«ՖԵՅՍԲՈՒՔԸ ՔԱՆԴԵՑ» ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների պալատի անդամների միջեւ ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող լարվածությունը երեկ վերածվել է թեժ ձեռնամարտի:

Երեկ հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում՝ Արմեն Սողոմոնյանի հետ միասին՝ արալեզների կողմից»,- միջադեպի մասին ահազանգել է Աթանեսյանը՝ նշելով, թե հարձակվողները եղել են փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը ու եւս մեկ անձ: Ըստ տուժողների՝ վերջիններս ներխուժել են գրասենյակ, իրենց ծեծի ենթարկել՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի համար Աթանեսյանն ու Սողոմոնյանը մեղադրել են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդգծելով, թե հարձակում գործած անձինք նրա ղեկավարությամբ են գործում եւ ինքնուրույն չէին կարող գնալ նման քայլի: «Սա Պալատում տիրող իրավիճակի դեմ մեր պայքարի հետեւանքն է»,- ասել է Աթանեսյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ միջադեպի բուն շարժառիթը. «Attorney At Law» ֆեյսբուքյան խմբում փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառման տակ Տիգրան Աթանեսյանը հայհոյախառն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին (էթիկայից ելնելով՝ հնչեցված արտահայտությունները չենք հրապարակում), եւ վերջինս էլ կարդալով այս ամենը՝ որոշել է Աթանեսյանի հետ հարցերը լուծել «տղայական դաշտում»: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ փաստաբանների այս երկու խմբի միջեւ տեւական ժամանակ նաեւ թեժ գրագրություն է ընթացել, ինչն էլ իր հերթին է հանգեցրել իրավիճակի լարմանը:
Սիմոն Բաբայանը iravaban.net-ի հետ զրույցում հայտարարել է. «Ֆեյսբուքյան գրառման հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է քաշքշուկ, գրառումը կատարվել է Տիգրան Աթանեսյանի կողմից, իմ անձի, իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններ են եղել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս փաստը հաստատել է նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. «Որքանով տեղյակ եմ՝ այս պատմությունը ծագել է Տիգրան Աթանեսյանի հայհոյախառը վիրավորական գրառումներից: Փորձում ենք ճշտել մանրամասները: Բոլոր դեպքերում, դա բացասական միջադեպ էր: Չի կարելի վիրավորել փաստաբանին եւ չի կարելի հարցը լուծել հարաբերություններ պարզելու միջոցով: Դրա համար կա վարքագծի կանոնագիրք եւ օրինական գործիքներ: Երբ որ փաստաբանների պալատը հրապարակային վիրավորանքներ կատարողների նկատմամբ կարգապահական վարույթներ էր հարուցում եւ իրականացնում, քննադատություններ էին հնչում, որ դա փաստաբանների ազատ խոսքը սահմանափակելուն է ուղղված: Բայց երբ որ հարցը դուրս է գալիս իրավական դաշտից եւ անցնում է անձնական հարաբերությունների դաշտ, ապա դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել: Մենք փաստաբաններ ենք, մենք պարտավոր ենք զսպվածություն ցուցաբերել, մեր մյուս գործընկերների նկատմամբ հարգանքով վերաբերվել»: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս միջադեպի թիկունքում կանգնած է ինքը՝ Զոհրաբյանը, ՓՊ նախագահն ասաց. «Բամբասանքները եւ զրպարտությունները չեմ կարող մեկնաբանել»:
Նկատենք՝ փաստաբանների պալատում տեղի ունեցածն առավել քան մտահոգիչ է: Թեեւ կոնկրետ այս միջադեպի առիթը եղել են սոցիալական ցանցում արված գրառումները, սակայն կատարվածը շատ ավելի խորը պատճառներ ունի եւ հետեւանք է փաստաբանների պալատում առկա խմորումների եւ օրեցօր խորացող հակասությունների: Ինչպես հայտնի է՝ տեւական ժամանակ է՝ հակամարտություն է ընթանում մի կողմից՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ու իր թիմակիցների, մյուս կողմից՝ հայտնի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի եւ նրանց թիմի մի քանի անդամների միջեւ: Ու քանի որ վաղուց ի վեր բացահայտ բնույթ կրող հակասություններն այս մեկ ու կես տարվա ընթացքում ոչ միայն չեն հարթվել, այլեւ գնալով ավելի ու ավելի են խորանում` երբեմն վերածվելով սադրանքների, բնական է՝ մի օր պետք է հանգեցներ նաեւ նման միջադեպի: Ցավալի է, բայց փաստ:
Իսկ այս ամենի արդյունքում մեծ հաշվով տուժում է փաստաբանի ինստիտուտը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երեւանի ավագանու այս ընտրություններում գլխավորում է ՀՀԿ ցուցակը, այդպես էլ չմեկնեց արձակուրդ, այլ նախընտրական քարոզարշավներն անցկացնում է աշխատանքային օրվա ավարտից հետո: Ու չնայած Մարգարյանը պաշտոնապես աշխատանքի մեջ է, բայց այնքան էլ չի աշխատում. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նա անգամ կառավարության նիստերին չի ներկայանում: Կառավարության նիստերի ժամանակ Մարգարյանի փոխարեն մասնակցում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Փոխարենը Մարգարյանը երեւում է բոլոր այն երբեմն անիմաստ միջոցառումներում, որտեղ գլխավոր հերոսն ինքն է եւ կարող է այդպես նախընտրական քարոզարշավ իրականացնել:

 

 

ԹՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները, որոնք մեղադրվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ, մեկը մյուսի հետեւից ջրից չոր են դուրս գալիս: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի՝ Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Բաբայանը Գորիս քաղաքի բնակչուհի Անահիտ Հայրապետյանին թոշակ նշանակելու համար նրանից պահանջել էր 100 հազար դրամ եւ այդ արարքի համար հայտնվել մեղադրյալի աթոռին:
Այս գործով ապրիլի 22-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Բաբայանին ազատազրկման է դատապարտել 5 ամիս ժամկետով: Մեղադրող դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, Աշոտ Բաբայանի պատիժը խստացնել` նրան ազատազրկման դատապարտելով 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ասել է, թե իրավապահների եւ սոցապ ծառայության աշխատակցի միջեւ կռիվ է սկսվել: Թե ով կհաղթի, ժամանակը ցույց կտա:

 

 

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ Դավիթաշեն թաղամասում գտնվող շենքի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավելին՝ նախատեսվում է առաջիկայում ստեղծել համատիրություն: Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»-ում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2015 թվականի հոկտեմբերի 26-ին շինարարական թույլտվություն էր տվել «Աշոտշին» ընկերությանը, որը շինաշխատանքներ է իրականացրել Դավթաշենի թաղամասի անավարտ բազմաբնակարան շենքում: «Տոնուսից» տուժած բնակիչները «Արցախբանկի» հետ կնքված համաձայնագրի հիման վրա շինարարական կազմակերպության հետ կնքել էին նախնական պայմանագրեր, որոնց ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լիներ, եւ մարդիկ ստանային իրենց բնակարանները: Սակայն, ինչպես տեղեկացանք, շինարարությունը նախատեսված 9 ամսում չի ավարտվել:

 

 
ԿՀՍՏԱԿԵՑՆԵՆ
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպման ընթացքում պետք է հստակեցնեն կողմերի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Համապատասխան փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Քննարկումների ընթացքում պետք է հստակեցվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ եւ բանակցային գործընթացի հետագա ձեւերի հարցում»,- ասել է Զախարովան:

 

 

ՉԻ ՎԵՐԱՆԱՅԻ
Պաշտոնական Անկարայի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, սակայն Չեխիայի նախագահը բնավ մտադիր չէ վերանայել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին երեկ հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը:

 

 

ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ
Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի, երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ արդարադատության նախարարներին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ եւ 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին եւ ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

 

 

ԱՌԱՆՑ ՏՈՒՅԺԵՐԻ
Կառավարության նիստում երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքերին՝ նշելով. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին եւ վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների եւ նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում եւ անցել է երկու ընթերցում:

 

 

ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՄԲ
Երեւանի հ. 147 հիմնական դպրոցը Երեւանի ավագանու որոշմամբ երեկ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:

 

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԱՐԵԼ
Երեկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին արգելվել է վարել նիստը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորները ապրիլի 24-ին պահանջել են նրա հրաժարականը: Պատճառն այն է, որ Ագրամունտը առանց ԵԽԽՎ-ին իրազեկելու մարտի 21-ին մի խումբ ռուսաստանցի պատգամավորների հետ այցելել է Սիրիա եւ նույնիսկ հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ:

 

 

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի բորսայում աճուրդների ընթացքում նվազել է 1,3 տոկոսով եւ կազմել բարելի համար 50,78 դոլար: Նյու Յորքի բորսայում աճուրդների ընթացքում WTI ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,89 տոկոսով եւ կազմել բարելի համար 48,68 դոլար:




Լրահոս