Հանուն ԲՀԿ-ից հեռացված նախկին նախարարի՝ «Ծառուկյան» դաշինքից հինգ թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնել ենք, թե ինքնաբացարկների դիմումները հաշվի առնելով` նախնական պատկերով` ինչպիսի տեսք է ունենալու «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում: Այս դաշինքի դեպքում ամեն ինչ մի փոքր խառնված է. նախ ամենից շատ ինքնաբացարկի դիմումներն են եղել (23 հոգի), ապա նաև հետաքրքիր իրավիճակ է մի քանի ընտրատարածքներում:

Մասնավորապես, անդրադառնանք թիվ 1 ընտրատարածքին: Հաշվի առնելով ստացված ձայները` այս ընտրատարածքից պատգամավոր պետք է դառնար Արթուր Մամոյանը, սակայն նա և ևս չորս հոգի՝ Արտյոմ Ծառուկյանը, Ալիկ Եղիկյանը, Արայիկ Կեսոյանը և Արման Աբովյանը ինքնաբացարկ են հայտնել, և այդպիսով պատգամավոր կդառնա ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:

Նրա` խորհրդարան գալը և, առհասարակ, հենց այդ դաշինքի կազմում առաջադրվելը ևս ուշագրավ է: Նախ, ընդամենը վերջերս` 2016 թվականի մարտի 21-ին, նա բարձրաձայնում էր այն ժամանակվա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ կոնֆլիկտի մասին: Իսկ դա եղավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ից հայտարարեցին, թե նա հեռացվել է կուսակցությունից:

Մասնավորապես, այն ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ն իրեն հռչակել է ընդդիմադիր կուսակցություն, Գևորգ Պետրոսյանը հակադարձել էր. «Եթե հռչակելով լինի, ես էլ ինձ կարող եմ ջազի արքա հռչակել»: Նախկին ԲՀԿ-ականը նաև հայտարարել էր, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր քանդում է կուսակցությունը: Սակայն մեկ տարի անց նա պատգամավոր կդառնա հենց այդ ուժի անվան տակ:




Լրահոս