Հայտնաբերվել են «ապօրինի գրանցված» ընկերություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք»,- սրանք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն են՝ հնչեցված անցած տարվա դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզում: Նշենք, որ ՀՀ տնտեսության գլխավոր ճյուղերից է հանքաարդյունաբերությունը, որը նաեւ աշխատատեղեր է ապահովում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ընդերքի բնագավառի պատասխանատուներն ինչպիսի զարգացման ծրագրեր են ձեռնարկել, իրականացրել են արդյոք ապահանջվող ստուգումները, ինչ արդյունք են դրանք տվել, եւ դրանցից բխող ինչպիսի հանձնարարականներ են եղել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների պաշտոնական կայքէջերն ուսումնասիրելով՝ «Ժողովուրդը» պարզեց, որ հրապարակված են օգտակար հանածոների արդյունահանման ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով թույլտվություն ստացած ընկերությունների ցանկերը՝ տրամադրման սկզբից մինչեւ ավարտ, իսկ ԲՆ կայքէջում տեղադրված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացությունները։

Ցանկից ընտրեցինք ՀՀ տնտեսապես թույլ զարգացած մարզերից որոշ ընկերություններ, որոնց տրամադրված թույլտվությունների, իրավունքների ու պարտավորությունների մասին գրավոր հացում ուղղեցինք վերը նշված նախարարություններին:

Ստորեւ ներկայացնում ենք հարցումներն ու դրանց պատասխանները՝ ավելի պարզ պատկերացնելու համար ոլորտում տիրող իրավիճակը:

ՀՀ էներեգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն ուղղված հարցում՝

«ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ», «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» եւ «Պոլիմետ կորպորացիա» հայ- կանադական ՀՁ» ՍՊ ընկերություններին տրամադրված ընդերքօգտագործման նպատակով ուսումնասիրության իրավունքները ներկայումս գործո՞ւմ են: Կատարո՞ւմ են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորություները: Նախկինում այդ ընկերություններում իրականացվե՞լ են ստուգումներ: Եթե իրականացվել են, ապա դրանց խախտումների վերաբերյալ ի՞նչ արաձանագրություն է կազմվել:

Նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ՝ որ համայնքների վարչական սահմաններում են ընդգրկված նշված ընկերությունների ուսումնասիրության իրավունքներով տրամադրված սահմանները, եւ արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացություն ստացել են, թե ոչ։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են հետեւյալը՝

1. «ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ին Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի միջին հոսանքի ավազանում գտնվող ընդերքի տեղամասի (ոսկի) երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար 2015 թվականի փետրվարի 18-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը տրամադրվել է ԵՀԹ-29/199 ուսումնասիրության թույլտվությունը: Ընդերքի տեղամասը գտնվում է մարզի Այգուտ, Մարտունի, Գետիկ եւ Թթուջուր համայնքներում: Ընկերությանը երկրաբանահետախուզական թույլտվություն տրամադրվել է դատական վճռի պահանջով, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացությունը նախարարությունում առկա չէ։

2. «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերեւակման սահմաններում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար նույն ժամանակահատվածում տրամադրվել է ԵՀԹ-29/205 ուսումնասիրության թույլտվությունը: Տրամադրված ընդերքի տեղամասը գտնվում է Ակունք համայնքում եւ 2015-ի փետրվարի 4-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացությունը ստացել է։

3. «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊԸ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակումում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար 2012-ի նոյեմբերի 6-ին տրամադրվել է ԵՀԹ-29/103 ուսումնասիրության թույլտվությունը, որի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ այս տարվա նոյեմբերի 6-ը: Այն գտնվում է Տավուշի մարզի Վազաշեն ու Վարագավան համայնքներում։ Ընկերության նկատմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության օրենսդրական պահանջ դրված չի եղել։

«ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ» եւ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» ՍՊ ընկերություններում ստուգումներ երբեւէ չեն իրականացվել: «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊ ընկերությունում իրականացվել է տեսչական ստուգում, որի արդյունքում արձանագրվել են խախտումներ, ու կազմվել է ակտ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը ոչ լիարժեք է իրականացրել պայմանագրով եւ ժամանակացույցով նախատեսված աշխատանքները։

ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված հարցում՝

«ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ» եւ «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊ ընկերությունները շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացությունը ստացե՞լ են: Նշված ընկերությունների մասով հասարակական լսումների վերաբերյալ հայտարարություններ կամ փորձաքննական եզրակացություններ տեղադրվե՞լ են ԲՆ էլեկտրոնային կայքէջում:

Ի պատասխան մեր գրավոր հարցի՝ հայտնել են հետեւյալը՝

«ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ» եւ «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊ ընկերությունների նախատեսվող գործունեության վերաբերյալ փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկմանը։

«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ վերը նշված ընկերությունների ղեկավարների հետ։ Սակայն մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին: Ուստի կապ հաստատեցինք այն համայնքների ղեկավարների հետ, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, գտնվում են ուսումնասիրվող տեղամասերը։

Գետիկի համայնքապետ Սարգիս Այունցը վստահեցրեց, որ «ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈՒՇՆՍ» ՍՊ ընկերություն գյուղում չի գործում, եւ ընկերությունն իրեն հայտնի չէ։

Նույն պատասխանները ստացանք նաեւ Այգուտ ու Մարտունի համայնքների ղեկավարներ Մխիթար Կարապետյանից եւ Արթուր Ասատրյանից։

Իսկ Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության մասին մեր հարցադրումը լսելով՝ արձագանքեց, որ նման ընկերության մասին ինքը տեղյակ չէ եւ չի հասկանում ինչի մասին է խոսքը։

Փաստորեն, նախարարություններից համապատասխան թույլտվությունները ընկերությունները ստացել են, սակայն ընդհանրապես դաշտում չեն աշխատել։
Մեր կողմից ուսումնասիրվող ընկերություններից միայն «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊ ընկերության գործունեությունից տեղյակ էր Վազաշենի համայնքապետը՝ Լորիկ Բադիրյանը, ով մեզ հետ զրույցում հավելեց, որ այն լուծարվել է դեռ 2015 թվականին՝ թողնելով հսկայական պարտքեր աշխատակիցներին-գյուղացիներին: Ավելին՝ պարզվում է՝ ընկերությունն առանց պայմանագրերի է աշխատեցրել քաղաքացիներին:

Այս ամենից կարող ենք գալ եզրահանգման, որ Հայաստանում նշված կարեւոր ոլորտը գտնվում է անմխիթար եւ բարձիթողի վիճակում: Հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞վ են զբաղված ոլորտի պատասխանատուները։

«Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊ ընկերության թույլտվությունը, ինչպես տեղեկացանք, տրամադրվել է 5 տարով: Այս տարիների ընթացքում իրականացվել է միայն մեկ ստուգում. 2015-ին արձանագրվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջի խախտումներ: Համայնքապետից տեղեկացանք, որ նույն տարում ընկերությունը լուծարվել է: Այսինքն՝ ավելի քան երկու տարի այս ընկերությունը չի գործում, մինչդեռ նախարարությունից հայտնում են դրա թույլտվության մասին: Այսինքն՝ տարիներ շարունակ նախարարությունն անգամ ստուգումներ չի իրականացրել՝ հասկանալու համար՝ այդ ընկերություններն ընդհանրապես գործում են, թե ոչ:

Պարզեցինք նաեւ, որ «ՄԱՅՆԻՆԳ ՍԼՈԻՇՆՍ» ՍՊ ընկերությանը թույլտվություն տրամադրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Բանն այն է, որ նախարարության պատասխանում հիշատակվում էր վարչական դատարանի վճռի մասին, որով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը պարտավորվել էր տրամադրել այդ թույլտվությունը։ Սակայն պահանջը կատարվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Իսկ գուցե այս ընկերությունների բիզնես-մտադրություններն ա՞յլ են: Համենայն դեպս, պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները նրանք չեն կատարում եւ պատասխանատվության չեն ենթարկվում: Փոխարենը այդ տարածքները պահում են ծանրաբեռնված վիճակում՝ թույլ չտալով մեկ այլ ներդրողի աշխատանքներ իրականացնել տվյալ վայրերում։

Տաթև Հարությունյան




Լրահոս