«ԵՍ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՏԱՆՈՒԼ ԵՄ ՏՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի արդեն ճանաչված դեմքերին: Վերջիններս պատմում են, թե ինչպես են դարձել հայտնի, ինչ են գտել եւ ինչ են կորցրել իրենց ճանապարհին, ինչի են ակնկալում հասնել եւ ինչի գնով: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է, ով խոստովանում է, որ իր համար երգն անձնական կյանքից կարեւոր է:

Երբ տանգոն մենակ չէին պարում

16-17 տարեկան էի, արդեն զգում էի, որ շատերն են Հայաստանում ճանաչում ինձ: Չկար սրճարան, որտեղ ինձնից փող վերցնեին: Չկար մեկը, որ լսած չլիներ ինձ համար այցեքարտային դարձած «Դու իմ լավ ընկեր», «Սիրո քամի», «Կարապի սերը» երգերը: Հետո արդեն ամեն բան է՛լ ավելի պետք է ամրապնդվեր «Դե, տղերք, պինդ եղեք»-ի եւ «Մեր բակը» նախագծի շրջանակում Արփինե Բեկջանյանի հետ կատարած «Երկու քույր ենք» երգերի շնորհիվ: Ավելի ուշ Հայաստանում բոլոր երեկույթներին հնչում էր իմ «Տանգոն մենակ չեն պարում» երգը: Կարելի է ասել, որ այդ ժամանակ կարիերայիս պիկն էր:

Երգն անձնական կյանքից առավել է

Եթե հանրային մարդու անվան շուրջ բամբասանքներ չեն հյուսվում, դա շատ վատ է, նշանակում է, որ նա թերացել է իր գործում, այնպես չի աշխատել, որ իր մասին խոսեն: Իհարկե, ցավալի է, երբ մարդիկ սկսում են բամբասել, եւ դա հասնում է անձնական վիրավորանքների: Անարդար է, երբ բեմական համարձակ կերպարի, նրա հագնվելու հետ կապում են մարդու բարոյական լինել-չլինելու հարցը` առանց վերջինիս ճանաչելու: Դու ազնիվ ճանապարհով հասնում ես հաջողությունների, բայց ոմանք այդ ամենը կապում են ուրիշ, հորինովի հանգամանքների հետ: Ամեն դեպքում, շատերն ինձ ճանաչելուց հետո զարմացել են, որ էկրանի աղջկա մեջ ապրում է իմ տեսակի մարդ: Այնուամենայնիվ, ես բավականաչափ ուժեղ եմ եւ չեմ կարող ապրել առանց երգի: Երգն իմ անձնական կյանքից առավել է եղել միշտ. այսօր էլ է այդպես:

«Շատ եմ ունեցել խանգարողներ»

Շատ եմ ունեցել խանգարողներ` հենց մեր ասպարեզից եւ հակառակը` ինձ սատարողներ բոլորովին այլ ոլորտներից: Վերջիններս միշտ ընդառաջել են ինձ, եւ ես այդ առումով բախտավոր մարդ եմ: Ուրախ եմ, որ շատ հարցերում անունս իր դերը խաղացել է: Մայրս ասում է. «Եթե ես երիտասարդ լինեի, քո ճանաչվածությունն ունենայի, սարեր շուռ կտայի»: Բայց ես երբեւէ առիթից չեմ օգտվել:

Զոհողություններ` հանուն երգի

Հանրային անձ լինելու հանգամանքը շատ է ազդել անձնական կյանքիս վրա: Ես իմ անձնական կյանքը տանուլ եմ տվել` երգի հանդեպ սիրուց ելնելով: Բայց հասկացել եմ, որ ճիշտ եմ արել, չեմ փոշմանել: Ամեն դեպքում, որքան էլ համարձակ կին, բեմի կերպար լինեմ, նրանք, ովքեր փորձել են անձնական հարաբերություններ ունենալ ինձ հետ, լուրջ նպատակ են հետապնդել: Պարզապես հանգամանքներն այնպես են դասավորվել, որ հասկացել եմ` չեմ կարող տվյալ մարդու հետ ընտանիք կազմել, այլապես կտուժի երգը: Իսկ որ պահին զգացել եմ այդ վտանգը, հետ եմ կանգնել:

Ջեքսոնի նման

Որդիս 7 տարեկան է, չգիտեմ` հասկանում է նա, որ իր մայրիկը հայտնի է, թե ոչ, բայց հիշում եմ, որ մի անգամ, քոլեջից վերադառնալով, զարմացած հարցրեց. «Մամա, ինչո՞ւ էին բոլորը քեզ նայում, քեզ բարեւում, հետդ ջերմ խոսում, ինչո՞ւ ուրիշ ծնողների հետ էլ այդպես չեն վարվում»: Ես էլ բացատրեցի, որ երգչուհի եմ, մարդիկ ճանաչում են ինձ: Մեկ էլ մտածեց-մտածեց, ասաց. «Ջեքսոնի նմա՞ն» (ծիծաղում է): Պատասխանեցի, որ Ջեքսոնին ամբողջ աշխարհն է ճանաչում: Այսպիսի հետաքրքիր դրվագներ շատ են լինում, ամեն դեպքում, ես անում եմ ամեն բան, որպեսզի որդիս մայրիկով հպարտանալու առիթներ շատ ունենա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՏԻՄԱՏԻԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ

Մայիսի 12-ին Black Star-ի ամենաոճային թիմն իր ամբողջ կազմով հանդես կգա երեւանյան հանդիսատեսի համար: Տիմատին, L՚One-ը, Քրիստինա Սին եւ Մոտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայանան համերգային վառ ծրագրով:

Կազմակերպիչը «Jet Set» ընկերությունն է, որի նախագծերի մենեջեր Արմինե Խախամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց` սա այն համերգներից է, որի ընթացքում անհնար է պարզապես տեղում նստած մնալ. «Դահլիճի ներքեւի հատվածում լինելու է պարահրապարակ: Ասեմ, որ այդ մասում կանգնելու համար ավելի շատ տոմսեր են վաճառվում»:
Ի դեպ, համերգի տոմսերի գները տատանվում են 6-30 հազար դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ Տիմատին Երեւանում առաջին անգամ համերգով հանդես է եկել 2015-ին: Մեր այն հարցին, թե համերգային նոր ծրագիրն ինչով է տարբերվելու նախորդից, մենեջերը պատասխանեց. «Ներկայացվելու է թարմ երգացանկ, 2 ժամի փոխարեն այս անգամ սպասվում է 3 ու կես ժամ տեւողությամբ համերգ: Ինչ վերաբերում է 2015-ի համերգին, ապա հիշեցնեմ, որ այն անցավ բավական բուռն մթնոլորտում, վաճառվեցին աննախադեպ թվով տոմսեր, ուստի մեր ընկերությունը որոշեց կրկնել այն արդեն 4 հոգանոց թիմով»:
Մենեջերը նկատեց, որ Տիմատիի եւ, առհասարակ, Black Star-ի երկրպագուները պատկանում են թիրախային տարբեր լսարանների` երեխաներից մինչեւ մեծահասակներ:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանն ունակ է ապահովել տեխնիկական բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են համերգի իրականացման համար:
Եվ մի ուշագրավ հանգամանք եւս. Տիմատիի եւ նրա թիմակիցների համերգի մասնակիցները ակամայից կմասնակցեն նաեւ բարեգործության: «Jet-Set» ընկերությունը որոշել է միանալ «F100» եւ «Նվիրիր կյանք» ֆոնդերի բարեգործական գործունեությանը: Համերգի մասնակիցները կարող են փրկել այն երեխաներին, որոնց ապաքինումը հնարավոր է, սակայն ահռելի ծախսեր է պահանջում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
«Եվրատեսիլ¬2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո¬արշավի շրջանակում ապրիլի 13¬ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լեւինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաեւ ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան¬ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge¬ն առաջինն ուղղել էր հենց նրան: Ի պատասխան՝ Լեւինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ: Սպասվելիք այցը կօգնի Լեւինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռք բերել, նաեւ հայերեն նոր կատարումներ ներկայացնել:

 

 

 

ՄԱՍՆԱԿԻՑԸ ՀԱՅՏՆԻ Է
Այս տարի երիտասարդ կատարողների՝ «Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Սյուզաննա Մելքոնյանը։ Երգչուհին այս մասին տեղեկացրել է Instagram-ի էջում՝ տեղադրելով իր եւ Իգոր Կրուտոյի լուսանկարը։ Սյուզաննայի երկրպագուները շտապել են շնորհավորել երգչուհուն՝ նշելով, որ ուրախ են նրա հաջողության համար։ «Նոր Ալիք 2017»-ը կանցկացվի Սոչիում` սեպտեմբերի 8-15-ը։ Նշենք, որ «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթի գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին եւ Ռայմոնդ Պաուլսին։

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ
Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը հարվածել է իր երկրպագուհուն, որն ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքում համերգի ժամանակ բեմից քաշել է երաժշտին: Այս մասին տեղեկացնում է TMZ պորտալը: 50 Cent-ը բռունցքով հարվածել է իր ձեռքը բռնած կնոջ կրծքին եւ վերադարձել բեմ: Որոշ ժամանակ հետո սակայն, զղջալով իր արարքի համար, ռեփերը հրավիրել է երկրպագուհուն բեմ, որտեղ նա թվերք է պարել:




Լրահոս