ՀՈՒՇԱԳՐԵՐՈՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց այդ հուշագրի նախագծի ստորագրման որոշումը, եւ ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլեւ բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, եւ նրանք հանդիսանալու են կամուրջ մեր եւ այդ երկրների բիզնես համայնքի միջեւ: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:

Հայտնի փաստ է՝ վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումները գնալով միայն պակասել են. մի հանգամանք, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բավական է միայն նշել, որ 2014թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլրդ 202.3 մլն դրամ, 2015թ. այդ թիվը նվազել էր՝ դառնալով 70 մլրդ 418.7 մլն դրամ, իսկ ահա 2016թ. հասել էր 62 մլրդ 679.3 մլն դրամի: Իսկ մի երկրում, որի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, բնական է՝ տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ, դեռ ավելին՝ ետընթաց է ապրում: Այնպես որ, իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու եւ օտարերկյա ներդրողներին գրավելու համար: Մի բան, որ այսօր օդ ու ջրի նման հարկավոր է Հայաստանին:
Հիմա «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի հետ ստորագրվելիք հուշագրում խնդիր է դրված խթանել ներդրումները հետեւյալ ոլորտներում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ ծառայությունների զարգացում, էներգետիկայի եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում, հանքարդյունաբերության զարգացում, քաղաքային ենթակառուցվածքների ու ծառայությունների զարգացում, ՏՀՏ-ի եւ ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացում, մշակող արդյունաբերության զարգացում:
Հուշագրում նաեւ նշված են այն իրականացնելու ուղիները, մասնավորապես «Ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման նպատակով Ֆոնդը պարտավորվում է ուսումնասիրել թիրախային ոլորտները եւ ներգրավել համապատասխան ներդրումներ: Ֆոնդը պարտավորվում է վեր հանել եւ բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները եւ դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը» եւ այլն:
Սակայն արդյո՞ք նման հուշագրեր ստորագրելը կամ ստորագրված հուշագրում առկա դրույթների իրագործումը բավարար է ներդրողներին գրավելու եւ Հայաստան գումարներ բերելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Ի վերջո, 2015թ. հոկտեմբերին էլ կառավարությունը ներումային քաղաքականության հայեցակարգ ընդունեց, այնտեղ բավական գեղեցիկ խոսքեր ու խոստումներ գրեց, բայց միեւնույն է՝ իրավիճակը դրանից չփոխվեց, ընդհակառակը, ներդրումների ծավալները շարունակեցին նվազել:
Այստեղ շատ կարեւոր է ախտորոշել Հայաստանում ներդրումների նվազման պատճառները, որից հետո շատ ավելի հեշտ կլինի որոշել, թե ի՞նչ է պետք անել գումարներ բերելու ուղղությամբ: Իսկ Հայաստանում ներդրումները նվազում են մի քանի պատճառով. նախ՝ հարկային դաշտը Հայաստանում, մեղմ ասած, անբարենպաստ է, եւ 15 հարկատեսակի փոխարեն կարելի է սահմանել 5-6-ը: Լուրջ խնդիր է նաեւ տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունությունը. ե՛ւ տնտեսագետները, ե՛ւ մամուլը շատ են խոսել այն մասին, որ տնտեսական ոլորտի օրենսդրությունն այս տարիներին պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում՝ այդ փոփոխությունները շատ հաճախ կրել են հիմնավոր բնույթ: Բավական է միայն նշել, որ այս գումարման խորհրդարանը տնտեսական ոլորտի օրենսդրության մեջ 200 փոփոխություն է արել: Օտարերկրյա ներդրողներին վանող հանգամանք էլ արդարադատության ոլորտում տիրող վիճակն է՝ անկախ դատական համակարգի բացակայությունը. իրավիճակ, որի պարագայում օտարերկրյա բիզնեսն իրեն պաշտպանված չի զգում: Եւ, վերջապես, ամենակարեւորը՝ ԼՂ խնդրի լուծված չլինելը, Ադրբեջանի հետ կիսապատերազմական վիճակում գտնվելը, հարեւան պետությունների հետ սահմանների փակ լինելը չի կարող օտարերկրյա ներդրողների համար որեւէ կերպ գրավիչ դարձնել երկիրը: Ի վերջո, ցանկացած մարդ առաջին հերթին ապահովություն է փնտրում, առավել եւս, ապահովություն է փնտրում, երբ փորձում է իր գումարները ներդնել որեւէ երկրում: Իսկ մի երկրում, որտեղ մշտապես առկա է պատերազմի սպառնալիք, ապահովության մասին խոսելն անիմաստ է:
Ի դեպ, ստորագրվելիք հուշագրում դրույթ կա, ըստ որի, ներդրումային ֆոնդը «պարտավորվում է վեր հանել եւ բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները եւ դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը»: Ու վստահաբար կարելի է ասել՝ եթե կառավարությունը կարող է քաղաքական կամք ցուցաբերել, եւ ենթադրենք՝ տնտեսական, հարկային դաշտում, արդարադատության ոլորտում բարեփոխումներ անել, ապա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անելիքներ ունի առաջին հերթին Սերժ Սարգսյանը:
Իսկ մինչ այդ կառավարությունը, վարչապետը կարող են լավագույն դեպքում, խաղալով արտերկրի հայ գործարարների հայրենասիրական զգացմունքների վրա, համոզել նրանց՝ ներդրումներ անել Հայաստանում, բայց այդ ներդրումները մեծ ծավալների չեն հասնի, եւ հետո՝ այս իրավիճակում գործարարներն էլ երկար չեն դիմանա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿՈՃԱԿԻ ՔԱՆԱԿ
Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային, հայտարարել է. «Նոր Սահմանադրությամբ մի շարք կարեւորագույն օրենքներ պահանջում են նոր քանակական ցենզ՝ երեք հինգերորդ, դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն: Հետեւաբար, կա նաեւ, որոշ դեպքերում, նման համագործակցության սահմանադրական պահանջ»,-նշել է Աշոտյանը: Սա ենթադրում է, որ ՀՅԴ-ն նաեւ պետք է ՀՀԿ-ին, որպեսզի վերջինս կարողանա առանց որեւէ խոչընդոտի որոշումներ կայացնել ԱԺ-ում: Տեղեկացնենք՝ նոր խորհրդարանը կազմված է լինելու 105 պատգամավորից, եւ երեք հինգերորդը տվյալ դեպքում 63 պատգամավորն է: Քանի որ ՀՀԿ-ն ունենալու է 58 պատգամավոր, ՀՅԴ-ի 7 հոգին լուրջ օգնություն է լինելու այս հարցում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն ցանկանում է կոլաիցիա կազմել ՀՅԴ-ի հետ, որպեսզի կարողանա որոշումներ կայացնել. «Բնականաբար: Դա շատ պարզ է եւ հստակ, չեմ կարծում, որ այդտեղ զարմանալի բան կա, բնականաբար այդ կոալիցիաները ձեւավորվում են նաեւ՝ համապատասխան որոշումներ կայացնելու հարցում համապատասխան քվեներ ունենալու համար, բնականաբար խորհրդարանական կայուն մեծամասնությունը որքան մեծ թվով ձայներ ունենա, այնքան քաղաքական որոշումներ անցկացնելն ավելի հեշտ կլինի»,- նշեց Համբարձումյանը:
 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Պետական մարմինների աշխատակիցների անվան տակ քաղաքացիներից գումարներ շորթելու դեպքերը շարունակական բնույթ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վլադիմիր Ղազարովը ցանկացել է Երեւան քաղաքի Բրյուսովի 66 շենքի 1 հասցեում իր 3 սենյականոց բնակարանը փոխել այլ բնակարանով: Արդյունքում, նրան օգնելու համար քաղաքացի Ռուզաննա Ղալումյանը ներկայացել է որպես ՀՀ կառավարության աշխատակից ու խոստացել կլորիկ գումարի դիմաց գործը գլուխ բերել: Եվ ահա տեղեկացանք, որ Ռուզաննան Երեւան քաղաքի կառավարության թիվ 3 մասնաշենքի հարակից այգում Ղազարովից ստացել է ընդհանուր 1 միլիոն 738 հազար դրամ գումար, սակայն գործը այդպես էլ չի կատարել: Հավելենք, որ մի շարք քաղաքացիներ ներկայացել էին ՊՆ գեներալների անուններից եւ ժամկետային զինծառայողների ծնողներից երեխաներին բանակից ազատելու համար գումարներն էին շորթել:

 

 

«ԱՆՈՒՂՂԵԼԻՆԵՐԸ» ՇԱՐՔԻՑ
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է պետական անիմաստ ծախսերը կրճատելու մասին, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ դատական դեպարտամենտը 240 հազար դրամով անհատ ձեռներեց Հարություն Քեյմեթլյանից երկու դուռ է գնել: Առաջին հայացքից գումարի չափը կարող է քիչ թվալ, երբ հատկապես հիշում ես, թե ինչպիսի աստղաբաշխական թվեր են մեր պաշտոնյաները վատնել չնչին իրեր ձեռք բերելու համար, բայց ի վերջո պետք է գիտակցել, որ ամեն մի լումայի վրա դողալով պետք է տնտեսություն կառուցել եւ արդյունք ստանալ:

 

 
ԱՌՈՂՋ ԱԽՈՐԺԱԿՈՎ
«Մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, այդ կոնսուլտացիաների հանրայնացման փուլը դեռեւս չի եկել, աշխատանքային գործընթաց է, եւ այդ գործընթացի արդյունքների մասին պատշաճ կերպով կտեղեկացվի մեր հասարակությանը»,- անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններին՝ երեկ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը, թե մամուլում գրել են, որ ՀՅԴ-ի ախորժակն աճել է, Ա. Աշոտյանն արձագանքել է. «Ես թեպետ բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Բոլոր դեպքերում, որպես աշխարհայացքով բժիշկ՝ ասեմ, որ բարձր ախորժակն առողջության նշան է»:

 

 

ՀԵՏԸՆԹԱՑ Է
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հայտարարում է, որ 13 տարի շարունակ լավագույնս գործած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր նախագիծը հետընթաց է եւ չի արտացոլում կառավարության հայտարարած բարեփոխումները։ Կազմակերպության ղեկավար Լիանա Դոյդոյանը պնդում է, որ օրենքի նախագծում կառավարության կատարած փոփոխությունները ներառվել են առանց քաղաքացիական հասարակության մասնակցության։ «Պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ լրագրողական կազմակերպություններից, այնպիսի հասարակական կազմակերպություններից, որոնք այս 13 տարիների ընթացքում ակտիվ կիրառել են եւ նրանք են տեղյակ խնդիրներից, ոչ թե ինչ-որ պատերի ներսում գործող պետական պաշտոնյաներ, որոնք նստել եւ մշակել են մի նախագիծ, որը չի բխում իրական շահերից», – «Ազատությանն» ասել է Դոյդոյանը։

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉՍՏԱՑԱԾԸ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին երեկ քաղաքացիների ընդունելության ժամանակ դիմել է մարզի բնակիչ Քնարիկ Մնացականյանը՝ դժգոհելով, որ իրեն ընտրակաշառք չեն տվել: «Պարո՛ն մարզպետ, էն որ 10.000 դրամներն էին բաժանում, ինձ էդ էլ չտվեցին»,- դժգոհել է տիկին Քնարիկը: «Ի՞նչ 10.000 դրամներ»,-հետեւել է մարզպետի հարցը: «Էն, որ ընտրության ժամանակ բաժանում էին: Գյուղապետն ասեց՝ դու հանրապետականին չես ընտրում: Ես էլ՝ տեղս նեղ ա: Ով որ մեզ գրել էր, ասեցի, որ ես հանրապետական եմ ընտրելու, էլ ու՞մ պետք ա ընտրեի: Չհավատաց, ասավ՝ դու ինձ նեղացրել ես, խաբարն եկավ, ես քեզ չեմ տալու: Հարցը էդ 40.000 դրամը չի»:

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
Գործադիրի երեկվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2016թ. բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը: Ըստ այդմ, անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային եւ հանրապետական 108 կազմակերպություն, որից 37-ը՝ երկարաժամկետ, իսկ 71-ը՝ կարճաժամկետ ծրագրեր:




Լրահոս