Ե՞ՐԲ Է, Ի ՎԵՐՋՈ, ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992թ.-ից ի վեր մայիսի 9-ը եռատոն է ողջ հայության համար: Անցյալ դարի 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին գումարվեց Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: Սակայն մինչ օրս չի հաջողվում օդային ուղեւորափոխադրումներ իրականացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ: Վերջին յոթ տարիներին ամեն անգամ մայիսի 9-ին ակտիվանում են խոսակցությունները Ստեփանակերտի օդանավակայանը վերագործարկելու շուրջ:

Երեւանից Ստեփանակերտ չվերթների իրագործման դեպքում ավտոմոբիլային փոխադրման համար պահանջվող 6 ժամի փոխարեն հնարավոր կլինի Արցախ հասնել 45 րոպեում՝ վճարելով 18-22 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ մինչեւ Լաչինի միջանցքի բացվելը, հայկական կողմից տրանսպորտային բոլոր փոխադրումները կատարվել են ավիացիայի միջոցով:
Ինչպես հայտնի է՝ 1974 թվականին կառուցված, սակայն 1992 թվականի փետրվարին ղարաբաղյան պատերազմի պատճառով գործունեությունը դադարեցրած Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները սկսվել էին 2008 թվականին: Օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2011 թվականի գարնանը: Սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ:
Այսօր էլ տեղի իշխանությունները վստահեցնում են, որ օդանավակայանի վերջնական շահագործման ուղղությամբ ջանքեր գործադրվում են՝ միաժամանակ ընդգծելով, որ տեխնիկական խնդիրներ չկան, եւ այն արդեն վաղուց պատրաստ է: Սակայն, ինչպես հայտնի է, առկա են քաղաքական խոչընդոտներ: Բանն այն է, որ Ադրբեջանը զգուշացրել է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում «հարվածներ կհասցնի իր օդային տարածքը խախտելու համար»:
Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը եւս պնդում է, որ օդանավակայանի գործարկումը ձգձգվում է քաղաքական պատճառով: Նրա խոսքով՝ առանց քաղաքական պայմանավորվածության հնարավոր չէ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնել: «Օդանավակայանը ոտքից գլուխ պատրաստ է, անձնակազմը պատրաստված է: Ես քաղաքական գործիչ չեմ եւ իրավունք չունեմ քաղաքականությունից խոսել: Ես չեմ կարող մեկնաբանել, դա ուղղակի քաղաքական որոշում է: Եթե կհիշեք՝ մենք դեռեւս 2010 թվականի մայիսի 9-ին պատրաստվում էինք թռիչքին, ավելին՝ նախագահն էլ ասաց, որ ինքն է լինելու առաջին ուղեւորը, բայց չկայացավ: Հիմա նույնն են պատճառները, որոնք խանգարեցին այն ժամանակ: Ինձ թվում է՝ 99 տոկոսով հիմա եւս դա չի կայանա, քանի որ այդ պատճառները մինչեւ հիմա գործում են»,- նկատեց Ադբաշյանը:
Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ լինում են պատվիրակություններ, որոնք Երեւանից ուղղաթիռով են թռչում Ստեփանակերտ: «Եթե ոչ ամենօրյա ռեժիմով, ապա ամսվա մեջ մեկ կամ երկու այդպիսի թռիչքներ լինում են: Եթե թռիչքները Երեւանից դեպի Ստեփանակերտ ռեգուլյար լինեն, իհարկե, դրանք կարող են իրականացվել նաեւ Գյումրիից: Դրա նպատակարհարմարությունը տնտեսապես կա: Նշեմ, որ Ադրբեջանի ապակառուցողական ահաբեկչական քաղաքականության շնորհիվ է, որ այդ հարցը այսպիսի ընթացքի մեջ է, բայց ուշ թե շուտ, իհարկե, Ստեփանակերտի օդանավակայանը վերաշահագործարկվելու է»,- հավաստիացրեց Դ. Բաբայանը: Նկատենք, որ ըստ մասնագետների՝ Հայաստանի՝ Արցախին առավել մոտ շրջաններում եւս պետք է գործեն համանման մի քանի օդանավակայաններ: Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ է, ինչ քննարկում են Ջերմուկում Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանների չափերին համապատասխանող օդանավակայան կառուցելու տարբերակը: Նախ՝ հեռավորությունը շատ հարմար է Երեւանից, առավելագույնս մոտ է Արցախին եւ բավարար հեռավորության վրա է ադրբեջանական եւ թուրքական սահմաններից: Ի դեպ, Ջերմուկ քաղաքը ժամանակին օդանավակայան ունեցել է, սակայն այն հիմա շահագործման համար պիտանի չէ: Իսկ նորի կառուցումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքերով ներառված է վարչապետին ներկայացված մարզի զարգացման ծրագրում:
Հայաստանը որպես տարանցիկ երկիր զարգացնելու հեռանկարային ծրագրերի հետ կապված` դիտարկվում է նաեւ Գորիսի օդանավակայանը «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններին այլընտրանք դարձնելու տարբերակը` հաշվի առնելով դրա հեռավորությունը եւ կապերը թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի հարավային շրջանների հետ: Սակայն Գորիսում քաղաքացիական օդանավակայան կառուցելու հարցը կարծես թե կրկին օդում կախված է մնում: Իսկ Շինուհայր օդանավակայանը (հայտնի է նաեւ որպես Գորիսի օդանավակայան), գտնվում է Գորիս քաղաքին կից Շինուհայր գյուղի մոտ: Նշենք, որ Շինուհայրի օդանավակայանը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այն ռազմական նշանակության օբյեկտ է եւ ՊՆ-ն Շինուհայրի օդանավակայանով չի կարող քաղաքացիական չվերթներ իրականացնել:
Փոխարենը՝ Սյունիքի մարզպետարանը խոստանում է, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Ավելին՝ համապատասխան ուսումնասիրություններն ավարտվել են, եւ արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել: Դե ինչ, սպասենք Երեւան-Կապան չվերթներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՇՈՏ ԵՐԿԱ՞ԹՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Կարեն Իսկանդարյանը համացանցում տեղեկատվություն է տարածել, որով ավետիս է արել, թե քիչ մնաց, շուտով Իջեւան քաղաքում, Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում կհառնի Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձանը: Ըստ նրա՝ Աշոտ Երկաթը կլինի ձիու վրա, արքայական թագով,աջ ձեռքին՝ խաչ: Արձանը կերտել է իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանը: Նկատենք, որ Աշոտ Երկաթին խաչը ձեռքին ներկայացնելը փոքր-ինչ անհասկանլի է, քանի որ նա քրիստոնեության տարածման հետ կապ չունի, ավելին` 10-րդ դարում իշխած Աշոտ Երկաթը ոչ քրիստոնեաբար է վարվել՝ կուրացնելով իր դեմ ապստամբած աներոջը՝ Սահակ Սեւադային եւ նրա որդուն: Աշոտ Երկաթի արձանի մանրակերտի լուսանկարը համացանցից օգտվողների շրջանում մեծ քննարկում է առաջացրել: Մեկը գրել է, որ Աշոտ Երկաթի հայացքը շատ խիստ է, Իջեւան այցելող զբոսաշրջիկները դրանից կվախենան մյուսն էլ, թե 9 մետրանոց բարձունքից հայոց թագավորի հայացքի խստությունն այդքան չի երեւա: Շատերը ողջունում են քանդակի ստեղծման գաղափարը եւ այն կերտելու վարպետությունը: Իջեւանի բնակիչ Արիս Բլբուլյանը համացանցում գրել է, որ այդ արձանն Իջեւանում տեղադրելը առաջնահերթ խնդիր չէ, հարկ է մարզկենտրոնում սելավատարներ կառուցել, որ անձրեւներից հետո քաղաքի փողոցներով գետ չհոսի, Իջեւանում ասֆալտապատում պետք է անել, քաղաքի լուսավորության ցանցը, քաղաքային այգին բարեկարգել: Դրան ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Կ. Իսկանդարյանը գրել է, որ արձանը կառուցվում է բարեգործների ֆինանսավորմամբ, նրանք են որոշել, թե ինչ նպատակով ծախսեն իրենց գումարները:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ապրիլի 13-ի որոշմամբ Արթուր Վանեսյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից: Վերջինս նախկինում աշխատել է որպես Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար: Իսկ մինչ այդ էլ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Մարզպետարանից ստացված տեղեկություններով՝ վերջինս պաշտոնից ազատվել է կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառով: Տեղեկություններ կան, որ Ս. Դավթյանը այսուհետ կպաշտոնավարի որպես Տավուշի մարզպետի խորհրդական: Հենց այդ պատճառով էլ պաշտոնից ազատվել է Ա. Վանեսյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԸ
Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի: Երեւանում ապրիլի 20-ի, 22-ի եւ 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին եւ 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:




Լրահոս