«ԺԱՐԻՏ ԳՐԻՇԸ» ՊԱՐՏՎԵՑ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին: Նա դիմել էր դատարան` պահանջելով, որ օրաթերթը հրապարակային ներողություն խնդրի հրապարակած տեղեկությունների համար: Իսկ ի՞նչ էինք գրել մենք, եւ ինչն էր ցանկանում հերքել իրեն «թունդ ազատամարտիկ» համարող Գրիշա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը 2016 թվականի մայիսի 24-ին գրել էր, որ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց: Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայինություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է:
Մեր այս հրապարակումից 10 օր անց խիստ վրդովված Գրիշա Սարգսյանը, որը առավել հայտնի է «Ժարիտ Գրիշ» անունով, դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նշելով. «Օրաթերթում հրապարակված «Ժարիտ Գրիշը զորամասում» վերտառությամբ նյութում «Ժարիտ Գրիշ» արտահայտությունը ակնհայտ վիրավորական է ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, ազատամարտիկ, պահեստի գնդապետ Գրիշա Սարգսյանի նկատմամբ, քանի որ հրապարակային նրան նման մականունով կոչելը խիստ վիրավորական է»:
Նա իր հայցում նաեւ նշել է, թե մեր հրապարակած տեղեկության մեջ «Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց» ստահոդ տեղեկություններ են` նպատակ ունենալով ընթերցողների մոտ Գրիշա Սարգսյանի անձի վերաբերյալ բացասական տպավորություն՝ ծառայությունից խուսափողի համբավ ստեղծելու:
«Ժարիտ Գրիշը» նաեւ վիրավորվել է «ասողի դերում լինել» եւ «սելֆիդայություն անել» արտահայտություններից, որի մասով նա դատարանին հայտնել էր, թե արատավորել ենք իր արժանապատվությունը` հավելելով, որ զորամասերում «ասող» չկա, առավել եւս մարտական գոտում գտնվողների համար:
Այսպես կարելի է շարունակել նախկին ոստիկանի բացատրությունների շարքը, թե այն, ինչ հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը, զրպարտություն է: Եւ ահա նա դիմելով դատարան՝ պահանջել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին հերքել իր մասին զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակային ներողություն խնդրել:
Մինչդեռ մենք ունենք «ավելի դաժան» տեղեկություններ, որոնք չեն հրապարակվել այդ հոդվածում` հաշվի առնելով թեմայի նրբությունը, որն առնչվում է ապրիլյան պատերազմի օրերին հայ կամավորների գործունեությանն ու անձնազոհությանը:
Ահա այսպես՝ շուրջ 10 ամիս տեւած դատական քննությունից հետո գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը, վերլուծելով Գրիշա Սարգսյանի բացատրությունները, ինքը եւս կատարել է վերլուծություն: Մասնավորապես դատավորը նշել է. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Հենդիստն ընդդեմ Միացյալ Թագավորության» N 24, 49 պարբերության դատական ակտում սահմանել է, որ «արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է եւ նրա առաջընթացի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկն է: Պայմանով, որ այն համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության սահմանափակումներին: Այս ազատությունները կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլ նաեւ այնպիսիներ, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են: Դա է բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»:
Ըստ դատավարական վերլուծության՝ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված նյութով հաստատվում է, որ արտահայտությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորին, քանի որ դրանք կրել են լրատվամիջոցի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ, որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի, խոսքի ազատության սկզբունքներին եւ պայմանավորված օրենքի պահանջներով:
Ուստի դատարանն արձանագրել է, որ հրապարակած տեղեկության մեջ տեղ գտած արտահայտությունները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն, անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ, չեն հանդիսանում հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ, նույնիսկ լրագրողի կողմից հիշատակված արտահայտությունների միջոցով դրսեւորվել է սադրանք, դրանցում նշված առանձին արտահայտությունների տեսքով, որոնք հայցվորի համար վիրավորանք են կամ անհանգստացնող, սակայն դատարանն արձանագրում է, որ տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունների միջոցով լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքով:
Եվ ահա այս ամենը վերլուծելով՝ ապրիլի 14-ին գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է Գրիշա Սարգսյանի հայցը ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Հավելենք, որ ինքն իրեն միլիցիայի հատուկ ջոկատի հրամանատար հռչակած Գրիշա Սարգսյանը, որ պարբերաբար ՀՀ ոստիկանապետերին քծնելու ընդունակություններ է դրսեւորում, այս ընտրություններում սատարում էր «Ծառուկյան» դաշինքին: Թե ինչ շահեց դրանից դաշինքը, այդպես էլ անհայտ մնաց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում:
Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որեւէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ:
Իսկ ինչ փորձաքննություններ կարող էր նշանակել ԱԱԾ-ն, որպեսզի հասկանար, թե կալանավորված անձինք ինչ կապ ունեն զենքի հետ: Ըստ էության, քննիչները նշանակել են քրեագիտական կամ ձգաբանական փորձաքննություն, որպեսզի հասկանան՝ այն ռազմամթե՞րք է, թե՞ ոչ, գործարանայի՞ն արտադրության է, թե՞ ոչ, պիտանի՞ է օգտագործման համար, թե՞ ոչ:
Բնականաբար, փորձաքննություններից մեկը նշանակված է եղել մատնադրոշմայինի մասով, որպեսզի քննիչները հասկանան` կալանավորված անձանցից ինչ-որ մեկի մատնահետքը կա՞ հայտնաբերված զինատեսակի վրա, թե՞ ոչ:
ԱԱԾ-ում նաեւ փորձաքննության են ենթարկել գործով կալանավորված անձանց հագուստները, որի շնորհիվ հնարավոր կլինի գտնել կալանավորված անձանց կողմից զենքի հետ առնչվելու կապը: Եվ ամենակարեւոր փորձաքննություններից մեկն էլ, ըստ էության, վերաբերում է գենետիկական փորձաքննությանը, որի նպատակն է պարզել` եթե կալանավորված անձանցից մեկը գոնե մեկ անգամ կպած լինի զենքին կամ ուսումնասիրած լինի այն, ապա նրա քրտինքի նմուշները կմնան զենքի վրա, որն էլ իրավապահներին կօգնի հասկանալ, թե ինչ կապ ունի մարդը այդ «վտանգավոր առարկայի» հետ:
Հիմա կալանավորվածները չեն գտնում իրենց կապը այդ զինատեսակի հետ, մեզ մնում է սպասել` հասկանալու համար, թե ինչպես քննիչները կհիմնավորեն, որ Հայաստանում այդքան տարածված «Իգլան», իսկ ավելի ճիշտ՝ դրա խողովակը հանցավոր ճանապարհով Սամվել Բաբայանը պատվիրել է բերել Հայաստան:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆՈՒՅՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Ապրիլի 17-ին թշնամու արձակած գնդակից վիրավորում ստացած, Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

 

 

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ստացված ահազանգի հետքերով Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել էր Երեւանի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջնային եւ հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:

 

 

ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Անցած հուլիսին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին ապրիլի 19-ին «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնում վիրահատել են: Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշել է, որ իր պաշտպանյալի աչքի վիրահատությունը նորմալ է անցել, վիրահատությունից հետո նրան անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Տեղեկացնենք, որ աչքի վնասվածքը Խանդոյանը ստացել էր հենց 2016թ. հուլիսյան դեպքերի ժամանակ:

 

 

ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
Հատուկ քննչական ծառայությունը երեկ քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության սկանդալային ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության առթիվ։

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող, 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում եւ տեղափոխել ոստիկանություն: Թե ինչպես եւ ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են:

 

 

ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը չի ճանաչում սահմանադրական հանրաքվեի արդյունքները եւ պահանջում է չեղյալ համարել այն։ Կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը նախօրեին այս պահանջն արտահայտող դիմում է ներկայացրել գերագույն ընտրական հանձնաժողով։ Հարյուրավոր քաղաքացիներ եւս դիմել են հանձնաժողովին՝ իրենց դժգոհությունը արտահայտելով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։




Լրահոս