Թիրախավորում եք, ասում եք, թե Մարդու իրավունքների պաշտպանը չկա. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը ուղեկցվել էր միջադեպով:

Մինչ պաշտպանը ներկայացնում էր 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, եւս երկու երիտասարդներ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությունը: Դրանով ակտիվիստները իրենց վերաբերմունքն էին արտահայտում ՄԻՊ-ի եւ նրա հրապարակած զեկույցի վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների տարեկան զեկույցը բաղկացած էր 4 բաժիններից, որտեղ անդրադարձ կար ոստիկանների կողմից թույլ տրված խախտումների, ապօրինի բերման ենթարկելու դեպքերին, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ բողոքներին, խաղաղ երթի խոչընդոտմանը, հատուկ միջոցների կիրառմանը նաեւ Սարի թաղի բնակելի տների մոտ, լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերին. «Մարդիկ բերման էին ենթարկվում առանց որեւէ պարզաբանման: Սա, իհարկե, բերման ենթարկելու անընդունելի եղանակ է, որովհետեւ ոչինչ չէր վկայում այն մասին, որ խաղաղ չէր հավաքը»:

Արման Թաթոյանը, առանձնացնելով լրագրողների դեմ բռնության դեպքերը, շեշտել է, որ նրանք թիրախային խմբում են. «Բռնությունները եղել են քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ, եւ զեկույցում պատասխանատվության հարց է բարձրացվում»:

Ըստ պաշտպանի՝ աննախադեպ շփոթված վիճակում է եղել ոստիկանությունը. «Տեղի է ունեցել հարձակում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, վտանգավոր վիճակ»:
Ծավալված իրադարձություններից 8 ամիս անց ներկայացնելով զեկույցը՝ պաշտպանը, ըստ էության, որեւէ նոր բան չասաց, քանի որ այն, ինչ կատարվել էր նշված օրը, հայտնի էր բոլորին: Իսկ երբ հանցանքի պարագլուխների պատասխանատվության մասին էր խոսվում, պաշտպանը խոսքը կտուրն էր գցում` նշելով, թե դա քննության փուլում է:

Ըստ էության՝ սա էր պատճառը, որ ասուլիսի մեկնարկից րոպեներ հետո ՄԻՊ գրասենյակում պաշտպանին մոտեցել են ակտիվիստ Մաքսիմ Հակոբյանը եւ եւս երկու երիտասարդ ու նրա սեղանի դիմաց փակցրին ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի նկարը, որը Սարի թաղում պայթուցիկը ձեռքին՝ ինքնամոռաց մարտնչում էր: Փակցրին նաեւ այդ դեպքերի օրը աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հովհաննիսյանի լուսանկարը եւ «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությունը:

Արման Թաթոյանը, անդրադառնալով իրեն «ՀՀԿ-ի պաշտպան» տիտղոսին արժանացնելու մասին, ասել է. «Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ: Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի: Ես ընտրվել եմ, աշխատում եմ ու ես ինքս այս ինստիտուտը, ինձ տանում եմ ինքնավարկաբեկման, որ սկսեմ կուսակցական շահե՞ր պաշտպանեմ: Բացառվո՛ւմ է նման բան»:

«Ժողովուրդ»-ը մի քանի հարցերի շուրջ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

-Պարո՛ն Թաթոյան, միայն հուլիսյան դեպքերի ժամանակ չէ, որ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել: 2015 թվականին էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ծավալված դեպքերով եւս մի շարք լրագրողներ բռնության ենթարկվեցին, ու ընդամենը մի քանի շարքային ոստիկան ենթարկվեցին պատժի` այն էլ տուգանքի տեսքով, եւ արդեն երեք տարի է, ինչ այս գործով ՀՔԾ-ում քննություն է ընթանում:

Արդյո՞ք այս անհետեւողականության պատճառով չէ, որ մարդիկ վստահություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

-Ախր ցանկացած հարց լինում է, թիրախավորում եք, ասում եք, թե Մարդու իրավունքների պաշտպանը չկա:

-Մարդիկ բռնության են ենթարկվել, բայց պատասխանատվության ենթարկվողներ չկան, Դուք պետք է իրենց իրավունքները պաշտպանեք, պատասխանատուների անունները տաք, բայց չեք անում:

-Ես էլ միջոցներ եմ ձեռնարկում, զեկույցը հրապարակել եմ՝ խիստ գնահատականներ տալով, առաջարկներ ներկայացնելով: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես այդպես է եղել. կոնկրետ լիազորություն ունի, կոնկրետ լիազորությունների շրջանակում աշխատում են:

-Ձեր գնահատականներով կամ արձանագրելով մեր ոտնահարված իրավունքները չեն վերականգնվում, պարո՛ն Թաթոյան: Հիմա կոնկրետ ակտիվիստները Ձեր սեղանի դիմաց փակցրին ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի լուսանկարը, որը Սարի թաղում պայթուցիկը ձեռքին է եղել: Բայց որեւէ կոնկրետ անդրադարձ չկար զեկույցում այդ մասին:

-Ես չեմ տեսել այդ լուսանկարը:

-Ձեր աշխատակիցները այն հեռացրին:

-Երբ զեկույցը հրապարակվի, այնտեղ նշված է, որ պետք է կիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:

-8 ամիս է անցել, խիստ միջոցներ չեն կիրառվել, ինչո՞ւ, փորձե՞լ եք անձամբ հասկանալ:

-Քննություն է գնում:

– Քննության արդյունքները Ձեզ բավարարո՞ւմ են:

-Պետք է ենթարկվեն, դրա համար առաջարկները, պնդումները ներկայացնում եմ: Սա է այն, ինչ կարող է անել Մարդու իրավունքների պաշտպանը:

-Իսկ ի՞նչ կասեք ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած ժողովի մասին, որտեղ մարդկանց սպառնում են՝ վախեցնելով, թե վատ կլինի, եթե ձայներ չբերեն: Իհարկե, ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել՝ ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու համար: Դա բավարար է:

-Ես հայտարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կա սպառնալիքի դեպքեր, ինչն անթույլատրելի է:

-Ընդամենը անթույլատրելի է ու վե՞րջ: Սահմանափակվել եք այդ ձեւակերպմա՞մբ:

-Մասնավորի հետ կապված. չունենք լիազորություն՝ ՍԱՍ-ի եւ իր աշխատակիցների հետ կապված, բայց պետական մարմինների հետ կապված կան, աշխատում ենք:

Քնար Մանուկյան




Լրահոս