Շատ լավ գիտի՝ «օլիգարխն» ով է, երևի իրեն չիմանալու տեղ է դրել. Վահան Բադասյանը` Վիգեն Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության կողմից ազգ-բանակ ծրագրի շրջանակներում հերթական նախագծերն են մշակվել՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» անվանումներով։ Ըստ այդ նախագծերի՝ նորակոչիկներին ծառայության նոր տեսակ է առաջարկվելու՝ ժամկետային-պայմանագրային: Այն նորակոչիկները, ովքեր կցանկանան այդպիսի ծառայություն անցնել, կստանան 5 մլն դրամ: Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս ծրագրերից. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, ՊՆ-ն նոր ծրագրեր է ներկայացնում, որոնք կոչվում են «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ»: Մասնավորապես առաջարկվում է երեք տարվա ծառայություն՝ դրա դիմաց խոստանալով 5 միլիոն դրամ: Արդյունավե՞տ ծրագրեր են, ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ, որ դրանք չեն կարող հարց լուծել: Մենք մի կողմից իրավունք չունենք բանակի վերաբերյալ նոր ծրագրերի մասին վատ բան ասելու, բայց մյուս կողմից էլ՝ իրավունք ունենք նաեւ ենթադրելու, որ դա ոչինչ չի տալու: Պետք է նախարարությունն առաջին հերթին ձերբազատվի գող ու թալանչի գեներալներից, որոնք մինչեւ հիմա գտնվում են բանակի շարքերում: Ինչքան ուզում եք՝ պաշտպանության փոխնախարարներ փոխեք, եթե բանակի զինվորն ու կրտսեր սպաները տեսնում են, որ իրենց հացը գողանում են գեներալները, արդեն ծիծաղելի է նրանց համար ազգ-բանակը, հինգ միլիոն դրամի գաղափարը, եկեք, սարից իջնենք, գնանք, շարքային մարդկանց հետ զրուցենք, տեսնենք՝ նրանք ինչպես են տեսնում արդարությունը: Նրանց, ովքեր այսօր կյանքի գնով սահման են հսկում, նրանց հարցրեք, տեսեք, որը կլինի արդարությունը, որ բանակում պետք է կատարվի: Դա բավարար չէ, միայն գումարով չէ, որ պետք է շահագրգռենք, եւ մարդիկ համալրեն մեր բանակի շարքերը, այստեղ այլ գործոններ պետք է լինեն նաեւ:

-Այսօր /հեղ.-երեկ/ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ ծրագրերը ներկայացնելիս ՊՆ նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդպիսով կպահպանվի առաջնագծում ծառայող անապահով ընտանիքների եւ օլիգարխների երեխաների միջեւ հավասարությունը, ասել է, որ չունի «օլիգարխ» հասկացության իրավական ձեւակերպումը, որպեսզի զորակոչի ժամանակ հասկանա՝ օլիգարխի երեխա է զորակոչել, թե ուղղակի գործարարի…

RA Minister of Defense Vigen Sargsyan gave a press conference at the RA Defense Ministry’s administrative complex

-Դե, եթե ինքը չի իմանում, ապա նախարարությունը դպրոց չէ, որ գան, նախարար դառնան եւ իմանան՝ օլիգարխն ու օլիգարխիան որն է: Օլիգարխը շատ լավ գիտի՝ ով է, եւ շատ լավ գիտեն, ում որդին չի ծառայում: Ինքը գիտի, թե իր սերնդակիցներից ովքեր են անօրեն կերպով պաշտոն զբաղեցնում, չեն ծառայել բանակում,սակայն իրեն չիմանալու տեղ է երեւի դրել: Օլիգարխը հարուստ մարդը չէ, նա է, ով ներգրավվում է երկրի բարձրագույն իշխանություններում եւ բիզնեսմեն է, իր բիզնեսին ձեռնտու օրենքներին է կողմ քվեարկում: Կամ էլ իր դիրքերն ամրապնդելու համար կատարում է վերնախավի թելադրանքը, օրինակը ՀՀԿ-ի բոլոր կոճակ սեղմող պատգամավորներն են՝ սկսած ժողովրդական վայելում ունեցող Շուշան Պետրոսյանից, վերջացրած Լֆիկ Սամոյով: Նրանցից շատերը միլիարդներ են հայտարարագրում, որտեղի՞ց դրանք, իհարկե, գողությունից, այլ ոչ թե աշխատավարձից: Օլիգարխ չե՞ն, օլիգարխ են, սահմանին կանգնած սպան ինչքան է ստանում, երեք, չորս անգամ քիչ նրանցից՝ պորտաբույծ պատգամավորներից:

-Պարո՛ն Բադասյան, ՊՆ-ում կրկին վերադասավորումներ են, երկու նոր փոխնախարարներ նշանակվեցին: Ի՞նչ կարծիք ունեք այդ փոփոխությունների մասին:

-Գիտեք, ես համոզված եմ, որ անհատը չի կարեւորը, իհարկե անհատը դեր ունի, բայց տվյալ պարագայում անհատը չի կարող փոփոխություն անել, պահանջ պետք է լինի վերադասի կողմից: Չպետք է լինի հենց այնպես պաշտոն, որ նշանակվի, եւ ասեն՝ այս մարդը խելոք է, փորձ ունի, կարող է այդ պաշտոնում պարզապես պաշտոնավարել, բայց արդյունքն է, չէ՞, կարեւոր: Ոլորտի պահանջն է կարեւոր, քաղաքականությունը, թե ինչ քաղաքականություն կվարի նախարարությունը, այդտեղ արդեն կերեւան որակական, անձնական հատկանիշները:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

-Նախ ասեմ, որ դրան լուրջ մի վերաբերվեք, որովհետեւ այդ կառույցն անլուրջ կառույց է, հրապուրվել պետք չէ, Խաչատուրովն էլ միշտ եղել է անլուրջ գործիչ եւ եթե անլուրջ մարդ է, անլուրջ կառույցի մեջ նշանակվել է, ինչի՞ն մենք գնահատական տանք:

Վահագն Հակոբյան




Լրահոս