ԴԵՌԵՎՍ ՏԱՆԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը, որ հասել է 6 մլրդ դոլարի, գերազանցելով ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին արդեն խոսում են միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները: Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին, երեկ խոսելով Հայաստանի պետական պարտքի չափի մասին, մի քանի ուշագրավ շեշտադրում է արել. «Մեր գնահատմամբ՝ պարտքի մակարդակը հարաբերականորեն ավելի բարձր է, բայց ներկայիս քաղաքականությունից ելնելով՝ այն դեռեւս տանելի է: Կառավարությունը պետք է այնպես անի, որ պետական պարտքը չհասնի այնպիսի մակարդակի, որ այն տանել չլինի»,- ասել է Հոսեյն Սամիին: ԱՄՀ ներկայացուցիչը միաժամանակ կարեւորել է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը ճիշտ կառավարելու անհրաժեշտությունը: Նկատենք՝ որքան էլ ԱՄՀ պաշտոնյան արտաքուստ փորձել է հանգստացնել՝ ասելով, որ պարտքի մակարդակը դեռ տանելի է, միաժամանակ նրա հայտարարությունները պարտքի՝ հարաբերականորեն բարձր մակարդակի մասին, ինքնին խոսուն են: Եւ սրանից կառավարությունը պետք է լուրջ հետեւություններ անի:

 

 

 
Պարզվում է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճի վարձակալությունը բավական թանկ է. 10 մլն դրամ: Սա, ի դեպ, այն դահլիճն է, որտեղ սովորաբար անցկացվում են «հարուստ» կուսակցությունների, մասնավորապես իշխող ՀՀԿ-ի համագումարներն ու մյուս միջոցառումները: Իսկ ահա համալիրի համերգային դահլիճի վարձակալությունն արժի 5 մլն դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանն ասել է. «Բայց ամառվա կտրվածքով իրավունք ունենք 20 տոկոս զեղչ անել: Քանի որ համալիրի ջեռուցումը կապված է մեծ ծախսերի հետ, այդ պատճառով դա ամռանն ենք զեղչ անում: Ես Ձեզ ասում եմ, որ բոլորին անխտիր, լինի ՀՀԿ, թե ԲՀԿ կամ ՀՅԴ, ով ուզում է լինի, մենք ունենք պետականորեն որոշված գներ, եւ այն բոլորի համար է գործում»: Մեզ մնում է արձանագրել, որ ՀՀԿ-ն իր՝ միայն նախընտրական քարոզարշավի վերջին միջոցառմանը դահլիճի վարձակալության համար ծախսել է 10 մլն դրամ, թե ո՞ւմ հաշվին, ինքներդ ենթադրեք:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից դեռ 2016թ. սեպտեմբերին մեծ գողություն էր եղել. հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ իրաններ: Քրեական գործի նյութերից պարզվում է՝ գողացողները եղել էին նույն թռչնաֆաբրիկայի երկու աշխատակիցները: Ուշագրավը մեկ այլ հանգամանք է. նրանք «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից հափշտակված իրերը վաճառել էին մեկ այլ թռչնաֆաբրիկայի հայտնի գործարարի՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին: Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

 

Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալներն իրենց աճի տեմպերով սկսել են զիջել նախորդ տարիներին: Եթե 2016թ. հունվար-փետրվար ամիսներին հանքարդյունաբերության ծավալները 2015թ. համեմատ աճել էին 41.5 տոկոսով, ապա 2017թ. առաջին երկու ամիսներին այս ոլորտում նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8 տոկոս. այս տարի արդյունահանվել է մոտ 47 մլրդ դրամի արտադրանք: Սա ինքնին հետաքրքիր փաստ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը «նստած է» գերազանցապես հանքահումքային արդյունաբերության վրա, եւ բյուջեի մուտքերի մեջ այս ոլորտից եկած գումարները քիչ չեն: Միաժամանակ, սակայն, տեմպերի նվազումը տրամաբանական է, քանի որ միջազգային շուկայում նվազել են պղնձի եւ մոլիբդենի գները:

 

 

 
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հանդես է եկել «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալու մասին հերթական հայտարարությամբ: Նա «ՄԻՐ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի՝ նման հեռանկարը կանխելու համար: «Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ անկայունության: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տալ, եւ ամեն կերպ կջանանք Ռուսաստանում նման բան թույլ չտալ եւ կսատարենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը: Այսպիսով՝ նա փաստորեն հայտարարում է, որ ռուսական ազդեցության գոտում գտնվող բռնապետական ռեժիմները, այնպիսիք, ինչպիսիք են Լուկաշենկոյինը, Նազարբաեւինը, կարող են ամբողջությամբ իրենց հույսը դնել Պուտինի աջակցության վրա: Բնականաբար, դա վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, թեեւ վերջինիս իշխանավարման երկարաձգմամբ Պուտինը կարող է եւ այնքան էլ շահագրգռված չլինել:
Ամեն դեպքում՝ ՌԴ նախագահի շուրթերից նման հայտարարությունը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրման այս նոր փուլում սեփական աշխարհաքաղաքական ազդեցության պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված քաղաքական քայլ է, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են հետեւել հստակ գործողություններ: Իսկ այդ գործողությունների իրականացման համար, ինչպես գիտենք, ՌԴ-ն ժամանակին հասել է նրան, որ ՀԱՊԿ-ում ստեղծվեն արագ արձագանքման խմբեր, որոնց գործառույթն է ՀԱՊԿ անդամ երկրներում իրավիճակի անկայունության եւ պետական կարգի խախտմանն ուղղված սպառնալիքների դեպքում միջամտել եւ կանխել գործընթացը: Պարզ ասած՝ Պուտինը դեռ տարիներ առաջ է մտածել ՀԱՊԿ անդամ երկրներում գունավոր հեղափոխությունները կանխող գործիքների ստեղծման մասին եւ հիմա էլ վստահորեն հայտարարում է, որ կանի ամեն ինչ՝ բացառելու համար նման զարգացումները ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ՀԱՊԿ անդամ երկրներում:
Այլ հարց է, թե որքանով դա նրան կհաջովի: Ի վերջո, Ռուսաստանը մշտապես էլ ամեն ջանք գործադրել է, որպեսզի իր ազդեցության զոնայում գտնվող երկրներում գունավոր հեղափոխություններ չլինեն: Բայց, ինչպես գիտենք, միշտ չէ, որ հաջողել է: Մասնավորապես Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում /թեեւ ժամանակավորապես/ տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ, որոնցից հատկապես առաջին երկուսը անդառնալի հարված հասցրին ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին: Ներկայումս, իհարկե, Ռուսաստանը տնտեսապես էլ ավելի թույլ վիճակում է, քան 2000-ականների սկզբին, սակայն նաեւ դրա արդյունքում շատ ավելի ագրեսիվ է իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության հարցում:
Այնպես որ, առաջիկայում պետք է ակնկալել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված քաղաքականության էլ ավելի խստացում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ վերջինիս արբանյակ երկրներում եւ մասնավորապես ֆորպոստներում:




Լրահոս