ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ազգ-բանակ-2017» համաժողովին, ելույթ ունեցել: Միայն թե ամեն նախադասությունից հետո ցանկություն է առաջանում նույն Սերժ Սարգսյանի նման բացականչել՝ իյա՜, իրո՞ք:

Սկսենք սկզբից. «Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որեւէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ եւ լուծումներ»,- իր ելույթի սկզբում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այս մտքի հետ. Հայաստանում եւ, ընդհանրապես, ամենուր համակարգային հարցերն անհնար է լուծել առանձին վերցված ոլորտի շրջանակներում: Բայց այս դեպքում ստիպված ենք լինելու բախվել մի իրողության. ակնհայտ փաստ է, որ այսօր Հայաստանում իշխանությունը լեգիտիմ չէ, ձեւավորվել է շարունակաբար կեղծված ընտրությունների արդյունքում (ընդ որում, այդ կեղծիքներն ամեն անգամ գնալով ավելի են կատարելագործվել), կոռումպացված իշխանությունը ծառայում է ոչ թե հասարակությանը, այլ որոշակի խմբի շահերին, չեն գործում Սահմանադրությունն ու օրենքները, եւ երկրում տիրող լրջագույն խնդիրները հենց այս ամենի հետեւանքն են: Սա, ի դեպ, միայն մենք չենք ասում, այլ հասարակության գերակշիռ մեծամասնությունն այսպես է մտածում: Այնպես որ, Սերժ Սարգսյանի մատնանշած եղանակով խնդիրներին մոտենալու դեպքում ստացվում է՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի. սա այն է, ինչի մասին խոսվում է արդեն տասնամյակներ շարունակ:
«Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:
…Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն եւ ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց եւ տղամարդկանց հնարավոր չէ որեւէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակելու զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:
…Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում»,- եւս մեկ մեջբերում Սերժ Սարգսյանի ելույթից, ու կրկին արձանագրենք՝ ամեն ինչ հրաշալի է ասված, միանգամայն ճիշտ դիտարկումներ:
Միայն թե նույն Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիների ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քաղաքացու միջից հանի երկրի հանդեպ տիրոջ զգացումը, եւ դա արվել է ընտրությունները կեղծելու, կեղծիքների դեմ բողոքի ալիքներն էլ բռնություններով լռեցնելու ճանապարհով: Արդյունքում, քաղաքացին ամեն անգամ տեսնելով, որ իր քվեն գողանում են, իր ձայնը վճռորոշ չէ, հուսահատվել է ու հիասթափվել. մի մասը հեռացել է, մի մասը՝ մնացել այստեղ ու համակերպվել ստեղծված վիճակին: Ասվածի ապացույցը Հայաստանում ահռելի չափերի հասած արտագաղթն է. բավական է միայն նշել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից մոտ 400-450 մարդ է հեռացել, մի հանգամանք, որը երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ: Ասվածի ապացույցը նաեւ վերջին խորհրդարանական ընտրություններն էին, երբ հասարակությունը զանգվածաբար նախընտրեց 10 հազար դրամ ընտրակաշառքն ու խելոք քվեարկեց վճարողի օգտին:
Եւս մեկ մեջբերում Սերժ Սարգսյանի ելույթից. «Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի եւ հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարեւոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին»: Կրկին պետք է նշենք, որ անվիճելի ճշմարտություն է ասված: Բայց այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ում պաշտոնավարման տարիներին Հայաստանում դպրոցական համակարգն ամրապնդվելու փոխարեն, ընդհակառակը, քայքայվել է: Հազիվ թե ընտրակեղծիքներ կատարող, ասել է, թե պետության հանդեպ հանցագործություն անող մարդը կարողանա արժանապատիվ քաղաքացի եւ հասարակության պատասխանատու անդամ դաստիարակել: Իսկ որ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների մի մասը հենց դրանով են զբաղված, հայտնի է ամենքին. ասվածի ապացույցը՝ նույն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ընտրակեղծարարության վերաբերյալ հարուցված քրեական գործերն էին: Եւ բացի այդ, անհնար է դպրոցական համակարգն ամրապնդել՝ այն կուսակցականացնելով, դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին ստիպելով ծառայել իշխանություններին: Վերջին հաշվով, ԱԺ ընտրություններից առաջ բացահայտված սկանդալը, երբ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն ինքնամոռաց զբաղվել են ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելով, մարդկանց ցուցակագրելով, կրթական համակարգի քայքայված լինելու հերթական ապացույցներից մեկն է:
Այնպես որ, Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ՝ անվիճելի ճշմարտությունները բարձրաձայնելուց բացի, դրանք իրագործեր: Այդ ամենի հետեւանքով առաջին հերթին շահում է պետությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐ՝ ԵՐԲԵ՛Ք
ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանեց. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»: Եւ քանի որ չէր բացառվում նաեւ, որ Թովմասյանը գուցե կրկին գործուղվի գործադիր եւ զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա հնարավոր. «Ո՛չ, երբեք»,- այսպիսի կտրուկ պատասխան տվեց Թովմասյանը եւ հրաժարվեց ըստ էության մեկնաբանել իր այդպիսի կտրուկ եւ վճռական պատասխանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին եղել է 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014 թվականի ապրիլը: Ինչեւէ, ըստ երեւույթին Հրայր Թովմասյանը վատ հիշողություններ ունի կապված այդ գերատեսչության հետ, եւ կրկին այնտեղ գործուղվելը վատ երազ է հիշեցնում նախկին նախարարին:

 

 

 

ՖԻՆԱՆՍԱՊԵՍ «ՍՊԱՌՎԵԼ ԵՆ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հսկայական գումարներ ծախսելուց հետո անգամ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն է «սպառվել» եւ, ըստ այդմ, որոշել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հույսը չդնել ընտրակաշառքների վրա եւ ձայներ ապահովել՝ օգտագործելով վարչական լծակները, ինչն ամենահեշտ եւ արդյունավետ միջոցն է քվեներ ձեռք բերելու համար: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով հիմնականում առաջադրել էր լուրջ ֆինանսական հնարավորություն ունեցողների, որոնք ընտրությունների ժամանակ բացել էին իրենց՝ տարիներով հորած քսակները եւ «լավություն էին անում»՝ ընտրակաշառքի տեսքով: Հիշեցնենք, որ դեռեւս որոշ ժամանակ առաջ «Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար: Այս գումարը ծախսվել է ե՛ւ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, ե՛ւ որպես ընտրակաշառք: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչական լծակների օգտագործման հիմքն արդեն իսկ երեւելի է. դրանում կհամոզվեք՝ նայելով ՀՀԿ-ի ավագանու ցուցակում ընդգրկված թեկնածուների պաշտոնները:
 

ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
ՀՀ Կոտայքի մարզում գտնվող Հրազդանի ցեմենտի գործարանի գնման գործընթացը դեռ գտնվում է փակուղու մեջ: Ցեմենտի գործարանի նոր տնօրեն Հարություն Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ցեմենտի գործարանի գնման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ վերջնական որոշում չկա: Հիշեցնենք, որ «ՎՏԲ Հայաստան» բանկը աճուրդի էր հանել Հրազդանի ցեմենտի գործարանը, գնորդը, նախնական տվյալներով, «Հայբիզնեսբանկ»-ն է: Նշենք, որ գործարանը այժմ չի աշխատում:

 

 

 
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում երեկ տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջեւ: Հայկական կողմը գլխավորել է ԱԳՆ սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը եւ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Խորհրդատվություններին կարծիքներ են փոխանակվել համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների եւ դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ:

 

 

 

ԱՆԳԼԵՐԵՆ Է ՍՈՎՈՐՈՒՄ
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը tert.am-ին տված հարցազրույցում ասել է.«Ազատ ժամանակս էապես ավելացել է, եւ հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում եւ Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարեւորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, եւ, հետեւաբար, անելիքի պակաս չի լինում։ Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք»:
 

 

ԵՐԿՈՒ ԶԵԿՈՒՅՑ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի հետ սերտ առնչություններ ունեցող «Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ» հետազոտական կենտրոնն անցյալ տարի կազմել է երկու վերլուծական զեկույց: Ըստ առաջինի, որը հասցեագրված էր Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը, համացանցով եւ հեռարձակող մամուլով անհրաժեշտ էր հորդորել ամերիկացի ընտրողներին՝ քվեարկել այն թեկնածուի օգտին, ով Բարաք Օբամայի վարչակարգի համեմատությամբ կունենա Ռուսաստանի հանդեպ ավելի մեղմ դիրքորոշում: Երկրորդ զեկույցում, ըստ Reuters-ի, ասվել է, որ ամենայն հավանականությամբ կհաղթի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, հետեւաբար՝ հարկ է դադարեցնել քարոզարշավը հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ կենտրոնանալ Քլինթոնի հավանական նախագահությունը վարկաբեկելու, ինչպես նաեւ ընտրախախտումների մասին պնդումներով ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը խարխլելու վրա:

 

 

ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ
Վրաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Աբխազիայով Հայաստան կատարվող բեռնափոխադրումը վերսկսվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վրացի քաղաքական վերլուծաբան, Բաթումիի նախկին փոխքաղաքապետ Գելա Վասաձեն՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, թե Մոսկվան հետաքրքրված է Աբխազիայով Հայաստան եւ Վրաստան բեռների տարանցմամբ: «Վրաստանի, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Բրյուսելի պատասխանը սրան լինելու է կտրականապես «ոչ»-ը, որովհետեւ խոսքը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության մասին է»,- ասել է Վասաձեն։

 

 

ՊԱՀԱՆՋԸ ԿՎԵՐԱՑՎԻ
Վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու եւ օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Հայաստան մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:




Լրահոս