Ի ՍԿԶԲԱՆԵ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրորդ հորիզոնականում հայտնված «Ծառուկյան» դաշինքի նեղ շրջանակներում այս օրերին եւս ներքին քննարկումներ են ընթանում՝ ովքեր են լինելու ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի նախագահներ, եւ ով է լինելու դաշինքին հատկացվելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Համենայն դեպս, մեր տեղեկություններով՝ քննարկումները մտել են եզրափակիչ փուլ, եւ մնացել են վերջին շտրիխները: Ի՞նչ որոշումներ են կայացվել, եւ դաշինքից ովքե՞ր են լինելու առանցքային պաշտոններում. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընդհատակ են անցել եւ լռություն են պահպանում: Ձեր լռությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Գիտեք՝ ինչով է պայմանավորված, որ ժամանակային առումով ընդհանրապես պրոբլեմ չկա, ոչ միայն մեր դաշինքում, այլ բոլոր քաղաքական ուժերի կտրվածքով: Ուրեմն ամենատարբեր լուծումներ կան ԱԺ-ում գտնվելու, գործադիր իշխանությունում լինելու եւ այլն: Ելնելով նման տարբեր խնդիրներից՝ ժամանակն էլ թույլ է տալիս, որ այդ հարցերի վերաբերյալ ավելի ծանրակշիռ մոտեցում հանդես բերվի:
-Արդեն հստակեցումներ արե՞լ եք:
-Մեզ մոտ կան խնդիրներ, որտեղ, օրինակի համար չեմ կարծում, որ բոլոր համամասնականով ամրագրված մարդիկ հենց պարտադրված պետք է գտնվեին ԱԺ-ում, անկախ այն հանգամանքից՝ ռեյտինգայինով լավ ցուցանիշ են ստացել, թե ոչ: Ուզում եմ ասել, որ բոլոր տեղերում ակնհայտորեն նման խնդիրներ կլինեն: Ժամանակը պարզապես թույլ է տալիս ծանրութեթեւ անել:
-Իսկ Ձեր դաշինքում ի՞նչ սկզբունքով եք որոշում, թե ում հնարավորություն տաք լինել ազգային ժողովում:
-Դե, գիտեք, անպայման չափազանց նեղ շրջանակներում ակնհայտորեն քննարկումներ կլինեն, երբ կգան արդեն վերջնական որոշման, բոլորս միասին կոլեգիալ այդ մասին կբարձրաձայնվի, եւ տեղյակ կպահվի: Կան դաշինքի բազմաթիվ անդամներ, հո՞ բոլորին չեն հրավիրի, ասեն՝ եկե՛ք, միասին քննարկենք:
-Իսկ ովքե՞ր են այդ նեղ շրջանակների մեջ գտնվողները:
-Ես չեմ կարող ասել: Ամեն դեպքում մի բան կարող եմ հստակ ասել, որ ես այս պահի դրությամբ չեմ գտնվել այդ շրջանակում:
-Ով ավելի շատ ձայն է ստացել տվյալ ընտրատարածքում, նա պետք է գործուղվի ԱԺ, այդպե՞ս չի լինելու Ձեր դաշինքում:
-Գրեթե նմանվում է այն բանին, որ ասում են՝ այն մարդը, ում հասակը ավելի բարձր է, նա ավելի խելոք է, այդպես չի լինում, չէ՞:
-Բայց արդար կլինի՞ հասարակության կողմից ամենաշատ ձայներ ստացածներին հնարավորություն չտալ, որ դառնան պատգամավոր:
-Ոչ թե արդարության հարց է, ես կարող եմ հավատացնել Ձեզ, որ մարդիկ կանխավ գիտեին, որ իրենք տվյալ քաղաքական ուժին, դաշինքին պետք է ձայներ բերեին, բայց իրենք երբեւիցե չէին մտածել, որ իրենք պետք է մտնեն խորհրդարան, որովհետեւ իրենց ամբողջ տարերքը գտնվում է լրիվ ուրիշ տեղում, որովհետեւ խորհրդարանը չի լինի իրենց համար արդյունավետ տեղ: Մեզ պետք է չապակողմնորոշի ձայների շատությունը:
-Իսկ ո՞վ է լինելու Ազգային ժողովի փոխնախագահի Ձեր թեկնածուն:
-Այս պարագայում, օրինակի համար, մամուլի գնահատակները չափազանց հետաքրքիր են ներկայանում, բնականաբար դրանք իրականությանն ակնհայտորեն չեն համապատասխանում, պարզ չէ՞, որ սա կարեւոր աշխատանք է, եւ այդ առումով դաշինքի առաջնորդը իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի, եթե չասի էլ, մենք պետք է սպասենք, որ ասի:
-Մինչ այս չեն եղե՞լ նման քննարկումներ:
-Դեռ չի հայտարարվել, միայն այն գիտեմ, որ ի սկզբանե մեր երկրորդ համարը համարվում էր որպես այդպիսին /երկրորդ համարը Իշխան Զաքարյանն է, Վ. Հ./, սրանից հետո ինչ լուծում կստանա, ժամանակը ցույց կտա:
-Դուք նաեւ ունենալու եք հանձնաժողովի նախագահներ: Ովքե՞ր են լինելու հանձնաժողովների ձեր նախագահները:
-Հասարակ մահկանացուներին բնորոշ է այն բանը, որ բարձրաձայն, թե ոչ բարձրաձայն բոլորը տիեզերական խորխորատներն են սավառնում, բոլորի մտքով էլ ինչ-որ բաներ կարող է անցնել, բայց, դե, բնականաբար ցանկացած այդպիսի պաշտոնի համար պետք է մակարդակ, իրազեկություն, մասնագիտական մոտեցում եւ այլն, եւ այլն: Ելնելով այս իմ թվարկած գործոններից՝ այդ երեք տեղի նախագահների հարցը /որքան հասկանում եմ՝ երեք տեղ կհասնի «Ծառուկյան» դաշինքին/, նորից կորոշվի ընթացքում:
-Արդեն որոշվա՞ծ է, թե որ հանձնաժողովներն են ձեզ վստահելու:
-Քանի որ Հանրապետական կուսակցությունը բոլոր դեպքերում դոմինանտ կուսակցություն է, հիսուն տոկոսից ավել է կարողացել ստանալ, շատ պարագաներում մեզ տրամադրվելիք հանձնաժողովները կորոշվի այն բանից հետո, երբ Հանրապետականը նպատակահարմար կգտնի իր հանձնաժողովները ունենալ:
-Իսկ ո՞վ է ղեկավարելու ԱԺ խմբակցությունը:
-Ի սկզբանե, որքան ես հասկանում էի, պարոն Ծառուկյանը մտածում էր նաեւ ղեկավարել խմբակցությունը, հնարավոր է՝ ավելի վաղ էր դրա վերաբերյալ խոսում, բայց կարող է պատահի՝ նպատակահարմար չեն գտել: Վերջնական բարձրաձայնում կլինի մոտակա օրերին:
-Սպասում էիք նաեւ Սահմանադրական դատարանի որոշմա՞նը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի վերաբերյալ:
-Իհարկե, դրանից էլ էր շատ բան կախված, սպասում էին Սահմանադրական դատարանին, եթե այդ հանգամանքը չլիներ, քաղաքական ուժերը պարտավորված կլինեին ավելի շուտ ներկայացնել:
-Եւ վերջում, ԱԺ-ում ակտի՞վ ընդդիմություն եք լինելու:
-Ի՞նչ եք հասկանում ակտիվ ընդդիմություն ասելով՝ ճղճղալո՞վ, ընդդիմադիրը ընդդիմադիր է:

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ, ԲԱՅՑ ՕՐԻՆԱՊԱՀ ԿԼԻՆԵՆ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է համարվում խորհրդարանական ուժ, ասել է, թե ընտրություններին մասնակցող ուժերից միայն նա ունի ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենալու հնարավորություն:

«Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանական այն ուժերից, որոնք որոշել են չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, բայց այդ օրն ունենալու են հանձնաժողովի անդամներ, փորձեց պարզել՝ արդյո՞ք նույն վճռականությամբ եւ հետեւողականությամբ կփորձեն վերահսկել ընտրությունների ընթացքը՝ հետամուտ լինելով դրանց օրինականությանը, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք չեն մասնակցում, առանձնապես ակտիվ չեն լինի այդ հարցում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհրդարանական բոլոր ուժերն էլ վստահեցրին, որ անկախ ամեն ինչից՝ իրենց ներկայացուցիչները դրսեւորելու են հետեւողականություն եւ գործելու են օրենքով սահմանված կարգով:
Այսպիսով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցի առնչությամբ նշեց. «Հանձնաժողովի անդամները իրենց վրա դրված ֆունկցիաներն ունեն եւ այդ ֆունկցիաները պետք է կատարեն»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ վստահեցրեց, որ ընտրության պատշաճ անցկացումը սկզբունքային հարց է. «Անկախ նրանից՝ մասնակցում ենք, թե ոչ, մեզ համար ցանկացած ընտրության պատշաճ անցկացում սկզբունքային հարց է, հետեւաբար նույն սկզբունքայնությամբ աշխատելու են մեր հանձնաժողովերը»:
Իսկ ՀԱԿ վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանի խոսքով՝ եթե մարդը հանձնաժողովի անդամ է, իր պարտականություններն ունի, պետք է այդ պարտականությունները կատարի. «Իսկ այդ պարտականությունները հասկանալի են, օրենքով սահմանված պարտականություններ են՝ հետեւել օրինականությանը եւ այլն: Բնականաբար նույն գործը պետք է անեն մարդիկ: Եթե այլ խնդիր ունենայինք, ընդհանրապես հանձնաժողովի անդամ չէինք նշանակի»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ
Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Բանակցությունները սկզբում անցել են եռակողմ՝ Սերգեյ Լավրով, Էդվարդ Նալբանդյան, Էլմար Մամեդյարով ձեւաչափով, իսկ այնուհետեւ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Հանդիպման մասին տարածվել է նաեւ պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված է. «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին ՌԴ ԱԳ նախարարին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»: Ենթադրվում էր, որ կողմերը պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջիկա հանդիպման վերաբերյալ, բայց այդ մասին հաղորդագրության մեջ որեւէ բառ ասված չէ: Մինչ այդ, նկատենք, հատկանշական է փաստը, որ երեկ Մոսկվայում է եղել նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. ճիշտ է, նրա այցը միանգամայն այլ միջոցառման շրջանակներում էր, բայց այս երկու գերատեսչությունների ղեկավարների՝ Մոսկվայում միաժամանակ գտնվելու փաստը պատահական չէ:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԵ՞Ն
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջրառատ համայնքում արձանագրված միջադեպի գործով կրկին ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ ոստիկանության ներքին զորքերի գնդապետ Լեռնիկ Երանոսյանը. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ջրառատը քարոզարշավի թեժ կետերից էր. այստեղ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջեւ, անգամ գործի դրվեցին հրազեն, ատրճանակ, եղան մարմնական վնասվածքներ ստացողներ ընդդիմադիր ճամբարից, բայց ծեծի էր ենթարկվել նաեւ Լեռնիկ Երանոսյանը: Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս վերջին հարցաքննության ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրկին իրավապահաներին ասել է, որ բողոք չունի: Իսկ ահա իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ չնայած կողմերը հաշտվել են, բայց միջադեպի արդյունքում գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ապօրինի զենքից՝ ինքնաձիգից, կրակոցներ էր արձակել ու հիմա գտնվում է կալանքի տակ, ամենայն հավանականությամբ պատասխանատվության կենթարկվի:




Լրահոս