«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՆՁՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, դերասանուհի Ռիփփին, ով հանրությանը առավել հայտնի է «Կարգին սերիալ», «Դոմինո» սիթքոմներից, մի որոշ ժամանակ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ այնտեղ էր իրականացնում իր գործունեությունը: Վերջին շրջանում, սակայն, նա հայրենիքում է, հեռուստադիտողները հնարավորություն ունեն նրան տեսնելու էկրաններին: Ավելին` Ռիփփին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտադիր է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել տեսահոլովակներ: Մենք պարզել ենք` Ռիփփին ապագայի ծրագրերը որ երկրի հետ է կապում, արդյոք հարմարվել է հայաստանյան իրականությանը եւ արդյոք ինքն իրեն համարում է, այսպես ասած, սկանդալային երգչուհի:

-Ռիփփի՛, ելնելով վերջին շրջանի Ձեր գործունեությունից` կարելի՞ է ասել, որ արդեն հայրենիքի հետ եք կապում ապագայի Ձեր պլանները:
-Բանն այն է, որ Հայաստանում այն նախագծի շրջանակում, որտեղ ընդգրկված եմ, պայմանագիր եմ կնքել եւ այսպես թե այնպես պարտավոր եմ մնալ այստեղ: Այնպես որ, առաջիկա երկու տարվա ընթացքում հաստատ հայրենիքում եմ լինելու: Սիրում եմ Հայաստանը եւ ուրախ եմ, որ ծրագրերս այսպես են դասավորվել:
-Բացի «Դոմինո» սիթքոմից` ուրիշ նախագծերից առաջարկներ կա՞ն: Օրինակ` երգարվեստի ոլորտում Ձեր գործունեությունը ակտիվացնելու նպատակ ունե՞ք:
-Իհարկե, ունեմ փոփ-ռոք, փոփ-R&B ժանրերում նոր երգեր, որոնց հիման վրա կնկարահանվեն տեսահոլովակներ: Առհասարակ, ես միշտ եմ երգարվեստով ակտիվ զբաղվել: Միայն մի պահ առհասարակ չեմ աշխատել, հետո վերսկսել եմ գործունեությունս:
-Իսկ կցանկանա՞ք հետագայում եւս մասնակցություն ունենալ հումորային ծրագրերի:
-Իհարկե, կուզենամ ներգրավվել ե՛ւ հումորային, ե՛ւ դրամատիկ ժանրի նախագծերում: Մասնագիտությամբ դերասանուհի եմ, եւ ինձ բեմի, էկրանի հետ կապված ցանկացած աշխատանք հետաքրքրում է:
-Հետաքրքիր է` մոսկովյան շուկայում Ձեզ ի՞նչն է գրավում:
-Այնտեղի շուկան, ի տարբերություն մերի, մեծ է, հնարավորությունները` լայն: Մոսկվայում հանդես եմ եկել ե՛ւ որպես երգչուհի, ե՛ւ որպես դերասանուհի` էպիզոդիկ դերերով:
-Ռիփփի՛, մի փոքր խոսենք անձնականից. հայաստանցի տղամարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ:
-Միայն կասեմ հետեւյալը` մարդիկ տարբեր են, ու դա լավ է: Այս պահին, առհասարակ, անձնականի մասին չեմ մտածում:
-Տղամարդկանց ընտրության հարցում ավելի բծախնդիր եք դարձե՞լ:
-Ես դրա վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի:
-Հետաքրքիր է` շոու-բիզնեսում ընկերներ ունե՞ք:
-Իհարկե, համարյա բոլորն էլ, ում հետ առնչվել եմ, իմ ընկերներն են: Առհասարակ, ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերություններս հարթ են:
-Ռիփփի՛, լրատվամիջոցները Ձեզ պիտակավորում են որպես սկանդալային երգչուհի: Դուք համաձա՞յն եք այդ որակմանը:
-Ես այս պարագայում չեմ էլ հասկանում այդ բառի իմաստը, չգիտեմ` ինչի մասին է խոսքը:
-Ոմանք համարում են, որ Դուք մեկն եք, ով անընդհատ հայտնվում է բուռն իրադարձությունների կենտրոնում, ձգտում է ամեն կերպ ուշադրություն գրավել:
-Ես երբեք միտումնավոր կերպով ինձ վրա ուշադրություն բեւեռելու կարիք չեմ ունեցել: Միգուցե հայտնվում եմ մարդկանց ուշադրության կենտրոնում, բայց դա հատուկ չեմ անում:
-Այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին ավելի հանդարտ, հանգիստ հոգեվիճակում եք, ավելի կշռադատված կյանքով եք ապրում:
-Իհարկե, իմ կյանքում եղել են փոփոխություններ դեպի լավը, եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց պետք է ասեմ, որ դրան զուգահեռ իմ գործունեությունն ավելի բուռն եւ ակտիվ է դարձել: Կարծում եմ` առաջիկայում երկրպագուներիս գոհացնելու մի շարք առիթներ կունենամ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը մի քանի ամիս էր՝ բնակվում էր Չինաստանում՝ Չան Չուն քաղաքում։ Վերջին շրջանում, սակայն, առաջին «հայսուպերսթարը», ով, ի դեպ, սպասում է իր առաջնեկին, կրկին հայրենիքում է։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Չինաստանում էր՝ ամուսնու գործի բերումով։ Ամեն դեպքում, երգչուհին առաջիկայի իր պլաններն այդ երկրի հետ չի կապում: «Հնարավոր է՝ կրկին գնանք Չինաստան, բայց ժամանակավոր։ Թեպետ նույնիսկ այդ կարճատեւ այցերը օգտավետ են օտար երկրին, դրա մշակույթին ու ավանդույթներին ծանոթանալու առումով»,-մեկնաբանեց նա։

Այն հարցին, թե արդյոք կոնկրետ Չան Չունում հայկական համայնք կա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հատուկ համայնք չկա, բայց այնտեղ ապրող հայ երիտասարդները փորձում են ամեն կերպ միմյանց հետ պահել կապը, նշել ազգային տոները»։
Մենք հետաքրքրվեցինք՝ երբ է Սուսաննան պատրաստվում կրկին ակտիվացնել իր գործունեությունը երգարվեստում. «Եթե ոչինչ չխանգարի, հավանաբար հունիսին կներկայացնեմ նոր տեսահոլովակ՝ «Իմ» անունը կրող երգի (երաժշտության հեղինակ՝ Արթուր Ալեք, խոսքերի հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան) հիման վրա։ Տեսահոլովակը կնկարահանի Նիկ Եգիբյանը։ Հուսով եմ՝ կկարողանանք գոհացնել մեր հանդիսատեսին։ Բացի այդ՝ ունեմ մեկ այլ, ինձ շատ հոգեհարազատ ու թանկ երգ, որը եւս առաջիկայում կներկայացնեմ երկրպագուների դատին»,-նշեց նա։
Ի դեպ, Չինաստանում եղած ժամանակ Սուսաննան եւս զբաղվել է երգարվեստով, մասնավորապես դասավանդմամբ. «Այնտեղ դասավանդել եմ մասնավոր հիմունքներով։ Ասեմ, որ այդ երկրում բարձր են գնահատում արտերկրից եկած մասնագետների դերը իրենց մշակույթի զարգացման գործում»-շեշտեց մեր զրուցակիցը։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք առաջնեկին հայրենիքում լույս աշխարհ բերելը սկզբունքային հարց է. «Այո՛, ինձ համար իսկապես կարեւոր է, որ երեխաս ծնվի Հայաստանում, բացի այդ՝ Չինաստանի տվյալ քաղաքն էկոլոգիապես այնքան էլ մաքուր չէր, ուստի նախընտրեցի վերադառնալ Երեւան»,-եզրափակեց Սուսաննան։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՀԱՂԹԵԼ Է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
33-ամյա ավագ քահանա Ալեքսանդր Կլիմենկոն դարձել Է «Երկրի ձայնը» ուկրաինական երաժշտական շոուի հաղթողը: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական ուղղափառ եկեղեցու կայքը: Նախագծում նրա ղեկավարը եղել է երգչուհի Թինա Կարոլը: Մրցույթում հաղթելու արդյունքում հոգեւորականն ստացել է անվճար երգ ու հոլովակ ձայնագրելու հնարավորություն, ինչպես նաեւ «Հիթ ՖՄ» ռադիոյով եռամսյա ռոտացիայի իրավունք եւ բնակարան Կիեւում: Հատկանշական է, որ բոլոր մրցանակները, բացի բնակարանից, Կլիմենկոն հանձնել է երկրորդ տեղն զբաղեցրած երգչուհուն՝ Ինգրեդ Կոստենկոյին:

 

 

ՄՈՒՇՏԱԿԸ՝ 230 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Մեծ Բրիտանիայի Henry Aldridge&Son աճուրդում վաճառել են այն մուշտակը, որը պատկանում էր «Տիտանիկ» նավում աշխատող ուղեկցորդուհիներից մեկին: Ինչպես փոխանցում է «Արենպրես»-ը, աճուրդում այն վաճառվել է 232 հազար դոլարով: Գնորդի անունն առայժմ չեն հայտնում: Մուշտակը պատկանել է Մեյբլ Բենետին, որին հաջողվել է փրկվել խորտակվող նավից: Հեռանալով նավից՝ նա մուշտակը հագել է գիշերաշապիկի վրայից: Կնոջ ընտանիքը մուշտակը վաճառել է 1999 թվականին, դրանից հետո այն ցուցադրվում էր թանգարանում: «Տիտանիկ» անդրատլանտյան շոգենավը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ին իր առաջին ուղերթի ժամանակ՝ բախվելով այսբերգի: Դրա հետեւանքով զոհվել Է 1496 մարդ, 712 հոգի փրկվել է:

 

 

ՖԱՎՈՐԻՏԸ ԻՏԱԼԻԱՆ Է
Բուքմեյքերներն արդեն հրապարակել են «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի ֆավորիտների անունները։ Ցանկի առաջին տեղում Իտալիան ներկայացնող Ֆրանչեսկո Գաբբանին է՝ իր «Occidentali՚s Karma» երգով: Երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչն է՝ 17-ամյա Քրիստիան Կոստովը՝ «Beautiful Mess» ստեղծագործությամբ, երրորդում՝ Շվեդիան ներկայացնող Ռոբին Բենգսթոնը՝ «I Can՚t Go On» կատարմամբ: Բենգսթոնին հաջորդում են Պորտուգալիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները: Իսկ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին՝ երգչուհի Յուլյա Սամոյլովայի հետ կապված պատմությունից հետո: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» կայանալու է Կիեւում մայիսին:




Լրահոս