Ով է ապահովելու ավագանու ընտրություններում տեսանկարահանման ֆինանսավորումը

Ով է ապահովելու ավագանու ընտրություններում տեսանկարահանման ֆինանսավորումը

ՀՀ կենտորնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները եւս տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակելու համար քննարկումները դեռ ընթանում են:
Դրական եզրահանգումից հետո ո՞վ է կատարելու ֆինանսավորումը, եւ ինչպե՞ս են փորձելու շտկել ուղիղ հեռարձակումն ապահովող սարքավորումների այն թերությունները, որոնք եղան խորհրդարանական ընտրությունների ժամանակ. այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:

-Պարո՛ն Մուկուչյան, ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեսանկարահանելու եւ ընտրողների ցուցակների հրապարակման գործընթացի վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում: Ավարտվեցի՞ն այդ քննարկումները, ի՞նչ եզրահանգման եկաք:

-Ցուցակների հրապարակման հավանականությունը շատ մեծ է, կարծում եմ՝ տեղի կունենա, իսկ սարքերի հեռարձակման շուրջ քննարկումները դեռ ընթանում են:

-Իսկ ո՞րն է խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում հեռարձակումը ապահովելուն:

-Դե, տեսանկարահանելն իրականացվում է ոչ թե ԿԸՀ-ի կողմից, այլ համապատասխան մրցույթում շահած ընկերության, հիմա իրենց հետ քննարկվում են այդ պայմանները:

-Ո՞վ է ֆինանսավորումն իրականացնելու, թե՞ հնարավոր է՝ այդ գործառույթներն էլ ներառել խորհրդարանական ընտրությունների համար տրամադրված գումարի մեջ:

-Ես ենթադրում եմ, որ պետք է առանձին քննարկվի այդ խնդիրը, որովհետեւ նման հարց առկա չէ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս պետք է լինի տեսանկարահանում, այս դեպքում լրացուցիչ գործառույթ է իրականացվում:

-Իսկ ո՞վ է ֆինանսավորելու՝ ՀՀ կառավարությո՞ւնը, թե՞ ԵՄ-ն:

-Դե, հիմա այս պահին քննարկում են, եթե վերջնական լինի, կիրազեկենք:

-Այսինքն՝ քննարկումներ են ընթանում նաեւ ԵՄ-ի՞ հետ:

-Ես, անկեղծ, տեղյակ չեմ՝ ԵՄ-ի հետ քննարկվում է, թե ոչ:

-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ ընտրատեղամասերում տեսանկարահող սարքերը մի քանի ժամով խափանվեցին: Ընդդիմադիր ուժերից եւ դիտորդներից եղան ահազանգեր, որ հենց այդ խափանումների փուլում էլ արձանագրվեցին առավելագույն թվով խախտումներ: Ի՞նչ եք անելու՝ այդ թերությունները բացառելու համար:

-Նախ սկսենք նրանից, որ բոլոր քաղաքական ուժերը, որ մասնակցում էին ընտրություններին, իրենք ունեին առանձին մուտք այդ համակարգ եւ իրենց համար որեւէ խնդիր չկար՝ հետեւելու ամբողջ ընթացքին: Որեւէ խափանում, որեւէ ձգձգում, որեւէ ծանրաբեռնում՝ նրանց կողմից գործընթացը հետեւելու, տեղի չի ունեցել, որովհետեւ դա առանձին հնարավորություն է եղել, որը տրամադրված է եղել բոլոր կուսակցություններին: Իսկ ինչ վերաբերում է հանրային դիտումներին, դա պարզաբանվեց, որ եղել է գերծանրաբեռնվածության արդյունք: Դա ԿԸՀ գործառույթ չի հանդիսանում, հետեւաբար ես չեմ կարող ասել՝ այդտեղ լրացուցիչ փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ:

-Մատնահետք վերցնող սարքերը արդեն հստակ է, որ լինելու են, բայց դրանց խափանման դեպքեր եւս եղան ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս դեպքում ի՞նչ է արվելու՝ արդեն արձանագրված թերությունները վերացնելու համար:

-Ես կարծում եմ, որ դրանք որեւէ էական նշանակություն չունեին, դեպքերը եզակի էին, եւ դրանով ընտրական գործընթացի առումով որեւէ խնդիր չի առաջացել: Ցանկացած թերություն որ նկատվում է, հետագայում փորձ է արվում դրանք վերացնել:

-Իսկ ի՞նչ կասեք ընտրողների ցուցակների ուռճացվածության հետ կապված: Երեւանի ավագնու ընտրությունների մասնակիցների ցուցակը արդյո՞ք զերծ է լինելու անճշտություններից եւ նմանատիպ մեղադրանքների տեղիք չի՞ տալու:

-Սրանից ավելի լայն հրապարակայնություն պատկերացնել ուղղակիորեն անհնար է, ցուցակները նախապես ներբեռնման հնարավորությամբ հրապարակվում են, դա եղել է ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ե՛ւ լինելու է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նաեւ այս անգամ ընտրություններից հետո հրապարկվեցին ընտրողների ստորագրված ցուցակները, եւ կարծում եմ՝ որեւէ բարդություն չկար, որպեսզի յուրաքանչյուր անձ ստուգեր թե՛ իր, թե՛ ցանկացած այլ անձի վերաբերյալ տեղեկությունները եւ տվյալները:

Եւ վերջում՝ ԿԸՀ-ն կարծես թե մտադրություն չունի որեւէ քայլ կատարել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ»-ում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության վերաբերյալ…

-ԿԸՀ-ի գործառույթները որպես այդպիսին ավարտվում են, երբ ամփոփվում են ընտրության արդյունքները, դրանից հետո գիտենք, որ կա դիմում ՍԴ-ում, եւ արդեն դիրքորոշումը կընթերցվի ՍԴ-ում:

Վահագն Հակոբյան