ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդասարովի գինու-կոնյակի գործարանը սնանկ է ճանաչվել. ինչ է պատմում հայտնի օլիգարխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Ոգելից ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը հանդիսանում է «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որի հիմնադիրն էլ գործարար Միկա Բաղդասարովն է:

ՀՀ ՊԵԿ-ը այս տարվա հունվարի 1-ին դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել է պատասխանող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկություն ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ընդամենը մոտ 2 մլն դրամ: Սակայն այդպես էլ ո՛չ ընկերության տնօրենն է հայտնաբերվել, ո՛չ ՍՊԸ-ին պատկանող գույքն ու դրամական միջոցները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հունիսի 6-ին: Տարիներ առաջ Միկա Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Այժմ, սակայն, Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկանում են:

Ծնունդով ղարաբաղցի, գործարար Միկա Բաղդասարովը Հայաստանում բիզնեսով սկսել է զբաղվել դեռ 1990-ականներից, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Իսկ արդեն 1998թ. հեղաշրջումից հետո, երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարովը գլխապտույտ արագությամբ սկսեց բիզնեսն ընդլայնել` հիմնականում օֆշորային գոտում գրանցված իր ընկերությունների անունով. նրան տրվեց հեղուկ վառելիք Հայաստան ներկրելու մեծ քվոտա, հետո իշխանությունների միջամտությամբ սնանկացված պետական «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: Դրա հիման վրա ստեղծվեց «Արմավիա»-ն, այն էլ` ազգային փոխադրողի կարգավիճակով:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս