ԱԳՆ-ՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՓԱԽՑՆԵ՞Լ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական գերատեսչությունների աշխատակիցների կողմից ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացիների արտագաղթը կազմակերպելու քրեական գործերը նոր ընթացք են ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները ցանկանում են պարզել, թե ով է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հետախուզվող անձին տեղեկանք տվել՝ հնարավորություն տալով նրան լքել Հայաստանը:

Եվ այսպես՝ այս տարվա ապրիլի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԱԾ-ն «բանդա» է բացահայտել: Պարզել էին, թե ինչպես ՀՀ գերատեսչությունների պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետի եւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրենների կողմից ստեղծված «հանցավոր խումբը» խթանել է հարյուրավոր մարդկանց ապօրինի արտագաղթը Հայաստանից:
Ու պարզվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւս արտագաղթը խթանելու պատրաստակամություն ունեցող աշխատակիցներ ունի: Նրանք տեղեկանք են տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից եւ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում գողություն է արել, բռնվել, եւ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` գողություն, հարուցվել է քրեական գործ: Մեր հայրենակիցն այդ գործով ներգրաված է մեղադրյալ: Սակայն ճողոպրել է, ինչի համար էլ ՌԴ իրավապահները հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ:
Եւ ահա Արսեն Հակոբյանը՝ գիտակցելով, որ ուշ թե շուտ ՀՀ իրավապահները նրան «բռնելու» են, իրեն ապահովագրելու համար որոշել է Հայաստանից կազմակերպել իր փախուստը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016 թվականի օգոստոսին նա կարողացել է ինչ-ինչ ճանապարհներով հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից համապատասխան տեղեկանք ստանալ: Հակոբյանը վերցնելով տեղեկանքը՝ այն 2017թ. հունվարի 12-ին ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն: Սակայն դատելով ստեղծված իրավիճակից՝ դեսպանատանը պարզել են եղելությունը:
Այսպիսով՝ ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Արսեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը: Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները չեն բացահայտել կամ գաղտնի են պահում: Իսկ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Արսեն Հակոբյանը քննիչներին ասել է, որ իրեն տեղեկանք տրամադրող քաղաքացուն չի ճանաչում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում որոշել են Արսեն Հակոբյանի գործով նախաքննությունը ավարտել եւ գործը ուղարկել դատարան:
Ինչով կավարտվի այս պատմությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ ՀՀ գերատեսչությունների աշխատակիցների թեթեւ ձեռքով մարդկանց փախուստը Հայաստանից կազմակերպելու գործընթացը շարունակվում է:
Հասկանալի է, որ պետական աշխատողները «սիրուն աչքերի համար» չեն մարդկանց «լավություն անում». գործում են կա՛մ կարիքից դրդված, կա՛մ գեղեցիկ «վերաբերմունքի» դիմաց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատակից Վարազդատ Դանիելյանի գործով վճիռը հրապարակվեց:
Ինչպես հայտնել էինք՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատակից Վարազդատ Դանիելյանը պաշտոնական կեղծիք էր թույլ տվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նախարարության աշխատակցին տուգանեց 400 հազար դրամի չափով: Դատավորը Դանիելյանին նաեւ զրկել է պետական մարմիններում աշխատելուց 1 տարի ժամկետով:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իրավապահ համակարգը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «ջրից չոր դուրս բերեց»: Ինչու, որովհետեւ նշված պաշտոնական կեղծիքի պատմությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, որ արձանագրվել է, սակայն նախարարը անգամ սիմվոլիկ պատժի չի արժանացել:
Չի բացառվում, որ 2017 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում բացահայտված յուրացումների գործերը եւս այս ճակատագրին արժանան:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների դեպքով 4 քրեական գործ կա հարուցված, որով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է:

 

 

«ԻԳԼԱՅԻ» ԳՈՐԾՈՎ
ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացավ «Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ:
Նշենք, որ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ վերացնելու կալանավորումը, ինչպես նաեւ որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառել նրա նկատմամբ:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վերջինս չի ընդունում մեղադրանքը:

 

 

 

ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ
Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված եւ արդեն շուրջ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան, ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը` armtimes.com-ի հետ զրույցում: Թե երբ տեղի կունենա փոխանցումը, ըստ Քոչարյանի՝ դեռ դժվար է ասել:

 

 
ՔՆՆԴԱՏԵԼ ԵՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ապրիլի 24-ի կապակցությամբ` նշելով, որ դրանում տեղեկատվությունը թերի է, եւ կան սխալ բացատրություններ։ «2017թ. ապրիլի 24-ին 1915թ. իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը պարունակում է թերի տեղեկատվություն եւ սխալ բացատրություն եւ վերցված է տարիների ընթացքում հայկական որոշ շրջանակներում քարոզչական մեթոդներով ստացված տեղեկատվական աղբից։ ԱԳՆ-ն տեղեկացնում է ԱՄՆ վարչակարգին, որ «օսմանյան հայերը, որոնք կորցրել են իրենց կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այս տարի եւս ըստ արժանվույն հիշատակվել են ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի կողմից իրականացված արարողության ժամանակ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

 

 

ԽՈՇՈՐ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է կատարվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 22։00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի փողոցի թիվ 8/1 շենքում գործող «Յուքոմ» ընկերության գրասենյակի ապակյա դուռը կոտրելու միջոցով ներս են մտել եւ այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է մոտ 990.000 դրամ:

 

 

ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու եւ լրատվության միջոցով տարածելու դեպքի առթիվ: Ուսումնասիրվել է 2017-ի մարտին մամուլում հրապարակված «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» խորագրով հոդվածը, որում առկա են Դանիել Իոաննիսյանի ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ Վերաքննիչ դատարանը քննել է «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված գործարար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը եւ մերժել: Նշենք, որ Սանասար Գաբրիելյանը եւ Սամվել Բաբայանը այս գործով առերեսվել են: Թե ինչ հակասության շուրջ են նրանք առերեսվել, պաշտպանական կողմը դեռ չի բացահայտում: Սանասար Գաբրիելյանը ապրել է ՌԴ-ում, այնտեղ բիզնեսներ ունի:




Լրահոս