«Այն, ինչ արվում է, լուրջ չի ստացվում». Վենետիկի բիենալեն ու մեր սուղ միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի «Viva Arte Viva» արվեստի միջազգային 2017թ. բիենալեում (մայիսի 13- նոյեմբերի 26) Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը եւ Միրո Պերսոլյան: Ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է: «Ժողովուրդ»-ը քանդակագործ Սահակ Պողոսյանի հետ զրուցել է բիենալեում Հայաստանի ներկայացվածության եւ մեր ունեցած սուղ միջոցների մասին:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ կարծիք ունեք այս տարի բիենալեին մասնակցող արվեստագետների գործերի մասին, որքանո՞վ է նպատակահարմար նրանց ներկայացվածությունը:

-Ես միայն Մեգալի որոշ գործերի եմ ծանոթ, ուստի նպատակահարմարության առումով ոչինչ չեմ կարող ասել: Ամբողջ խնդիրն այն է, որ չկա այն ինստիտուտը, որը նախապատրաստական աշխատանքներ կտանի, հանրությանը կիրազեկի, թե կոնկրետ ինչ գործեր են ներկայացվելու:

-Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակակից արվեստի հանդիպումը կոնյունկտուրայի հետ ամենագարշելի իմաստախեղումն է։ Կոնյունկտուրային արվեստն անգամ այդքան գարշելի չէ ինքնին, եթե մնում է իր տեղում։ Բարի երթ Վենետիկի հերթական բիենալեին։ 1995-ից ի վեր մի լավ առաջադիմել ենք»: Համաձա՞յն եք այս դիտարկմանը:

-Կոնյունկտուրան արվեստում նոր բան չէ, բայց մեզ մոտ առաջնորդվում են խորհրդային տարիներից մնացած իշխանական կոնյուկտուրայով, ըստ որի՝ որոշումներ են կայացվում` առանց հաշվի նստելու հասարակության հետ: Այս իրավիճակում մենք խաղից դուրս ենք մնում:

Եթե Հայաստանի անունն է շրջանառվում, մեր հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու` որ արվեստագետն է իր համար միջազգային արժեք ստեղծում:

-Նախորդ տարիների փորձից ելնելով` ինչպե՞ս կգնահատեք մեր ներկայացվածությունը Վենետիկի բիենալեում:

-Մասնակցությունը բիենալեին բավական ծախսատար գործընթաց է: Մեր ներկայացվածությունը լուրջ կազմակերպելու համար այն միջոցները, որոնք հատկացվում են, բավական քիչ են, իսկ այնպիսի հովանավորներ, որոնք տեղյակ են ժամանակակից արվեստի խնդիրներից, Հայաստանում դժվար է գտնել: Ուստի փորձ է արվում սփյուռքում եղած միջոցներով գործը գլուխ բերել:

-Բացի ֆինանսներից` է՞լ ինչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը բարձր մակարդակով ներկայանա բիենալեին:

-Նախ` եկեք նկատենք, որ բիենալեի բացմանը մի քանի օր ժամանակ է մնացել, սակայն այդ թեմայով զրույցները նոր են միայն ակտուալացվում: Այդպես չպետք է լիներ: Կամզակերպիչները բիենալեի մասնակից երկրներին երկու տարի ժամանակ են տալիս` պատրաստվելու համար: Ուստի այս իրավիճակում մարդիկ փորձում են հապճեպ եւ հարմար լուծումներ գտնել, անում են այն, ինչ հնարավոր է, ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է: Դրա համար էլ այն, ինչ արվում է, լուրջ չի ստացվում:

Եթե պետությունն իր վրա է վերցրել այդ պարտականությունը, պետք է համապատասխան ինստիտուտներ ստեղծի` լուրջ ներկայացվածություն ապահովելու համար: Չէ՞ որ, օրինակ, սպորտային օլիմպիադաներին մեր մարզիկները տարիներով պատարստվում են:

Նույն կերպ պետք է աշխատեն արվեստագետները: Դա հետեւողական աշխատանք է, որն իրականացնում է նախեւառաջ պետությունը: Ես գիտեմ, որ, օրինակ, Ադրբեջանը, Վրաստանը շատ լավ են պատարստվում բիենալեին, արդեն ունեն տարիներով մշակված համակարգ: Նույնիսկ ճանաչում եմ 2-3 ադրբեջանցի արվեստագետի, որոնց գործերը միջազգային ասպարեզում բարձր վարկանիշ ունեն, եւ դա հենց բիենալեի արդյունքն է: Մեզ էլ են անհրաժեշտ համապատասխան պայմաններ` բիենալեն տրամպլինի վերածելու համար:

Հավելենք, որ Վենետիկի բիենալեում Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությամբ: Բրյուսելում բնակվող լիբանանահայ քանդակագործ եւ նկարիչ Ժան Պողոսյանը կներկայացնի «Անշեջ կրակ» կոչվող ցուցադրությունը: Իսկ հայկական տաղավարի 3-րդ մասնակից, իտալաբնակ սլովենացի Միրո Պերսոլյայի «Առանց սահմանի» ցուցադրությունը կարմիր եւ կապույտ գույների համադրությամբ ընդգծում է արվեստի սահմաններ չունենալը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս