«Պատժողը երկրի նախագահն էր լինելու». արդյոք թեկնածուները հետևեցին Սերժ Սարգսյանի` չափը չանցնելու զգուշացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ռեյտինգային թեկնածուներին զգուշացրել է, որ ընտրությունների ժամանակ չափը չանցնեն եւ իրենց թիմակցի ձայները չփորձեն գողանալ: Այդ գործընթացի վերահսկման պատասխանատու էր նշանակվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Վերջինս պետք է վերահսկեր իրենց ռեյտինգայիններին, որպեսզի ընտրություններից հետո հստակ իմանային, թե ով որքան ձայն է կարողացել ապահովել կուսակցության համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփյանը նշել էր, որ վստահ է իր ուժերի վրա, եւ իրեն հաջողվելու է վերահսկել ողջ գործընթացը, ավելին՝ զգուշացրել էր՝ որեւէ մեկը մտքի ծայրով անգամ չանցկացնի նման քայլերի դիմել: Բայց արի ու տես, որ ընտրություններից հետո անընդհատ բարձրաձայնվում է ձայների գողության դեպքերի մասին, անգամ ՀՀԿ-ականների կողմից: Ի՞նչ ձայնագողության դեպքերի մասին է խոսքը, եւ ովքե՞ր են իրենց մտքի ծայրով անցկացրել անգամ զգուշացումից հետո դիմել նման քայլերի: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը Հովհաննես Հովսեփյանն է:

-Պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է վերահսկեիք ընտրությունների ընթացքը եւ թույլ չտայիք, որ Ձեր թեկնածուներից որեւէ մեկը գողանար թիմակցի ձայնը: Ի՞նչ եք կարծում՝ հաջողվե՞ց Ձեզ պատշաճ կերպով իրականացնել այդ գործառույթը:

-Լիարժեք:

-Ընտրություններից առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ դեռ պետք է մտածեք՝ ինչ մեխանիզմներ եք կիրառելու: Ինչպե՞ս վերահսկեցիք:

-Դիտորդական առաքելությամբ օժտված դիտորդներ էին երկու հազար տեղամասերում, որոնք որ շատ անկախ, ձիգ, ինքնավստահ, համարձակ արել են այդ ամեն ինչը:

-Ձեր կողմի՞ց նշանակված դիտորդներ են եղել:

-Եղել են անկախ կազմակերպության դիտորդներ, որոնց տեսել եմ առաջին անգամ:

-Դուք վստահորեն նշում եք, որ Ձեզ հաջողվել է լիարժեքորեն վերահսկել ողջ գործընթացը, մինչդեռ բազմաթիվ թեկնածուներ, այդ թվում եւ ՀՀԿ-ից, հայտարարել են, որ իրենց ձայներից գողացել են…

-Չկա տենց բան: Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ, այդպիսի բան չի եղել:

-Բայց Ձեր կուսակցության թեկնածուներից եւս եղել են մարդիկ, ովքեր նման մտահոգություն են հայտնել:

-Նման բան չկա: Այդ դիտորդների մեծ խումբը, որ ինձ հետ աշխատել են, մոտ երեսուն հոգի, իրենք մի քիչ ավելի այլ դաշտի մարդիկ են, այլ մտածողությամբ, այլ տրամաբանությամբ, իրենք իրենց հոգեբանության մեջ մի քիչ ավելի քննադատող են, մյուս օրն իրենք ինձ ասում են, որ իրենք տեսել են, թե ինչ է եղել, ասում են, որ հիմա մեկը փորձի բան ասել, մենք վստահ ենք, որ առաջին ինֆորմացիային մենք ենք տիրապետել, որովհետեւ իրենք են եղել առաջին ինֆորմացիայի աղբյուրը:

-Պարո՛ն Հովսեփյան, ի տարբերություն Ձեր դիտորդների /թեեւ ինքնին անհասկանալի է, թե ինչ է նշանակում Ձեզ հետ աշխատած դիտորդներ/՝ օտարերկրյա դիտորդներն այլ կարծիքի են, սա ինչպե՞ս եք բացատրում:

-Դե, հիմա ես ի՞նչ անեմ, ասեք, ես անեմ: Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ո՞վ ի՞նչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապես անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա:

-Միայն դիտորդների՞ միջոցով եք վերահսկել:

-Հնգաստիճան վերահսկողական մեխանիզմ է դրված եղել:

-Իսկ ավելի մանրամա՞սն:

-Եղել են դիտորդներ, նրանց հետ եղել են տասնապետեր, տասնապետերն իրենց հետ ունեցել են համակարգողներ, համակարգողներն իրենց հետ ունեցել են այլ թիմ, որտեղ որ ներգրավված են եղել պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք անկախ են եղել, դրանից հետո եղել եմ ես, որտեղ կահավորված ամենաբարձր մակարդակի վերջին տեխնիկայով օնլայն հետեւել ենք ցանկացած ռեժիմի:

-Որեւէ թերություն չե՞ք արձանագրել եւ զգուշացում կատարել:

-Եղել են մանր-մունր բաներ:

-Ո՞ր թեկնածուներին եք զգուշացրել:

-Այդպես չեմ կարող հիշել, բայց որեւէ թեկնածուի կողմից չի եղել, կարող է՝ ինչ-որ մեկի անձնագիրն է ճղված եղել, չգիտեմ, այդպիսի բաներ, որոնք կոնկրետ մեկի կողմից չեն եղել, լույսերն են գնացել, օրինակի համար:

-Իսկ ձայների գողության փո՞րձ:

-Չկա տենց բան:

-Պատժելո՞ւ էիք, եթե նման դեպք լիներ:

-Այո՛:

-Ինչպե՞ս:

-Պատժողը երկրի նախագահն էր լինելու, ինքը գիտեր՝ ինչպես էր պատժելու:

-Չի՞ կիսվել Ձեզ հետ, թե ինչ պատժիչ գործողություններ էր իրականացնելու:

-Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ վատ:

-Սերժ Սարգսյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:

-Քննարկում չեք անցկացրե՞լ՝ ամփոփելու համար ընտրությունները:

-Նախագահն իր ամբողջ թիմից գոհ է:

-Առաջիկայում հնարավո՞ր է, որպես Ձեր աշխատանքի փոխհատուցում, նոր պաշտոն ստանաք:

-Ես ինձ որեւէ տեղ չեմ տեսնում, այդ հարցին չեմ կարող պատասխանել:

-Նման քննարկում չի էլ եղե՞լ:

-Ո՛չ:

Վահագն Հակոբյան




Լրահոս