ԻՆՉՈՒ ՉՈՒՆԵՆՔ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետեւանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է եւ դժվար:
Թեեւ մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջեւ զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաեւ Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի եւ Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, եւ այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել: Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, եւ զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղեւորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար:

 

 
ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից եղան մարդիկ, որոնք բարձրաձայնեցին բաժանված ընտրակաշառքի մասին, ակնարկեցին ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեաթերթիկները կուսակից ընկերոջ օգտին դնելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հատուկ զգուշացրել էր, որ իրարից «ձայն գողանալ չկա»` երեւույթի դեմն առնելու համար պատասխանատու նշանակելով ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Հովիկ Հովսեփյանի հետ: «Չկա տենց բան: Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ այդպիսի բան չի եղել»,- շտապեց հերքել նա: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների քննադատություններին, Հովսեփյանն ասաց. «Դե, հիմա ես ի՞նչ անեմ: Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ով ինչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապես անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա»:

 

 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ, իրեն միլիցիայի հատուկ ջոկատի հրամանատար հռչակած Գրիշա Սարգսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին: Նա դիմել էր դատարան` պահանջելով, որ օրաթերթը հրապարակային ներողություն խնդրի հրապարակած տեղեկությունների համար: Խոսքն այն հրապարակման մասին էր, որ գրել էինք, թե ապրիլյան պատերազմի օրերին Գ. Սարգսյանը մեկնել էր դիրքեր, եւ այնտեղ «սելֆիդայինություն» արել, ու այդ պահվածքը դուր չէր եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ նրանք Գրիշա Սարգսյանին խորհուրդ էին տվել լքել զորամասը: Այդ հրապարակման համար նա դիմել էր դատարան, եւ շուրջ 10 ամիս տեւած դատական քննությունից հետո դատավոր Ռուբեն Ներսիսյանը նրա հայցը մերժեց, քանի որ հրապարակված տեղեկությունները չեն հանդիսանում վիրավորանք եւ չեն արատավորում հայցվորին, իսկ եթե անհանգստացնող են, ապա դա ժողովրդավարության դրսեւորում է:

 

 

 
Արտաշատում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են սպասվում. գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր, ուստի հրաժարական կտա: Սակայն դեռեւս հստակ չէ, թե ովքե՞ր են առաջադրվելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է, որը նաեւ Աբրահամյանների ազգականն է: Բայց հիմա այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն «ազատել» նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից: Մինչեւ ընտրությունները ՀՀԿ-ի հավանական թեկնածու էր համարվում Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, ակայն պաշտոնի դիմաց նա ՀՀԿ-ին այդ քաղաքից պետք է լուրջ ձայներ բերեր, ինչը չի հաջողվել: Հիմա ՀՀԿ-ն նոր թեկնածու է փնտրում: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց փոխքաղաքապետ Գ.Պողոսյանին, որն էլ ասաց. «Չեմ իմանում՝ ով ինչ մտադրություն ունի…մեր քաղաքապետը դեռ գալիս է աշխատանքի, մենք աշխատում ենք»:

 

 

 
ՉԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցությանը՝ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտարարել է, թե միգուցե լավ է եւ բարեբախտություն, որ Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել մինչ այժմ:
Ընդամենը երկու օրից, հիշեցնենք, լրանում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկի 8-րդ տարելիցը: 2009թ. ապրիլի 22-ին հայ հանրությունը մեկեն տեղեկացավ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը: Թե ինչ ընթացք ունեցավ այդ գործընթացը, հայտնի է բոլորին, եւ թերեւս Էստուկյանի հանգույն՝ պիտի կրկնենք, որ «միգուցե լավ է եւ բարեբախտություն», որ ֆուտբոլային կոչված այդ տխրահռչակ արկածախնդրությունը հենց նման հանգուցալուծում ունեցավ:
Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչ մարտահրավերների առջեւ կարող էր կանգնել Հայաստանը, եթե ունենար բաց սահմաններ ներկայիս Թուրքիայի նման մի երկրի հետ, որտեղ ահաբեկչական խմբավորումներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Արդյոք որեւէ մեկը կարող էր երաշխավորել, որ այդ դեպքում Թուրքիայից Հայաստան չէին ներթափանցի տարատեսակ ահաբեկչական տարրեր՝ փորձելով իրենց գործունեությունը ծավալել նաեւ Հայաստանի տարածքում: Նկատենք, որ Հայաստանում ապակայունացման օջախներ ստեղծելու հարցում շահագրգռություն ունեցողների պակաս չկա, եւ Թուրքիայից կամ առավել եւս՝ Ադրբեջանից բացի՝ այդ հնարավորությունից կշտապեին օգտվել նաեւ նույն Իսլամական պետության զինյալները եւ այլ ուժեր:
Մյուս կողմից էլ՝ Ցեղասպանության հարցում արձանագրություններում ամրագրված անընդունելի զիջման եւ սահմանների ճանաչման գնով գնալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ Հայաստանը վստահաբար կանգնելու էր կոտրած տաշտակի առաջ, քանի որ դա ոչ միայն տորպեդահարելու էր ճանաչման գործընթացը, այլեւ կարճ ժամանակ անց ամբողջովին փոփոխվելու էր էրդողանական սուլթանատի վերածվող երբեմնի ժողովրդավար այդ երկրի քաղաքակրթական վեկտորը՝ 0 խնդիրներ հաեւանների հետ կանցեպտի փոխարեն կանգնեցնելով 0 հարեւաններ՝ առանց խնդիրների իրողության առաջ: Սիրիայում ծավալվող արյունալի գործընթացը դրա ցցուն օրինակն է, եւ այն չէր կարող չունենալ իր չափազանց վտանգավոր ազդեցությունը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով նաեւ Սիրիայում հայկական համայնքի գործոնը:
Այնպես որ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ստորագրումից 8 տարի անց ստիպված ենք արձանագրել, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցումը չարյաց փոքրագույնն էր՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած անհեռատես քաղաքական ավանտյուրայի հնարավոր հետեւանքներից:




Լրահոս