«Բարոյական աջակցություն» ձայներ հավաքագրող ՀՀԿ-ական տնօրեններին. ոմանց «բախտը ժպտացել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չէր «պատժելու» սկանդալային ձայնագրությունների հերոս դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, ի սկբանե պարզ էր: Սակայն ՀՀԿ-ն ավելի հեռու գնաց՝ հայտնելով իր «բարոյական աջակցությունը» ձայներ հավաքագրող ՀՀԿ-ական տնօրեններին: Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկրորդելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, վերահաստատեց, որ իրենք բարոյական աջակցություն են ցույց տալու այդ տնօրեններին:

Իսկ ի՞նչ կերպ է ՀՀԿ-ն այդ բարոյական աջակցությունը հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սկանդալային ձայնագրությունների հերոսներից ոմանք տեղ են գտել Երեւանի ավագանու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Ովքե՞ր են նրանք: Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, ով զբաղեցրելէ 176-րդ տեղը, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, ով 172-րդ տեղում է:

Անուշ Հայրյանը ձայնագրության մեջ խոստովանում է, որ թաղապետարան է ներկայացրել ծնողների եւ ուսուցիչների ցուցակներ, Անահիտ Բաբաջանյանը խոստովանում է, որ ցուցակները ուղարկել է քաղաքապետարան, Հրանուշ Խաչատրյանի հետ զրույցում էլ պարզ է դառնում, որ նա ներկայացրել է 17 հոգանոց ցուցակ: ՀՀԿ-ի ավագանու աստղաբույլի փայլուն աստղերից է նաեւ Երեւանի թիվ 192 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանը:

Այս տիկինը դեռ 2013 թվականին իր դպրոցում ծնողական ժողովը վերածել էր քարոզչության, որի պատճառով հետագայում ընդամենը խիստ նկատողության արժանացավ: Հիմա արի ու տես, որ խիստ նկատողություն ստացած տնօրենը եւս տեղ է գտել ՀՀԿ-ի ցուցակում, նա 96-րդ համարն է:

Զարմանալի է միայն, թե ինչու է այս կուսակցությունը որոշել իր շարքերում ընդգրկել հանրության կողմից բազմաթիվ քննադատությունների եւ «թուքումուրի» արժանացած անձանց: Թեեւ նկատենք, որ այդ տնօրենները ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում: Երեւի արդեն փորձառու ձայն ապահովողներ են, ասել է, թե փորձած թանը անփորձ մածունից լավ է: Կամ էլ, ըստ ամենայնի, ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ անկախ ամեն ինչից, ինքն իր կուսակիցների կողքին է եւ խրախուսում է ցանկացած գնով կուսակցության համար ձայներ ապահովողներին՝ մոռանալով, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Օրինակն այստեղ արդեն իսկ առկա է, եթե չորս տարի առաջ նույն պաշտոնյան՝ այս դեպքում դպրոցի տնօրենը, հեռացվեր պաշտոնից իր գործած ապօրինության համար, ապա այսօր ոչ մի դպրոցի տնօրեն չէր գնա նման քայլի: Սակայն մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ գործող իշխանությունը բարոյական աջակցություն է ցուցաբերում դպրոցի այն տնօրեններին, որոնք կրթօջախը վերածել են կուսակցական շտաբների՝ մոռանալով, թե որտեղ են գտնվում, եւ որն է իրենց առաքելությունը:

Ինչեւէ: Փորձեցինք հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀԿ-ից: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Արցախում է: Դիմեցինք ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանին: Վերջինս, սակայն, հարցը լսելուն պես ասաց, որ ղեկին է եւ անջատեց հեռախոսը: Նկատենք, որ Նիկոյանը մշտապես այդպիսի հարցեր լսելով՝ հայտնվում է ղեկին: Փորձեցինք նաեւ կապ հաստատել Երեւանի թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանի հետ՝ պարզելու համար, թե հանուն ինչի են նրան առաջադրել ավագանու ցուցակում, եւ արդյոք պատրաստվո՞ւմ է կրկին քարոզչություն անել դպրոցում: Պարզվեց՝ Թադեւոսյանը եւս իր բարձրաստիճան կուսակիցների նման անհարմար տեղում էր գտնվում եւ չկարողացավ խոսել:

Վահագն Հակոբյան




Լրահոս