ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիշքեքում ընթացող ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում չի ստորագրվել Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ԵՏՄ երկրներին չի բավարարել համաձայնագրի վերաբերյալ Իրանի պատասխանը: «Ո՛չ, չի ստորագրվել: Բայց պետք է աշխատել, քանի որ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»,-ասել է Շուվալովը: Թե իրանական կողմն ի՞նչ պատասխան է տվել այս համաձայնագրի վերաբերյալ, որ չի բավարարել ԵՏՄ անդամ երկրներին, Շուվալովը չի մանրամասնել:

Հատկանշական է փաստը, որ այս նախաձեռնության հեղինակը Հայաստանն է, որը ԵՏՄ անդամ երկրներից Իրանին սահմանակից միակ պետությունն է: Ու պետք է նկատենք, որ այս համաձայնագրի ստորագրումից եւ իրագործելուց առաջինը հենց Հայաստանը պետք է օգուտներ ստանար: Հիշեցնենք, դեռ 2016թ. օգոստոսին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ձեռք էր բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առեւտրային գոտու ստեղծման շուրջ: Այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտել էր, թե ԵՏՄ-ում համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա, եւ այժմ Հայաստանի հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածություն ունենալն է:
Այս ուղղությամբ քայլերը շարունակվել էին նաեւ նոր կառավարության օրոք, բայց արդեն Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների մակարդակով: Դեկտեմբերի 5-ին Թեհրանում ստորագրվել էր Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համապարփակ համաձայնագիր, որը ենթադրում էր Մեղրիում ազատ առեւտրի գոտու ստեղծում:
Այդ համաձայնագրի ստորագրումից եւ դրան հաջորդած Իրանի նախագահ Ռոհանիի` Հայաստան այցից հետո Սերժ Սարգսյանը ԵՏՄ բարձրագույն խորհրդի` 2016թ. դեկտեմբերի 25-ի նիստում խոսել էր ազատ առեւտրային գոտու ստեղծման նախաձեռնության մասին՝ պնդելով, որ Հայաստանի միջոցով հնարավոր կլինի խորացնել ԵՏՄ-Իրան տնտեսական հարաբերությունները: «Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը: Մասնավորապես ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների եւ Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար: Իրանի նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը: Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով՝ որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը,- ասել էր Սերժ Սարգսյանն ու հավելել,- ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք ներկայիս ֆինանսատնտեսական դժվարությունները, այլեւ Միությունն ամրապնդելով ներսից՝ կբարձրացնենք մեր ինտեգրացիոն միության միջազգային կշիռը:»:
Ու հիմա, փաստորեն, շատ անհարմար վիճակ է ստեղծվել. հայկական կողմի նախաձեռնությունը ԵՏՄ անդամ մյուս պետությունների քմհաճույքների պատճառով մնացել է օդից կախված: Դեռ ավելին՝ Հայաստանն այսօր չի կարող Իրանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններ կառուցել, ազատ առեւտրային գոտի ստեղծել` առանց ԵՏՄ մյուս երկրների համաձայնության, քանի որ ընդհանուր տնտեսական միավորման անդամ է:
Ի դեպ, երեկ այս թեմային անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանը` Բիշքեքում տեղի ունեցող ԵՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: «Մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարեւոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես Իրանի հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա: Միայն թե նկատենք՝ նրա արձագանքը նույնիսկ «թույլիկ» չի կարելի որակել. հավանաբար, Ս. Սարգսյանն այնքան է ոգեւորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերջապես Հայաստանի ներկայացուցչին` Յուրի Խաչատուրովին նշանակելու որոշմամբ, որ տնտեսական խնդիրներին հպանցիկ է անդրադարձել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Վերջապես Հայաստանի ներկայացուցիչը կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս հնարավոր նշանակման մասին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 5-ի համարում: Երեկ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում որոշում է կայացվել, որ մայիսի 2-ից այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ դեռ 2015 թվականից, սակայն հարցը հետաձգվեց մեկ տարով: Բայց 2016թ. ընթացքում էլ այդ նշանակումը տեղի չունեցավ: Ի դեպ, այն ժամանակ Հայաստանը ռոտացիոն կարգով ստանձնել էր ՀԱՊԿ նախագահությունը: 2016թ. ՀԱՊԿ երկու գագաթնաժողովներում այս նշանակումը հետաձգվեց տարբեր պատճառաբանություններով: Հոկտեմբերի 14-ին, երբ Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ նստաշրջանը, հարցը հանվել էր օրակարգից, եւ Սերժ Սարգսյանն ասել էր. «Հարցը կքննարկենք տարվա վերջին, Սանկտ Պետերբուրգում»: Բայց դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում եւս Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը չորոշվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բացակայության պատճառով:

 

 

 

ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
ՄԻՊ-ն իր ամենամյա զեկույցում անդրադարձել էր բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, թե արդեն կառավարությունում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որում անդրադարձ կա նաեւ այս խնդրին: «Շատ կարեւոր է խորհրդի ոչ քաղաքականացված լինելը եւ ուսխորհուրդների ոչ քաղաքականացված լինելը, եթե ուսանողների մեջ տվյալ ուսխորհուրդը հեղինակություն ունենա, պիտի քաղաքականացված չլինի, ես գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի դիտողությունը հիմնավոր կարող է լինել»: Նախարարը նաեւ ասել է, որ ուսխորհուրդներն իրենք չեն ընդունում քաղաքականացված լինելու մեղադրանքները: Բայց ինքներդ եք հասկանում` ուսխորհուրդները դարձել են ՀՀԿ երիտթեւի մասնաճյուղեր, եւ նրանց այդ պահվածքը բնական է. ո՞ր հանցագործն է խոստովանում, որ ինքը հանցագործ է:

 

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՏԵՐԸ
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ թվով անշարժ գույք է ձեռք բերել: Մասնավորապես Մկրտչյանը անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է բնակարան, 8 մլն դրամով՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 20 մլն դրամով՝ բնակարան, 30 մլն դրամով հասարակական նշանակության շինություն: Բացի այս՝ նա միաժամանակ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս: Մկրտչյանի փոխառության, վարկի գումարը անցած տարեվերջին կազմլ է 1 մլն 662 հազար 500 դրամ: Իսկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ եւ 70 հազար դոլար:

 

 

ԳՐԱՆՑԵՑ
ԿԸՀ-ն երեկ կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել Երեւանի ավագանու՝ 2017 թվականի մայիսի 14-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար գրանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ «Ելք» դաշինքի ներկայացրած ընտրական ցուցակները:

 

 

ՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆ, Ի՞ՆՉ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Դեսպանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է քվեարկության օրը եւ դրան հաջորդող օրերի ընթացքում ուսումնասիրված, առերեւույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դատախազությունում ուսումնասիրվել է շուրջ 2500 հրապարակում, 60 ահազանգ, որոնք ստացվել են դատախազության թեժ գծով, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժանումներում ստացված 309 ահազանգեր: Դեսպան Սվիտալսկիին երեկ ընդունել եւ ընտրախախտումների հետ կապված պատկերն է ներկայացրել նաե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

 

 

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ՝ ՀՀԿ-ԻՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ Աժ-ում հայտնել է, որ իրենք Սահմանադրական դատարան են դիմել ընտրությունների արդյունքները վիճարկելու 3 հիմքով՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքի բաժանում եւ ընտրողների վերահսկում: «Հավաքել ենք բավականաչափ նյութեր, որոնք ասում են, որ ամեն տեղամասում միջինը 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել, կույր է ունեցել, գյուղերում կույրերն ավելի շատ են: Արաբկիրի տեղամասում 100 հոգի կարիք է ունեցել ուրիշի՝ ՀՀԿ-ական դիտորդի օգնության: Փող բաժանողը, որպեսզի վերահսկի, եկել էր, տեղամասում դիտորդ էր աշխատում: 28 հազար դիտորդ տեսե՞լ եք: Մի տեղ կա, 25 տոկոսը ժողովրդի օգնությամբ է քվեարկել, մի տեղ 130 հոգու օգնել են: Իսկ ամենակայֆն այն է, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 100 տոկոսը, փաստորեն՝ բոլոր հոգեկան հիվանդները քվեարկել են իշխանության օգտին»:

 

 

ԲԱ ՄՆԱՑԱԾՆԵ՞ՐԸ
ՀՀ ՊՆ ՍԱՊԾ տեղեկացմամբ՝ այսուհետեւ մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական եւ սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ: Դրանք կիրազեկեն հանրությանն այն մասին, որ այդ խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տեղեկատվական այդ պիտակների առակայությունը նաեւ փաստում է, որ տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության, եւ որ դրա անվտանգությունը երաշխավորված է:




Լրահոս