Հայկական հետախուզությունը տեղեկացրե՞լ էր բարձրագույն զինվորական հրամանատարությանը վտանգի մասին. ինչ ունենք քառօրյա պատերազմից մեկ տարի անց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԱՎ գրասենյակը երեկ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» անվանումով տեղեկանք է հրապարակել, որտեղ ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած մտահոգիչ իրավիճակը շտկելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը:

Դեռեւս անցած նոյեմբերին հրապարակված սկանդալային զեկույցում ներկայացնելով 61 զոհերի հրազատների հայտնած տեղեկությունները վերջիններիս մահվան հանգամանքների վերաբերյալ՝ ՀՔԱՎ ներկայացուցիչները նշել էին զինվորական տեխնիկայի անսարքության, անորակ վառելիքի մատակարարման, ռազմական կոնկրետ իրավիճակում զինամթերքի բացակայության, ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման եւ այլ խնդիրներ, որոնք, սակայն, պաշտպանության նախարարությունը շտապեց որակել որպես «ոչ պրոֆեսիոնալ» աշխատանքի արդյունք՝ նշելով, թե կոնկրետ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնք դեռեւս ընթացքի մեջ են:

Անցավ 6 ամիս, իսկ ապրիլյան պատրազմից էլ՝ ամբողջ մեկ տարի, սակայն ինչպես երեկ նկատեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը. «Մեկ հանրային լսում կամ քննարկում չի անցկացվել մեկ տարվա ընթացքում, որտեղ քաղհասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ զոհվածների հարազատները հնարավորություն կունենային մասնակցելու եւ հարցեր տալու՝ պատասխանատու պաշտոնատար անձինք պատասխանատվություն կրեցի՞ն, թե՞ ոչ»:

Ի դեպ, ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ: Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը:

Ներկայացված տեղեկանքում նաեւ մատնանշված է այն հանգամանքը, որ ապրիլյան հարձակման հետ կապված հակասական հայտարարություններ են արել Սերժ Սարգսյանը եւ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը. առաջինը պնդել էր, թե հարձակումը մեզ համար անակնկալ էր եղել, Օհանյանը, մինչդեռ, ասել էր, որ հայկական հետախուզությունը տեղեկացված է եղել հնարավոր հարձակման մասին:

Եվ ահա՝ այս հարցում եւս մինչ օրս չկա հստակություն. ի վերջո, հայկական հետախուզությունը տեղեկացրե՞լ է բարձրագույն զինվորական հրամանատարությանը վտանգի մասին, թե՞ ոչ:

Որքան էլ ցավալի է, սակայն այսօր՝ ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց, այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ, իսկ քաղաքական էլիտան զբաղված է մանդատների եւ պորտֆելների բաշխմամբ ու Երեւանի ավագանու ընտրություններով:

Այնինչ՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մի քանի օրից Արցախի սահմանին կսկսի նոր՝ լայնամասշտաբ զորավարժություններ, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ՝ պատերազմի նախօրեին:




Լրահոս