ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը այս անգամ կարծես թե այլ մարտավարությամբ եւ այլ տրամաբանությամբ է անցկացվում. սակավաթիվ ներկայացուցչական կազմով եւ ՀՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ: Որն է այդ փոփոխության պատճառը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն այս անգամ կարծես թե այլ տրամաբանությամբ եք անցկացնում, համեմատած նախորդների հետ՝ շատ պասիվ եք: Ինչո՞ւ: Սա ի՞նչ նոր մարտավարություն է:
-Ո՛չ, մենք նույն ձեւ ենք անում, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա ես եղել եմ շտաբի պետ: Պարզապես այս անգամ հանդիպումների քանակն ավելացրել ենք, նախկինում երեք հանդիպումներ էինք անցկացնում, իսկ հիմա 4-6:
-Համենայն դեպս, նկատելի է, որ քարոզարշավներն անցկացնող ներկայացուցչական կազմը սակավացել է, եւ Տարոն Մարգարյանի հետ քիչ թվով մարդիկ են հանդիպումներ անցկացնում քաղաքացիների հետ:
-Նման բան չկա: Ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա գնում են բացառապես ավագանու թեկնածուները եւ Տարոն Մարգարյանը:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները ֆինանսապես սպառվել են, ուստի ավագանու ընտրությունների ժամանակ մեխը ոչ թե ընտրակաշառքի վրա եք դնելու, այլ վարչական լծակների: Կպարզաբանե՞ք:
-Հանրապետական կուսակցությունը երբեք մեխը ընտրակաշառքի վրա չի դրել, չկա նման բան, մենք մեխը դրել ենք մեր ծրագրի, մեր քաղաքական թիմի, մեր կազմակերպչական մեծ կառույցների եւ մեր գաղափարախոսության վրա:
-Սկանդալային ձայնագրությունների «հերոս» տնօրենները եւս տեղ են գտել ավագանու ձեր ցուցակում…
-Ի՞նչ անենք: Նրանք մեր կուսակիցներն են, Դուք նրանց արդեն հանցագործ եք համարում:
-Հանրության կողմից նրանք մեծ քննադատության արժանացան: Դրանից հետո ձեր ավագանու ցուցակում նրանց ընդգրկելով՝ ի՞նչ եք ցանկանում ասել:
-Ո՛չ, հանրության կարողա մի մասի կողմից: Հանրությունն իր գնահատականը ընտրությունների միջոցով տվել է բոլոր կուսակցություններին:
-Իսկ ինչո՞ւ եք սիմվոլիկ տեղեր հատկացրել նրանց, հիմնականում ոչ անցողիկ տեղերում են հանգրվանել:
-Նրանք մեր կուսակիցներն են, եւ մենք ներկայացրել ենք 195 հոգանոց ցուցակ:
-Ավելին՝ ձեր ցուցակում ընդգրկվել է նաեւ Երեւանի թիվ 192 դպրոցի տնօրենը, ով 2013 թվականին արժանացավ խիստ նկատողության՝ դպրոցում ծնողական ժողովը քարոզչության վերածելու համար: Այն ժամանակ իշխանությունը դատապարտեց այդ արարքը, իսկ հիմա գնահատո՞ւմ եք:
-Թող քար նետի նա, ով որ մեղավոր չէ:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հայտարարում էր՝ պիտի փոխվենք, ու հիմա հանրության կողմից դատապարտված այդ տնօրեններին ընդգրկելով ձեր ցուցակում՝ ա՞յդ կերպ եք ուզում փոխվել, չկար մեկը, ով կարդարացներ նրանց արարքը:
-Ես Ձեզ հետ համամիտ չեմ, որ չկար մեկը, ով կարդարացներ նրանց:
-Արդարացնողները միայն հանրապետականներն էին:
-Ինչո՞ւ, հանրապետականները քաղաքացիներ չե՞ն:
-Բայց դա արդեն օբյեկտիվ արդարացում չէր…
-ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ին ձայն տվածները լայն մեծամասնությունն են մեր հանրության, դա ցույց տվեցին մեր ընտրությունները՝ շուրջ 800 հազար ձայն: Ուրեմն ժողովուրդը իր քվեարկությամբ բոլոր հարցերի պատասխանները տվեց, երկրորդ՝ դպրոցների թեման հանգիստ թողնենք, իրավապահ տիրույթում է, այնտեղ ընդամենը դատախազությունը մի հարցով է գտել, որ պետք է անել քննություն: Երրորդը՝ մեր դպրոցի տնօրեններից երեսունը դիմել են դատարան համապատասխան անձի դեմ, եւ խնդիրը գտնվում է այնտեղ: Մենք էլ, որպես կուսակից ընկերներ, նրանց պետք է բարոյական աջակցություն ցույց տանք: Դպրոցի այդ տնօրենները հանցագործներ չեն:
-Նման կերպ եք բարոյական աջակցություն ցույց տալի՞ս:
-Այդ կերպը ո՞րն է: Ո՛չ, սա իրենց կուսակցական պարտականությունն է: Այնպես չէ, որ դպրոցի տնօրեններին հարցերը տվողը նրանցից ավելի լավ քաղաքացի է, շատ հարցական է, թե ով է ավելի լավ քաղաքացի: Եւ խնդրում եմ՝ անմեղության կանխավարկածը հարգել եւ մարդկանց միանգամից հանցագործի պիտակ չկպցնել:
-Հիմա՞ էլ Երեւանի ավագանու ընտրություններում պետք է աշխատեն այդպես եւ ցուցակագրում անե՞ն:
-Բա ի՞նչ պետք է անեն: Այսինքն՝ եթե քո ընկերն առաջադրվել է ընտրությունների ժամանակ, դու քո հարեւանին ասես՝ խնդրում եմ, նրան ընտրիր, դրա անօրինականը ո՞րն է:
-Տնօրեններից մեկն անգամ խոստովանում է, որ ճնշում է գործադրել, դա չի՞ համարվում ճնշում քաղաքացու ազատ կամարտահայտման վրա:
-Ամեն ինչ նորմալ է, այնտեղ որեւէ մեկը աշխատանքային ժամին չի արել, հիմնականում, եթե օրենքը խախտել են, թող պատժվեն, եթե օրենքը չեն խախտել, պետք չէ Հռոմի Պապից կաթոլիկ լինել: Բացառապես օրինականության կողմնակից ենք, եւ դպրոցի տնօրեններն էլ ՀՀԿ-ի անդամ են, եւ շատ նորմալ է, որ իրենք ոչ աշխատանքային ժամին քարոզեն ՀՀԿ-ի համար, բա հո Բարգավաճի, Դաշնակցության կամ ՀԱԿ-ի համար չէին քարոզելու: Ինչո՞ւ ընդդիմությունը չի ցուցակագրում: Ես շտաբի պետ եմ, դա կազմակերպչական աշխատանք է: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ցուցակագրելու մեջ, եղբա՛յր, անօրինական բան չկա: Դիմացինին համոզելու մեջ էլի անօրինական բան չկա, իմ գործը որպես քաղաքական գործիչ քեզ համոզելն է, որ գաս, ինձ ձայն տաս:
-Միայն նախընտրական հանդիպումների ժամանակ ներկայացվող ծրագրերով եւ կատարած աշխատանքով…
-Այո՛, իսկ ո՞վ է ասել, որ տնօրենները նախընտրական քարոզչությունը խախտել են, Դուք արդեն որոշել եք, որ իրենք խախտե՞լ են:

 

 

 
ԼԵԳԻՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՂՆԵՐՆ ԵՆ ՕԳՆՈՂՆԵՐԸ

Այսօր՝ ժամը 10:00-ին, Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով կսկսի քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 14-ին դիմել էր ՍԴ՝ վիճարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը: ՍԴ-ն դաշինքի դիմումը պետք է քննի 15 օրվա ընթացքում ու որոշում կայացնի մինչեւ ապրիլի 29-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դաշինքի անդամ, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից պարզել, թե ի՞նչ սպասելիքներ ունեն Սահմանադրական դատարանից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, եթե դատարանը մերժի հայցը:
«Դատարանից մենք մեծ սպասելիքներ չունենք, բայց դա ոչ մի նշանակություն չունի, կարեւոր է, որ մենք ներկայացնենք մեր հայտնաբերած բոլոր խախտումների վերաբերյալ ինֆորմացիան»,- ասաց Աբրահամյանը: Դիտարկմանը, թե սպասելիքներ չունենալու դեպքում էլ ո՞րն է ՍԴ դիմելու իմաստը, ՀԱԿ գործադիր քարտուղարը պատասխանեց. «Սպասելիքները մեծ չեն Սահմանադրական դատարանից, ոչ թե որովհետեւ մեր հայցը թույլ է, մեր հայցը շատ ուժեղ է՝ հիմնավոր, բոլոր փաստարկներով հագեցած, պարզապես Սահմանադրական դատարանը գիտենք, թե Հայաստանում ինչ դեր է կատարում, դա է խնդիրը: Թե չէ կապ չունի մեկը մյուսի հետ»:
Թե ի՞նչ քայլերի կդիմեն մերժվելու դեպքում, Աբրահամյանը չմանրամասնեց, ասաց, որ դրա վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ կկատարեն ՍԴ-ի նիստից հետո:
Նկատենք, որ վերջին շրջանում անգամ իշխանության ներկայացուցիչները կուլիսային խոսակցությունների ժամանակ քմծիծաղով հայտարարում էին, որ դաշինքը իր այդ դիմումով օգնեց ՀՀԿ-ին, վերջինս ժամանակ շահեց` ծանրութեթեւ անելու եւ պաշտոնների ու մանդատների բաշխումն ավելի լավ հաշվարկված եւ հանգիստ իրագործելու համար` հաշվի առնելով նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Այս ամենը Աբրահամյանը որակեց աբսուրդ՝ նշելով. «Իշխանությանը օգնեցին բոլոր այն ուժերը, որոնք առանց երկար-բարակ մտածելու հայտարարեցին, թե տեղի են ունեցել լեգիտիմ ընտրություններ, այ, նրանք օգնեցին իշխանությանը, դա ակնհայտ է: Իսկ ձեր ասածի հետ կապված՝ իշխանությունը գուցե մրմուռը սրտում է նման բան ասել»,- եզրափակեց Աբրահամյանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
«ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունների ներսում ներքին «ռազբորկաները» շարունակվում են: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունն իր օգտին գրանցած ՀՀԿ-ն սկսել է իր թեկնածուներից հաշիվ պահանջել, թե կուսակցության գանձարանից նրանց տրամադրած գումարները որտեղ են ծախսել: ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Արման Սահակյանը եւ Տավրոս Գեւորգյանը ամենավատ իրավիճակում են հայտնվել: Կուսակցությունը նրանցից պահանջում է պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ նրանց տրամադրված բավականին մեծ գումարները չեն ծառայել նպատակին, եւ նրանք այդ գումարներին համապատասխան ձայներ չեն ապահովել: Թե ինչով կավարտվեն գործընթացները, ժամանակը ցույց կտա:

 

 

 

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Երեկ ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը որոշել էր Ծիծեռնակաբերդ այցելել եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգել երկու անգամ: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ նա առաջին անգամ Ծիծեռնակաբերդ եկավ առավոտյան Սերժ Սարգսյանին ուղեկցող օրենսդիրի եւ գործադիրի պաշտոնյաների հետ, երկրորդ անգամ՝ մի փոքր ավելի ուշ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատվիրակության հետ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ էր պայմանավորված երկու անգամ Ծիծեռնակաբերդ այցելելը. «Չեմ գնացել ստեղից: Օլիմպիական կոմիտեի հետ եմ եկել»,- պարզաբանեց Ռոստոմյանը, իսկ մեր այն դիտարկմանը՝ երկու քարի արանքու՞մ է մնացել՝ Գագիկ Ծառուկյանի եւ իշխանության, նախարարը պատասխանեց.«Ո՛չ, ընդհանրապես»:

 

 

 

ԽՄԵԼ, ՔՎԵԱՐԿԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան է ուղարկվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում կրկնակի քվեարկության փորձի առթիվ հարուցված քրեական գործերից եւս մեկը: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Աշոտ Առաքելյանը: Նա ապրիլի 2-ին՝ ժամը 09-ի սահմաններում, քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, մի քանի ժամ անց՝ 12:00-ի սահմաններում, կիկին գնացել է նույն ընտրատեղամաս, որ կրկին ընտրի, սակայն ինքնությունը ստուգող սարքի ազդանշանը միացել է, եւ նա չի կարողացել իր մտադրությունը իրագործել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աշոտ Առաքելյանը պատմեց, որ այդ քայլին է գնացել, քանի որ խմած է եղել: «Այլ բան չկա, ինչ ասացի Ձեզ, նույնը ասել եմ քննիչին, խմած էի, դրա համար արի»,- նշեց նա: Իսկ թե ում էր տվել Առաքելյանը իր ձայնը, վերջինս չցանկացավ ասել. «Դա պարտադիր գաղտնիք է»: Ի դեպ, նկատենք, որ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք գործելն ավելի է խստացնում իրավիճակը:




Լրահոս