«Փոլադ Բյուլբյուլ օղլին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի ամենախայտառակ թեկնածու». ԵՀՄՖ-ն դիմել է պատվիրակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլու թեկնածությունը անընդունելի է ԵՀՄՖ-ի կողմից: Նրա թեկնածության առաջադրումն արդեն իսկ հակակրանք է առաջացրել շատերի մոտ: ԵՀՄՖ-ն ստորև ներկայացվող տեքստի անգլերեն պաշտոնական տարբերակը ուղարկել է քվեարկության անդամ երկրների պատվիրակներին՝ կասեցնելու նրա ընտրվելու թեկուզև չնչին հնարավորությունը:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են ինը թեկնածուներ:

ՄԱԿ-ը պաշտոնապես հայտնել է, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու։ ՄԱԿ-ը հաղորդել է, որ առաջադրված ինը թեկնածուներից մյուսները հետևյալ երկրներից են՝ Վիետնամ, Գվատեմալա, Եգիպտոս, Իրաք, Քաթար, Չինաստան, Լիբանան և Ֆրանսիա: Հաջորդ ամիս, ապրիլին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նիստում անցկացվելու են հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ: Հոկտեմբերին տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն, իսկ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունելու է վերջնական որոշում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարի` գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետն ավարտվելու է այս տարեվերջին: Տեղեկանալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին՝ հայտնում ենք, որ մեր խորին համոզմամբ ոչ միայն անհասկանալի է նշված անձի թեկնածության առաջադրումը նման բարձրագույն, պատասխանատու և հումանիտար պաշտոնի համար, այլև առաջադրումն ընդհանրապես անթույլատրելի է հետևյալ պատճառաբանությամբ.

1. Ինչպես կարող է նման պաշտոնի հավակնել մի մարդ, որը ներկայացնում է մի պետություն, որտեղ ընդհանրապես արհամարհվում են ոչ միայն մարդու իրավունքներն ու ազատությունները, այլև խոսքի ազատությունն ու ազատ կամարտահայտությունը, պետություն, որտեղ սեփական մտացածին պատմությունից և մշակույթից այն կողմ ոչինչ հարգել, պահպանել չեն կարող, պետություն, որն ունակ է ոչ միայն մասնակցելու և իրագործելու մի ազգի ցեղասպանություն, այլ ունակ է իրագործելու մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով մի ամբողջ պատմական դարաշրջան ներկայացնող հայկական անգնահատելի խաչքարերը:

2. Ինչպես կարող է միջազգային հանրությունը նման անարդարացի կերպով վերաբերվել համաշխարհային պատմամշակությային անգնահատելի արժեք հանդիսացող հայկական խաչքարերի ոչնչացման փաստին, սակայն հավուր պատշաճի ներկայացնել և քննարկման առարկա դարձնել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից վերացված Պալմիրայի հնագույն հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասն ու տետրապիլոնի սյուները, ինչպես նաև «Թալիբան»-ի կողմից Աֆղանստանում տեղի ունեցածը:

Մի՞թե արդարացի է նման մոտեցումը, ուշադրության արժանացնել Պալմիրայի հուշարձաններին, իսկ հայկական խաչքարներին` ոչ: Ամփոփելով վերը շարադրվածը մենք կարծում ենք, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն չի կարելի վստահել նման բարձր պաշտոն, նա չի կարող ներկայացնել մի կազմակերպություն, որի հիմնական նպատակն է ազգերի համագործակցության միջոցով նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, քանի որ մշակութային ցեղասպանությունը անհամատեղելի է ազգերի մշակութային համագործակցության հետ:

Մենք կոչ ենք անում քվեարկության բոլոր մասնակիցներին դեմ քվեարկել Փոլադ Բյուլ-բյուլ օղլու թեկնածությանը:

ԵՀՄՖ-ի նախագահ

դոկտոր Աշոտ Գրիգորյան

29.04.2017 Բրատիսլավա, Սլովակիա




Լրահոս