ՍԴ-Ն ԿՄԵՐԺԻ ՆԱԵՎ ԱՅՍ ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում՝ դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը եւ այլն: Իսկ որ նման երեւույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարուցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բացի այդ՝ այս դեպքերին նաեւ ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները:
Չնայած պետք է նաեւ արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարեւոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում: ՍԴ-ն, միեւնույն է, մերժելու է նաեւ այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը վաղուց ի վեր դարձել է օրվա իշխանության սպասարկուն եւ կեղծված ընտրությունները «վավերացնողը». Գագիկ Հարությունյանն այդպես է վարվել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ հիմա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:

 

 

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ ախտորոշմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մուրադյանին մեղադրանք էր առաջադրել, եւ ուղարկել էին հարկադիր բուժման:

 

 

 
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»: «Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին եւ Օհանյանին համարում է սպարապետ: «Մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ: Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել»:

 

 

 
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Նախ` քաղաքապետարանը աշխատավայրի համար այս տարվա բյուջեով նախատեսել է տրամադրել 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը տրվելու է որպես պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ: Դե, հասկանալի է` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում էլ նա գլխավորելու է կուսակցության ցուցակը: Ու դժվար չէ ենթարդել` այդ հավելավճարները քաղաքապետարանը կտա ՀՀԿ-ին մեծ ձայն բերած իր աշխատակիցներին: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսել է գնել 24 կգ շոկոլադ` կիլոգրամը 6500 դրամով, սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ, տուփը` 2500 դրամով եւ այսպես շարունակ:

 

 

 
ՍԱՍտիկ անկում
Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները, որոնք խորհրդարանական կառավարման համակարգի անցնող մեր երկրի համար պիտի ունենային առանցքային կարեւորություն, եւ որոնք, ըստ իշխանությունների, աննախադեպ էին լինելու իրենց քաղաքական եւ որակական նշանակությամբ, իրականում եղան այդպիսին: Եթե 1995թ-ից ի վեր կեղծվող բոլոր համապետական ընտրություններից հետո գործընթացները քիչ թե շատ քաղաքական բնույթի էին լինում, ապա այս ընտրություններից հետո ամեն ինչ այնքան ճղճիմ է եւ գաղափարականությունից հեռու, որ անգամ կարուսելներով եւ քվեատուփերի գողությամբ ուղեկցվող նախկին ընտրություններին կարելի է կարոտել: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո կարծես թե մինչ այս պարսավելի բոլոր երեւույթներն այլեւս դարձել են սովորական, եւ դրանց, ըստ էության, ընդդիմացող էլ չկա:
Այսպես՝ եթե մինչ այս ընտրակաշառքների բաժանման հետ կապված ամեն ահազանգից հետո իշխանությունները գոնե հարկ էին համարում հայտարարել, որ իրենք դատապարտում են ընտրակաշառքի բաժանումը, ապա հիմա շատ հանգիստ արդարանում են. իսկ ի՞նչ է՝ միայն ՀՀԿ-ի բաժանա՞ծն եք տեսնում, մեզանից բացի՝ մյուսներ էլ են բաժանում: Եվ կամ՝ տնօրենների հայտնի ձայնագրությունների հետ կապված՝ ՀՀԿ ղեկավարներից նեղսրտում են, թե ինչու են միայն ՀՀԿ-ական տնօրենների իրականացրած ցուցակագրումները ներկայացվում, իսկ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների դեպքում դա չի արվում: Մեկ այլ խայտառակ երեւույթ. եթե ժամանակին ընտրություններին մասնակցող թեկնածուներից կանխավ ինքնաբացարկի դիմումներ պահանջելը համարվում էր չլսված ստորություն, ապա հիմա արդեն դա ընկալվում է որպես ընդունված պրակտիկա: Օրինակ՝ եթե մի քանի տարի առաջ լիներ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված պատմությունը, դա ուղղակի մեծ սկանդալ կդառնար եւ կցնցեր լրատվական դաշտը: Այսօր, սակայն, նման խայտառակությունը կորում է լրահոսում՝ շատ ավելի խայտառակ տեղեկությունների հորձանուտում:
Ընդ որում, վերջին օրերին այդքան քննարկվող «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրությունների թեման եւս կպարպվի-կանցնի, ու չի բացառվում, որ առաջիկայում նմանատիպ մի քանի այլ ձայնագրությունների հրապարակումից հետո արդեն այսպիսի դրսեւորումներն էլ դիտվեն որպես սովորական երեւույթ:
Եթե նախկինում այս ամենի շուրջ հանրային ընդվզումը կդրսեւորվեր, օրինակ, ինքնաբուխ մի հավաքով՝ թեկուզ ՍԱՍ սուպերմարկետներից մեկի առջեւ, ապա հիմա ակտիվ մասսան լիցքաթափվում է՝ ՍԱՍանելու, ՍԱՍտելու կամ ՍԱՍանյանների մասին Ֆեյսբուքում բառախաղեր անելով:




Լրահոս