Տարոն Մարգարյանը չի՞ պատրաստվում ներողություն խնդրել. հանուն PR-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ ողջ լրատվական դաշտն ու համացանցը թնդում էր Դավիթաշենում էտված ծառերի մասին լուրերով: Այս դեպքն արժանացավ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությանը. ծառերի էտման դեպքին հարկ համարեց արձագանքել ոչ միայն  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանը`  այն վանդալիզմ որակելով: Եվ սա այն դեպքում, երբ ամեն օր և ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել այդպիսի դեպքերի, սակայն դրանցից ոչ մեկն էլ չարժանացավ պետական մակարդակով այդպիսի ուշադրության:

Այդ դեպքից հետո համացանցում շարունակ հրապարակվում էին արդեն այլ վայրերում էտված ծառերի լուսանկարներ, սակայն դրանցից և ոչ մեկն այդպիսի հնչեղություն չստացավ: Ուշագրավն էլ այնն է, որ այդ հնչեղությունից հետո էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը ձերբակալվեց և դա այն դեպքում, որ նա ամեն կերպ փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, և  դրանք պարզապես էտել է: Եվ մինչ ամեն կերպ փորձում էին համոզել, որ այդ ծառերն այլևս չեն կանաչի, սակայն մի քանի օր անց հակառակն ապացուցվեց:

Իսկ այսօր էլ պարզ դարձավ, որ երկու ամսով կալանավորված քաղաքացին ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է`  չհեռանալու մասին ստորագրությամբ:  Ստացվում է, որ ողջ աղմուկն ու անհարկի շահարկումները շոու էր`  Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից բեմադրված: Վերջինս, հիշեցնենք, նույնիսկ էտված ծառերի համար նիստ էր հրավիրել: Եթե շոու չէր, ապա պետք է նման ուշադրության արժանանային նաև այլ էտված ծառերը, իսկ քանի որ չարժանացան, վկայում է ասվածի մասին:

Իսկ այժմ նույն խրոխտությամբ պաշտոնյաները չե՞ն պատրաստվում ներողություն խնդրել Ալեքսան Սամսոնյանից` նրան անտեղի ազատությունից զրկելու համար, ով նույնիսկ չէր հասցրել ասել, որ անմեղ է:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Դավթաշեն 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել եւ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1966թ. ծնված Ալեքսան Սամսոնյանը՝ հիմնավորմամբ, թե նա կտրել է 23 բարդի տեսակի ծառեր: Ծառերի հատման վնասը բնապահպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը հաշվարկել են շուրջ 2 մլն դրամ: Մինչդեռ քաղաքացին իր կողմից տնկած ծառերն ընդամենը խորը էտել էր, որը շուտով կաճի:




Լրահոս