Ինչի՞ց է վախենում Տարոն Մարգարյանը՝ բանավեճից խուսափելով. ի՞նչ է նա թաքցնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը երեկ, հերթական անգամ ստիպված լինելով պատասխանել ընդդիմադիր թեկնածուների հետ բանավեճից հրաժարվելու մասին հարցին, լրագրողներին ասել է. «Մեր կատարած աշխատանքը, մեր ծրագրերը, մենք մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճն ինձ համար… Ես զարմանում եմ, որ անընդհատ նույն հարցն եք տալիս»: Նկատենք, որ հանրության համար էլ խիստ զարմանալի է այն հետեւողական մերժողականությունը, որ ՀՀԿ-ականները դրսեւորում են հրապարակային բանավեճի յուրաքանչյուր հրավերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ նույն պատկերն էր վերջին խորհրդարանական ընտրությունների շրջանում, երբ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերն այդպես էլ որեւէ հրապարակային դեբատի չմասնակցեցին՝ դրա համար ներկայացնելով տարատեսակ պատճառաբանություններ: Անշուշտ, հենց այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվող բազմաթիվ ընտրախախտումների վերաբերյալ փաստերը ցույց են տալիս, որ իշխանությունները կանխավ արդեն վստահ էին իրենց հաղթանակում, եւ հանրության համակրանքը նաեւ բանավեճերի միջոցով շահելու կարիք առանձնապես չէին տեսնում: Առավել եւս, որ կար շատ մեծ ռիսկ, որ հրապարակային դեբատների մասնակցելու դեպքում կարող էր ստացվել լրիվ հակառակ պատկերը:
ՀՀ-ում, իհարկե, դեբատների մշակույթն առհասարակ կայացած չէ, եւ անկախության 25 տարիների ընթացքում հիշարժան բանավեճերը՝ երկրի կարեւոր դերակատարների մասնակցությամբ, մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Ընդ որում, փաստ չէ, որ դրանց արդյունքում իշխանությունը հայտնվել է նվազ շահեկան դերում: Սակայն մտահոգիչն այն է, որ տարիների ընթացքում այս հարցում արձանագրվեց ոչ թե առաջընթաց, այլ կտրուկ հետընթաց, երբ բանավեճի հրավերների մերժումները հետզհետե սկսեցին ավելի ու ավելի ցինիկ եւ ոչ քաղաքական ձեւակերպումներ ստանալ:

Հիմա էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում՝ մենք մեր քարոզարշավն այսպես ենք կառուցել եւ վերջ: Իրականում շատ հեշտ է կանգնել հրահանգով նախընտրական հանդիպման բերված քաղաքացիների առջեւ եւ ամպագոռգոռ ճառեր ասել՝ վստահ լինելով, որ այդ մարդկանցից որեւէ մեկը չի համարձակվի անցանկալի հարցեր տալ կամ էլ անցած տարիներին արածի ու չարածի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացմամբ «նեղը գցել»: Այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչները տարբեր առիթներով նշում են, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերի ներկայացրած ծրագրերը պոպուլիստական են եւ անիրագործելի, մինչդեռ իրենց թեկնածուն եւ իրենց թիմն այս տարիներին արել են հնարավոր առավելագույնը: Եթե Տ. Մարգարյանը այդքան վստահ է, որ անցած 4 տարիներին իր կատարած աշխատանքը բավարար է, եւ առավել եւս՝ առաջիկայի ծրագրերն էլ՝ հիմնավոր, պիտի որ չխուսափի նախընտրական դեբատի մասնակցելուց եւ իր ընդդիմախոսների անիրատեսական խոստումների եւ «պոպուլիզմի դիմակը» պատռելուց:

 




Լրահոս