ՍԱՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմկալի ժողովի փաստի առթիվ հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները «ՍԱՍ գրուպ» են ուղարկել ծանուցագրեր եւ Ժողովի մասնակիցներին վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունը աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
Ձայնագրության մեջ ժողովը անցկացնող անձը, որը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանն է եղել, «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների անունները հնչեցնելով՝ նրանց վախեցնում է՝ կա՛մ աշխատանքից հեռացնելով, կա՛մ վատ վերջաբանով, եթե «վիզ չդնեք». «կգնաս, ձայն կբերես»:
Իսկ ահա այն աշխատակիցները, որոնք ձայներ են բերել, նրանց խոստանում է պաշտոններ, ուղեւորություն սիրո քաղաք Փարիզ եւ այսպես շարունակ: Հրապարակված ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պաշտոն է խոստանում կամ ուղեւորություն դեպի սիրո քաղաք Փարիզ է ուղարկում Իրինա Նազարյանին, որը Արտակ Սարգսյանի համար 44 ձայն էր հավաքել, Արտավազ Աղաբաբյանին, որը 22 ձայն էր հավաքել, Մարինե Գեւորգյանին, որը հավաքել էր 21 ձայն եւ այսպես շարունակ, ուստի, ամենայն հավանականությամբ, այս անձինք էլ հարուցված քրեական գործով ներգրավվել են որպես վկա եւ առաջիկայում կհարցաքննվեն:
Եվ ահա մինչ բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչ կլինի ձայնագրության ճակատագիրը, ի վերջո, ժողովում հնչեցրած արտահայտությունները հանցակազմ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ, ապրիլի 20-ին հատուկ քննչական ծառայությունում ձայնագրության հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու… որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի համար կաշառք տալը, այսինքն՝ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով):
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ քննիչներն այս օրերին ծանուցագիր են ուղարկել «ՍԱՍ գրուպ» եւ ժողովի մասնակիցներին վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության: Իսկ մինչ այդ «ՍԱՍ գրուպում» լիկբեզ-«տրինիրովկա» են անում աշխատակիցների հետ, որպեսզի իմանան ՀՔԾ-ում ինչ գրեն, ինչպես հիմնավորեն եւ պատճառաբանեն տեղի ունեցածը:
Ինչեւէ, այս պատմության մեջ չմոռանանք անդրադառնալ ամենաուշագրավ հանգամանքին: Մամուլում հայտնի ձայնագրության մեջ ժողովը անցկացնող «հերոսը», անդրադառնալով աշխատակիցներից մեկի բերած ձայներին, որոշում է ամոթանք տալ, սակայն. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպեր ջան, սենց էս կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է ուզում էի ամոթանք տալ»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում տեղ է գտել նաեւ հայտնի Էդոն՝ Էդգար Ավետիսյանը, որը 2012 թվականից աշխատում է «ՍԱՍ գրուպ» ընկերությունում եւ ներկայումս զբաղեցնում է կոմերցիոն տնօրենի պաշտոնը:
Այսպիսով՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր կարողացել են խորհրդարանական ընտրություններին իրենց արդարացնել, ձայն բերել: Ուստի ՀՀԿ ավագանու ցուցակում, բացի սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից, պատվավոր տեղ ունի նաեւ էդոն, որին հորդորում էին կազմակերպել ցուցակների գործընթացը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԻԿԻՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Բանն այն է, որ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը ցանկացել է մաքսանենգ ճանապարհով 15 միլիոն 625 հազար դրամ գումարը Հայաստանից դուրս հանել եւ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Խաչատրյանը մոտ 30 հազար դոլարը 2016 թվականի հուլիսի 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ Սաիդ Շահաբիին է փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ: Սաիդ Շահաբին նշված փաթեթը եւ պարկը թաքցրել է իր բեռնատար ավտոմեքենայի վարորդի նստատեղի հետնամասում գտնվող հագուստի եւ նույն հատվածում գտնվող մոխրագույն թղթապանակի մեջ: Սակայն նրանց ծրագիրը չի իրագործվել, քանի որ Մեղրիի մաքսակետում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները զննել են մեքենան եւ հայտնաբերել են 15 միլիոն 625 000 դրամ գումարը:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, եթե քաղաքացին 10 հազար դոլարից ավել, որը կազմում է 5 միլիոն դրամ, գումար է երկրից ցանկանում դուրս հանել, ապա այդ դեպքում նա պետք է հայտարարագիր ներկայացնի մաքսային մարմին, որ սահմանը հատելու ժամանակ խնդիրներ չառաջանան: Ասել է, թե ՀՀ օրենսդրությունը միչեւ 5 միլիոն դրամ երկրից դուրս հանելու դեպքում որեւէ արգելք կամ սահմանափակում չի դնում, իսկ ահա 10, 15 միլիոն դրամի դեպքում մաքսային մարմինը պահանջում է հայտարարագիր:
Այս արարքի համար ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Գեւորգ Խաչատրյանին եւ Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբին ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի (Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը), 34 հոդվածի (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) եւ 215.1 հոդվածի առաջին մասով (Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ):
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության հիմնադիրը Վարդուհի Սարգսյանն է, ով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կինն է:
Նշենք, որ դատարանում Գեւորգ Խաչատրյանը եւ Սաիդ Շահաբիին հայտարարել են, որ իրենց մեղավոր են ճանաչում եւ խնդրել են դատական նիստ իրականացնել արագացված կարգով: Արդյունքում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանը մարտի 14-ին հրապարակել է այս գործով դատավճիռը եւ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ պատիժ սահմանել տուգանք՝ 2 միլիոն 200 հազար դրամի չափով, իսկ Իրանի քաղաքացու նկատմամբ տուգանք սահմանել 2 միլիոն դրամի չափով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԵՆՈՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Facebook»-ի իր օգտահաշվում լուսանկար է տեղադրել եւ գրառում կատարել. «Ապրիլի 24, 1915 թվական… Հայաստանի պատմության սեւ օրը: Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են #NeverForget»,- գրել է Մխիթարյանը:

 

 

800 ԿՐԱԿՈՑ
Ապրիլի 23-ին եւ լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։ «Մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե ոչ, կրակել է, որի հետեւանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, 31-ամյա շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը: Կրտսեր սերժանտը ձերբակալվել է», – ասված է հաղորդագրությունում:

 

 

ԻՍԿ ԵԹԵ ԿԵՆԴԱՆԻ ԼԻՆԵ՞Ր
«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, անցած ամիս մահացած Հաց բերող Արթուր Սարգսյանը եւ Սոչիի ավիաաղետի ժամանակ զոհված բժիշկ Լիզան եղել են «Ավրորա» մրցանակի եզրափակիչ անցածների ցանկում, բայց, դժբախտաբար, նրանք կենդանի չեն։ Այս մասին երեկ ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Արթուր Սարգսյանը չի եղել «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակչում հայտնվածների ցանկում։




Լրահոս