ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻ 100 ՕՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման 100 օրը: Այս ժամանակահատվածը ակադեմիական շրջանակներում համարվում է նախագահի կառավարման մնացած շրջանի նախահիմքը եւ ինքնին ցույց է տալիս, թե ինչպես կընթանան հաջորդ 4 տարիները: Սոցիալական ու տնտեսական հարցերում բախվելով իրական լուծումներ առաջարկելու սեփական անընդունակությանը` Թրամփի վարչակազմը անցած 100 օրերի ընթացքում հասցրեց թաթախվել նաեւ ներքաղաքական սկանդալների ու արտաքին քաղաքական կոնֆլիկտի մեջ:

Մինչ Թրամփի երդմնակալությունը, նրա թիմը բախվեց երկու լուրջ խնդիրների հետ, որոնք վերաբերում էին Ռուսաստանին: Ամերիկյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Թրամփի խորհրդականները ակտիվ շփումների մեջ են եղել ռուսական պաշտոնական շրջանակների հետ եւ իրենց սահմանադրական լիազորություններից դուրս քննարկումներ ունեցել: Ավելին` տեղեկություններ շրջանառվեցին, որ Թրամփի կողմնակիցները նույնիսկ ինչ-ինչ խոստումներ են տվել ռուսներին: Թրամփն ու իր թիմը ժրաջանորեն հերքեցին դրանք, սակայն մամուլի համառությունը սահման չէր ճանաչում: Ի վերջո, հրապարակվեցին ապացույցներ առ այն, որ Թրամփի խորհրդականները առնվազն կիսաճշմարտություններ են ասել: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր Թրամփի` ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինին, որը ՌԴ դեսպանի հետ ունեցած իր բանակցությունների մասին ոչ միայն հրապարակավ էր ստել, այլեւ կեղծ տեղեկություններ էր փոխանցել փոխնախագահ Փենսին: Մեղադրանքները այն աստիճան հիմնավոր էին, որ Ֆլինը, դեռ չհասցրած մեկ ամիս վայելելու կառավարական պաշտոնը, ստիպված հրաժարական ներկայացրեց: Նրա պաշտոնավարումը կմտնի ԱՄՆ պատմության մեջ որպես ամենակարճերից մեկը, որի պատճառը քաղաքական սկանդալն էր` նախագահի անձնական հեղինակությանը վնասելու հսկայական պոտենցիալով: Սկանդալը նաեւ ցույց տվեց, որ Թրամփը հազիվ թե տեղյակ չլիներ իր խորհրդականի «ինքնագործունեությունից», եւ կարծիք կա, որ նա պարզապես զոհաբերեց Ֆլինին: Փորձն արդեն հուշում է, որ Թրամփի վարչակազմում սկանդալային հրաժարականները եզակի չեն լինելու: Նման հիմք է տալիս Թրամփի փեսա, նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների ու նախագահի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի հարաբերություններում առկա լարվածությունը: Այն նկատելի էր նույնիսկ մինչեւ Թրամփի երդմնակալությունը, երբ ընթանում էր պաշտոնների բաժանման գործընթացը: Ամերիկյան վերլուծաբանները շարունակում են պնդել, որ Քուշներն ու Բենոնը միմյանց հետ իշխանության համար մղվող «քաղաքացիական պատերազմի» մեջ են: Նրանց հակասությունները նույնիսկ զայրացրել էին Թրամփին, որը պահանջել էր երկուսից խաղաղվել ու աշխատել մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Սակայն որքա՞ն կպահպանվի այդ զինադադարը, շարունակում է անհայտ մնալ:
Ներքաղաքական սկանդալներից էր նաեւ մամուլում տարածված, այնուհետեւ ԱՄՆ իրավապահների կողմից քննված տեղեկատվությունը, ըստ որի` ռուսական հատուկ ծառայությունները տիրապետում են Թրամփի մասին առանձնահատուկ կոմպրոմատների: Բնական է, որ եթե ԱՄՆ-ի գլխավոր մրցակից պետություններից մեկը նման հզոր զենքի է տիրապետում, դա ինքնաբերաբար սեղմում է վարչակազմի ազատ գործունեության դաշտը, ինչպես նաեւ խոցելի դարձնում թե՛ իշխանությանը, թե՛ պետությանը: Այս հանգամանքը ամերիկյան վերնախավը շատ լավ հասկանում էր, ինչի համար էլ շուտափույթ քայլեր ձեռնարկվեցին` պարզելու, թե արդյո՞ք Թրամփն այդքան խորը կապեր ունի ռուսական շրջանակների հետ: Դատելով հրապարակված տեղեկություններից` ամերիկյան հատուկ ծառայությունները լուրջ հիմքեր չեն գտել վարկածն առաջ տանելու համար: Միաժամանակ կարող է պատահել, որ Թրամփի վարչակազմը ի վիճակի է եղել բնում խեղդել հասունացող պաշտոնանկությունը: Փաստ է միայն, որ Թրամփի ու Ռուսաստանի կապերի մասին ավելին հայտնի չէ հանրությանը, ինչը միաժամանակ չի նշանակում, որ այս հարցում նոր զարգացումներ չեն լինելու: Նույնիսկ կարծիք կար, որ ռուսական շրջանակների հետ Թրամփի ունեցած կապերի մասին տարածվող մեղադրանքներն էլ յուրօրինակ ձեւով ազդել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
Այսպես՝ Չինաստանի նախագահի հետ հանդիպման պահին Թրամփը հրահանգել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերին հարվածներ հասցնել Սիրիային: Այդ քայլով Թրամփը անմիջականորեն ներքաշվեց սիրիական կոնֆլիկտի մեջ, թեեւ հետեւողականորեն քննադատում էր նախկին նախագահաներ Բուշին եւ Օբամային՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական ուժերն օգտագործելու համար: Հստակ է, որ Սիրիայի հանդեպ ռազմական գործողությունները անսքող կերպով ուղղված էին լինելու Ռուսաստանի շահերի դեմ` հաշվի առնելով Ասադի ռեժիմին պաշտպանելու պուտինյան քաղաքականությունը: Թրամփը այսպիսով ապացուցեց, որ Սիրիային հարվածելիս հաշվի չի նստելու ոչ մեկի, այդ թվում եւ` Պուտինի հետ: Մի տեսակետի համաձայն` նման պահվածքով Թրամփը փորձեց ցույց տալ, որ ՌԴ-ի հետ իր կապերի մասին շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեկ այլ կարծիքով` այս քայլով Թրամփն անչափելիորեն ուժեղացրեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի դիրքերը Մոսկվա կատարելիք այցից առաջ: Եվ, վերջապես, չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը հրթիռակոծման հրահանգ է իջեցրել` տեղի տալով զգացմունքայնությանը: Ինչպիսին էլ լինի Սիրիայում կատարվածի հիմնապատճառը, դրանից չի փոխվում այն փաստը, որ Թրամփի վարչակազմը անհրաժեշտ պահին չի տատանվելու ակտիվ ռազմական միջամտության տարբերակին դիմելիս: Առաջիկա 4 տարիներին, երբ շարունակելու են եռալ Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի, Ուկրաինայի ճգնաժամերի կաթսաները, Թրամփը ցանկացած պահի կարող է դիմել ռազմական գործիքների օգնությանը, քանզի ինչպես օրերս անձամբ էր արձանագրել` «դիվանագիտությունը շատ դժվար բան է»: Սիրիայի նկատմամբ ձեռնարկված գործողությունները հուշում են, որ ռազմական միջամտության գործիքը կենտրոնական տեղ է զբաղեցնելու ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում` դրանից բխող տարատեսակ ծանրագույն հետեւանքներով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՈՇՈՏՎԱԾԸ 29-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է

Լոռու մարզում նախօրեին հոշոտված վիճակում հայտնաբերված դին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Կ. Ա.-ինն է, ով մարտի 13-ից դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն, 42-ամյա Ա. Աղաբաբյանը ահազանգել էր ոստիկանության Բազումի բաժին եւ հայտնել, որ Վանաձորի քիմիական գործարանի հարեւանությամբ գտնվող Փաշիգյուղ կոչվող հանդամասում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ, ինքնությունը չպարզված անձի՝ հոշոտված դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել են դին՝ ամբողջովին հոշոտված եւ անճանաչելի վիճակում:
Երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպես նաեւ մտավոր հետամնացություն: Մարտի 29-ից մինչ օրս ոստիկանների ու փրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին եւ հարակից տարածքներում: Երիտասարդ տղան վերջին անգամ մոր հետ խոսել էր մարտի 14-ին ու ասել, որ մոլորվել է, ապա հայտնել, որ ցանկանում է վերադառնալ Սպիտակ: Տղայի որոնողական աշխատանքներն ավելի ուժեղացան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Ստեփանավան քաղաքի բնակչի կողմից կատարված սպանությունից հետո:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԿ-Ն ԱՌԱՆՑ ՏՆՕՐԵՆԻ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարունիկ Ղուշչյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գաբրիելյանի աշխատանքից դժգոհություններ չկային, նա նաեւ Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրահատություններ էր կատարում, ինչից ֆինանսապես շահում էր բժշկական կենտրոնը: Ա. Գաբրիելյանի ընտանիքը բնակվում է Երեւանում, իսկը ինքը 3 տարի ապրում, աշխատում էր հեռավոր, սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում: Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժը հոգնեցուցիչ էր նրա համար: Մանավանդ, որ սահմանամերձ Նոյեմբերյանի ԲԿ-ի ղեկավարի պաշտոնը, ի տարբերություն Երեւանի բժշկական հիմնարկների տնօրենների պաշտոնի, «յուղոտ գործ» չէ: Ա. Գաբրիելյանը հրաժարականի դիմում ներկայացնելիս ասել է, որ իր համար Երեւանում համապատասխան աշխատանք է գտել: Նոյեմբերյանը սահմանամերձ է, մշտապես առկա է Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, ինչը կարող է հանգեցնել մեծաթիվ վիրավորների: Այդ առումով շատ կարեւոր է Նոյեմբերյանի ԲԿ-ի բնականոն աշխատանքը, առողջապահական հիմնարկի հմուտ ղեկավարումը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք, թե ե՞րբ է նշանակվելու Նոյեմբերյանի ԲԿ-ի նոր տնօրեն: Մարզպետն ասաց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ ԲԿ-ի խնդիրները: Նա նշեց, որ առայժմ այդ ԲԿ-ում վիրահատությունները կկատարեն այլ ԲԿ-ներից հրավիրված վիրաբույժները: Հ. Աբովյանը հայտնեց, որ առաջիկայում Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն կնշանակվի այնպիսի անձնավորություն, ով լավ բժիշկ լինելով հանդերձ՝ հմտորեն կղեկավարի ադ բուժհիմնարկը:

 

 

ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների՝ ՀՀ ներմուծումը: Խոսքը վերաբերում է այդ երկրից ներկրվող գյուղատնտեսական մթերքներին՝ լոլիկին, բադրիջանին, բիբարին եւ այլն: Դրանք ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից: Ներկրողները հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք դժգոհ են այդ որոշումից: Թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելքը սահմանել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում՝ ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:




Լրահոս