ԹՐԱՄՓԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային մամուլը այս օրերին ամփոփում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման 100 օրը, որը լրանում է ապրիլի 29-ին: Թրամփը ամերիկյան քաղաքական համակարգի աութսայդեր էր, ով որեւէ չափորոշիչով չէր համապատասխանում նախագահական աթոռին: Այսուամենայնիվ, նրա ընտրությունն ու նախագահությունն արդեն իսկ անհերքելի փաստեր են, որոնք անխուսափելիորեն բերելու են սոցիալական, տնտեսական ու քաղաքական ծանր մարտահրավերներ ինչպես ողջ աշխարհի համար, այնպես էլ առաջնահերթորեն ամերիկյան հասարակությանը:

Թրամփը նախագահության 100 օրերի ընթացքում հասցրեց բախվել գրեթե ամեն ինչի հետ՝ թե՛ ներքին լրջագույն սոցիալական հակադրությունների, թե՛ քաղաքական սկանդալների, թե՛ արտաքին քաղաքական բարդությունների: ԱՄՆ նախագահը էլ ավելի բորբոքեց լրատվական դաշտի հետ իր թշնամությունը, հանդես եկավ հակասական հայտարարություններով, փորձեց իրագործել նախընտրական շրջանի մի շարք վիճահարույց խոստումներ: Այդ ամենով հանդերձ, նա լրջագույն հաջողություններ, որպես այդպիսին, չարձանագրեց: Առհասարակ, ԱՄՆ-ում նախագահի առաջին հարյուր օրերը այն հիմքն են, որոնցով կառուցվում են կառավարման 4 տարիները, եւ գրեթե յուրաքանչյուր նախագահ այդ ժամանակահատվածում հանդես է գալիս հիմնարար առաջարկներով, նախընտրական շրջանի իր խոստումների ծնունդը հանդիսացող տնտեսա-քաղաքական եւ սոցիալական ծրագրերի ռազմավարության մշակմամբ: Դատելով Թրամփի կատարած քայլերից՝ առաջիկա չորս տարիներն անցնելու են հենց նույն տրամաբանության՝ ներքին հարցերում ոսկե միջինը գտնելու անընդունակության, ներքաղաքական պայթյունավտանգ սկանդալների ու արտաքին քաղաքականության հակասականության շրջանակներում:
ԱՄՆ-ի ներքին սոցիալական հարաբերություններում թերեւս կարեւորագույն տեղը զբաղեցնում է կառավարության բյուջեի նախագիծը: Թրամփի կառավարության ներկայացրած բյուջեն ապշեցուցիչ պատկեր էր ի հայտ բերում, ըստ որի՝ կրճատվում էին գրեթե բոլոր ոլորտների ծախսերը, ինչի հաշվին շեշտակիորեն մեծանում էր ռազմական բնագավառի ֆինանսավորումը: Այսպես՝ Թրամփն առաջարկում էր ռազմական ծախսերը ավելացնել ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարով: Այս առաջարկը հանդիպեց ինչպես դեմոկրատների, այնպես էլ որոշ հանրապետականների բացասական վերաբերմունքին: Թեպետ Սպիտակ տունը հայտարարեց, որ հրապարակվածը սոսկ նախագիծ էր, որի շուրջ ակնկալվում էր հանրային լայն քննարկում, իրավիճակը դրանից չմեղմվեց: Պարզ դարձավ, որ նոր նախագահի համար բյուջեի անկյունաքարը ռազմական բնագավառն է, իսկ մյուս ոլորտները ածանցյալ են կամ անկարեւոր: Ակնհայտ է, որ Թրամփի կառավարությունը Կոնգրեսի հետ բանակցություններում կհանգի ընդհանուր հայտարարի, սակայն փաստը, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը աճելու են, այլեւս անժխտելի է:
Երկրի սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներից մյուսն առնչվում է առողջության ապահովագրությանը, որտեղ գործող կարգը ներմուծվել է Օբամայի օրոք եւ պայմանականորեն կոչվում է հենց 44-րդ նախագահի անունով՝ Obamacare: Թրամփը նախընտրական շրջանում կոշտ քննադատության էր ենթարկում այդ համակարգը: Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո նա ստորագրեց դրա ամբողջական վերանայման հրամանագիրը, եւ նրա թիմը, Կոնգրեսի հանրապետականների հետ ձեռք ձեռքի տված, հղացավ մի նոր տարբերակ, որը ոչ միանշանակ ընդունվեց ամերիկյան հասարակության կողմից: Առողջապահության ոլորտը կարգավորող այդ նոր նախագծով գրեթե հիմնովին փլատակների էր վերածվում նախկին համակարգը, ինչից տուժելու էր ամերիկացիների մեծամասնությունը, եւ շահելու էր ունեւոր խավը: Թրամփը նույնիսկ չհամարձակվեց մինչեւ վերջ պաշտպանել այդ նախագիծը՝ հայտարարելով, թե ոչ ոք չէր կարող ենթադրել, որ առողջապահական ապահովագրության համակարգը ծայրաստիճան բարդ էր: Սակայն շատերն էին ենթադրում ու հիմնավորապես բացատրում, որ Թրամփի լոզունգները այդ համակարգի վերանայման մասին սոսկ պոպուլիզմ էին եւ ոչինչ ավելի: Կարծիքը, որ Թրամփն ու նրա խորհրդականները իրականում ոչինչ չեն հասկանում սոցիալական այդ հիմնախնդրի իրական էությունից, փաստորեն, այնքան էլ հեռու չէր իրականությունից: Նախագահը բազմիցս պնդել է, որ եթե առողջապահական ապահովագրության համակարգը չվերանայվի, այն ինքնաբերաբար է քանդվելու: Ծանրությունը, որ այդ համակարգն ունի ԱՄՆ-ի պետական բյուջեի վրա, միանշանակ է ու անժխտելի: Սակայն միաժամանակ հստակ է, որ դրա լրջագույն այլընտրանքը դեռեւս գոյություն չունի:
Երբ Օբամայի վարչակազմը հանդես էր գալիս ապահովագրության ներդրման նախագծով, Կոնգրեսի հանրապետականները ամեն կերպ խոչընդոտում էին դեմոկրատ նախագահի ծրագրերին: Օբամայի բազմաթիվ հորդորները՝ միանալու ու համատեղ ջանքերով լավագույն տարբերակը գտնելու մասին, մնում էին անարձագանք: Օբամային հաջողվեց այդ համակարգը իրողություն դարձնել միայն այն կարճ ժամկետում, երբ Կոնգրեսում մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին: Հատկանշական է, որ Օբաման անգամ վերջերս էր համոզված պնդում, որ իր ստեղծած ապահովագրությունը հնարավորի առավելագույնն էր: Նա նույնիսկ առանց կաշկանդվելու հայտարարել էր, որ եթե Թրամփին ու հանրապետականներին հաջողվի ավելի լավ տարբերակ գտնել, անձամբ կողջունի դա: Սակայն հանրապետականները ունակ չեղան գտնելու այդ առավել նախընտրելի տարբերակը: Նույնիսկ Կոնգրեսում, որտեղ մեծամասնությունը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, նորովի առաջարկվող համակարգը հավանության չարժանացավ: Ստացվեց այնպես, որ Թրամփի խոստումներից թերեւս ամենակարեւորը, որը վերաբերում է 30 եւ ավելի միլիոն ամերիկացիներին, հօդս ցնդեց: Նախագահը շարունակում է ցայսօր հոխորտալ, որ նոր համակարգը ծայրահեղ անհրաժեշտություն է: Դրա հետ մեկտեղ այդ նոր համակարգի իրական առաջարկներ նա չի ներկայացնում, ինչով եւ դրսեւորվում է նրա կառավարության անտեղյակությունը սոցիալական հիմնախնդիրներից: Սոցիալական խնդիրները հասարակական հիվանդության առաջին ախտանիշներն են եւ որքան դրանք ցցուն են դառնում, այնքան պետության հիվանդությունը խորանում է: Ամերիկյան էլիտան պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ ունակ է լուծումներ գտնել նման իրավիճակներից, մինչդեռ այսօր նրան պատել է անորոշությունը:
Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ` ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՁԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարությունը որպես աջակցություն 928 մլն 871 հազար 200 դրամ հատկացրել է մի շարք մարզերի սահմանամերձ գյուղերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացված գումարը նախատեսված է բնակիչների կողմից ողջ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի վարձերը վճարելու համար:

Այսպես՝ կառավարությունը գումար հատկացնում է այն մարզերին, որոնց գյուղերն ընդգրկված են փոխհատուցում ստացող գյուղերի ցանկում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ աջակցությունից կօգտվեն Արարատի (թվով 2 գյուղ), Գեղարքունիքի (թվով 2 գյուղ), Վայոց ձորի (թվով 2 գյուղ) եւ Տավուշի (թվով 19 գյուղ) մարզերի ընդհանուր 25 սահմանամերձ գյուղերի բնակիչները բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով:
Այսպես՝ մեզ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետարանը այդ նպատակով ստացել է 138 մլն 922 հազար 200 դրամ, Վայոց ձորինը` 33 մլն 899 հազար 900 դրամ, Արարատին` 23 մլն 542 հազ դրամ, իսկ Տավուշին` 708 մլն 250 հազար դրամ:
Օրինակ՝ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ապրիլի 25-ին որոշում է կայացրել, որպեսզի մարզպետարանին վերոնշյալ նպատակով հատկացված 708 մլն 250 հազար դրամից առաջին եռամսյակի համար կվճարվի 106 մլն 789 հազար 500 դրամ, առաջին կիսամյակի համար` 271 մլն 410 հազար 500 դրամ, իսկ ահա երրորդ եռամսյակի համար 474 մլն 100 հազար դրամ:
Մեզ մնում է հուսալ, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված աջակցությունը իսկապես կծառայի իր նպատակին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները տարվա երկրորդ կեսից չեն մնա առանց գազի ու լույսի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՎԱԾ ԱՅԾՅԱՄԸ` 250 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Աղավնավանք գյուղի բնակիչ Վաչագան Թավարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Հայաստանի Հանրապետության որսորդների եւ ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության անդամ, չունենալով որս կատարելու թույլտվություն՝ 2017թ. հունվարի 24-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Աղավնավանք գյուղում գտնվող իր տան հողամասում ապօրինի պահվող որսորդական ողորկափող հրացանից դիտավորությամբ մեկ կրակոց արձակելով՝ ապօրինի որսացել է բնական ազատության վիճակում որսն արգելված այծյամ տեսակի կենդանի՝ պետությանը պատճառելով խոշոր՝ 250.000 դրամի վնաս: Վաչագան Թավարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ 400-600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով: Վ. Թավարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը մայիսի 3-ին նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Ուշադրության է արժանի մի հանգամանք, ինչո՞ւ է սպանված այծյամը գնահատվել ընդամենը 250 հազար դրամ, ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է այդքան գնահատել այծյամի կորուստը: Աղավնավանք գյուղի տարածքը հատուկ պահպանվող տարածքի՝ Դիլիջանի ազգային պարկի մեջ է ընդգրկված: Այծյամները, որոնց թիվը շատ քիչ է, կազմում են Դիլիջանի ազգային պարկի էկոհամակարգի շատ կարեւոր մասը:

 

 

ՈՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀՈՂԵՐԸ ՉՄՇԱԿՎԵՆ
Ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի դաշտերում գարնան գյուղատնտեսական աշխատանքներ կատարող, սահմանամերձ արոտավայրերում անասուն արածեցնող գյուղացիների վրա: Ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի, նրա որդի Մհեր Ավագյանի եւ այդ տարածքում իր կովերն արածեցնող Վաչիկ Բայրամյանի վրա: Բարեբախտաբար, նրանք կարողացել են տեղանքում թաքնվել եւ գնդակոծությունից չեն տուժել: Սա այս տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կրակ է բացում սահմանամերձ գոտում իր անասունները պահող բաղանիսցի Վաչիկ Բայրամյանի վրա: Բաղանիսի բնակիչները «Ժողովրդին» հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակելով սահմանամերձ դաշտերում աշխատող, անասուններ արածեցնող գյուղացիների վրա՝ փորձում է հասնել նրան, որ գյուղացիները հրաժարվեն իրենց հողերը մշակելուց, անասուն պահելուց եւ եկամուտ չունենալով՝ արտագաղթեն սահմանամերձ գյուղից: Նշենք, որ ադրբեջանական գնդակոծությունների վտանգի պատճառով չմշակվող հողերը Տավուշի մարզում կազմում են շուրջ 7.210 հեկտար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս