դոզան շատ է չափաքանակից տրվում, ապա մուկը հետ է տալիս ու այն չի ազդում: Դրա համար դոզան պետք է քիչ տաս, որ ուտի ու սատկի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՉԱՋՐԵՑԻՆԵՐԻՆ «ՔՑԵԼ ԵՆ»
2015թ. սեպտեմբերին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Բարեղամ Բադալյանը մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղ, ուր որպես Գարիկ ներկայանալով՝ ծանոթացել, մտերմացել է Աչաջրում պարտաճանաչ մարդու համբավ ունեցող Նշան Գասպարյանի հետ: Բ. Բադալյանը նրան համոզել է համագյուղացիների մոտ միջնորդել, որպեսզի հետագայում վճարելու պայմանով իրեն արքայանարինջ վաճառեն: Ն. Գասպարյանը աչաջրեցիներ Գառնիկ Շահնազարյանին, Սվետլանա Ստեփանյանին, Կարեն Քոքոբելյանին, Հովհաննես Սարիբեկյանին, Նարինե Փիրումյանին, Էմիլյա Սաղաթելյանին, Լյուդմիլա Օհանյանին, Ռուբեն Սաքանյանին, Անահիտ Դովլաթբեկյանին, Սարիբեկ Ասլիբեկյանին, Գարեգին եւ Լիպարիտ Սարուխանյաններին խնդրել է, որ գումարը մի քանի օրից վճարելու պայմանով արքայանարինջ վաճառեն: Նշված անձինք, վստահելով Ն. Գասպարյանին, ընդհանուր 1943 կգ արքայանարինջ են տվել Բ. Բադալյանին, որի դիմաց պետք է ստանային 371 հազար 800 դրամ: Բարեղամը, սակայն, անհետացել է, իսկ խաբված աչաջրեցիները ստիպված դիմել են ոստիկանություն: 2016թ. հունվարի 13-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ՀՀ քր. օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քր. գործ: 2016թ. հունիսի 8-ին Բ. Բադալյանը 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված 5 ավարտված հանցանքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել: Նկատի ունենալով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, Բ. Բադալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշված պատճառով 2016թ. հուլիսի 16-ին քր. գործով վարույթը կասեցվել է: Արդեն 2017թ. հունվարի 20-ին քր. գործով վարույթը վերսկսվել է, Բ. Բադալյանը ցուցմունք է տվել, որ աչաջրեցիներից վերցված արքայանարինջը տեղափոխել է Արարատի մարզ՝ ավելի թանկ վաճառելու նպատակով, սակայն չի կարողացել, մրգի մի մասն էժան է վաճառել, մյուս մասը փչացել է, դեն է նետել: Նա հայտնել է, որ ինքը ցանկացել է աչաջրեցիների պարտքը վերադարձնել, սակայն գումար չի ունեցել, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ պարտքերը կմարի: 2017թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ղազարյանը տուժած աչաջրեցիներին հայտնել է, որ Բ. Բադալյանի կողմից խաբեությամբ արքայանարիջ հափշտակելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Տուժած աչաջրեցիներն այդ որոշման դեմ բողոք են ներկայացրել Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին, որը, սակայն, մարտի 13-ին մերժել է բողոքը: Տուժածներից Գ. Շահնազարյանը «ժողովրդին» հայտնեց, որ Բ. Բադալյանի խարդախություններից հանրապետության տարբեր բանկեր, վարկային կազմակերպություններ, ֆիզիկական անձինք են տուժել: Բարեղամը մի եզդիից խաբեությամբ 50 ոչխար է հափշտակել, Աչաջուր գյուղից՝ 30 խոճկոր, 100 կգ տավարի միս, թթի օղի: Գ. Շահնազարյանը համոզված է, որ Բ. Բադալյանը հովանավոր ունի, որը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից: Իրավապահները տուժած աչաջրեցիներին խորհուրդ են տվել վնասի բռնագանձման հայցով դատարան դիմել, սակայն Գ. Շահնազարյանը վստահ է, որ Բ. Բադալյանն անձնական ունեցվածք չունի, նրա գտնվելու վայրն էլ անհայտ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս