Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի որոշման հետ

Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի որոշման հետ

«Ծառուկյան» դաշինքը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնի է` նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեց, թե իրենք ինքնաբացարկի որեւէ դիմում չեն ներկայացրել եւ որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Արդեն երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը ԿԸՀ-ում հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից, պահանջեցին չեղարկել իրենց անունից տրված գրությունները:

Բնականաբար, ԿԸՀ-ն բավարարեց դիմումները, բայց մանդատ կստանա 8 թեկնածու՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:

Մյուս չորս թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, ձայների հաշվարկի արդյունքում մանդատ չեն ստանա:

Որ ստորագրել են, փաստ է

«Ծառուկյան» դաշինքի դեմ այդ 12 թեկնածուների ապստամբությունն աննախադեպ էր. նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ չէր եղել նման դեպք: «Ծառուկյան» դաշինքից որեւէ մեկը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չմեկնաբանեց կատարվածը: Տեղի ունեցածի իրական պատճառների վերաբերյալ միանգամայն տարբեր վարկածներ էին շրջանառվում:

Նախ՝ հայտնի փաստ է, որ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում թեկնածուներին ընտրացուցակում ընդգրկելուց առաջ պահանջում են նաեւ ինքնաբացարկի դիմումներ գրել կամ պարզապես պահանջում են ստորագրել դատարկ թղթի տակ, որպեսզի հարկավոր պահին լրացվի ինքնաբացարկի դիմումը եւ ներկայացվի ըստ անհրաժեշտության: Այդպես վարվել են նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, այդպես վարվել են նաեւ այս անգամ: ՀՀ նոր ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածը պահանջում է՝ ինքնաբացարկի դիմումները պետք է լինեն նոտարով վավերացված: ԿԸՀ երեկվա նիստում պարզվեց՝ «Ծառուկյան» դաշինքի դիմումները բոլորն էլ նոտարը վավերացրել էր: Իսկ նոտարն էլ եղել է Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աննա Աբրահամյանը հաստատել է այդ փաստը՝ ասելով. «Չի եղել որեւէ մի գործարք, որ ես քաղաքացուն առանց տեսնելու վավերացնեմ որեւէ փաստաթուղթ: Իսկ ինչ վերաբերում է դիմումներին, ապա թող բարի լինեն կարդալ, թե ինչի տակ են ստորագրել»: Մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում էլ Ա. Աբրահամյանն ասել է. «Մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ եւ նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չեմ»:

Այսինքն՝ պարզ է, որ թեկնածուները, որոնք հայտարարել են ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու մասին, ժամանակին, այնուամենայնիվ, ստորագրել են իրենց ներկայացված թղթի տակ: Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, որը ինքնաբացարկի դիմումից հրաժարվածների թվում էր, լրագրողներին պատմել է, որ ինքը նման դիմում գրել է, սակայն դա վերաբերել է մինչեւ ընտրությունների օրն իր թեկնածությունից հրաժարվելուն. «Մենք մամուլից ենք իմացել, որ ներկայացվել է ուժը կորցրած դիմում»: Մեկ այլ թեկնածու՝ Մուշեղ Սաղաթելյանն էլ տեղեկացրել է. «Ես մի տեղ, մի անգամ կենտրոնական շտաբում մի հատ մատյան էր, դրա մեջ մի հատ ստորագրություն եմ դրել: Ասեցին` գործերը հանձնել, վերջացրել, եք, ստորագրեք, այդտեղ ստորագրել եմ»:
Վարկածներ, որոնք չեն հերքվել

Հիմա կատարվածի պատճառների վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին: Կարծես թե որեւէ մեկը չի կասկածում, որ այս սկանդալի մեջ իր դերն ունի Սերժ Սարգսյանի իշխանությունը. այդ մասին է խոսում փաստը, որ երեկվա «ապստամբությունը» հստակ կազմակերպված բնույթ ուներ: Բացի այդ` նկատենք՝ այս սկանդալն ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, քանի որ արդյունքում վարկաբեկվեց ե՚ւ Գագիկ Ծառուկյանը, ե՚ւ ԲՀԿ-ն, միաժամանակ, դեռ ԱԺ առաջին նիստը չկայացած, այս դաշինքը կարելի է համարել տրոհված ու փլուզված: Ու հիմա Գ. Ծառուկյանի վերահսկողության տակ չէ դաշինքի մի մասը՝ ովքեր երեկ չեղարկեցին ինքնաբացարկի դիմումները: Ավելին` ենթադրվում է` դաշինքի մի մասը Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ է. ի վերջո, Ս. Սարգսյանն անձամբ իր հետագա իշխանավարման հարցը լուծելու համար նաեւ մյուս խմբակցությունների պատգամավորներից մեծ խմբակցություն է հավաքում:

Ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Ծառուկյանն իր դաշինքի թեկնածուների հետ դեռ ընտրություններից առաջ պայմանավորվել է՝ եթե համամասնական ցուցակի անցողիկ տեղում գտնվողները, որ նաեւ ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվել, քիչ ձայն բերեն, ապա պետք է հրաժարվեն համամասնականով պատգամավոր դառնալու տարբերակից եւս: Վերջիններս տվել են նման համաձայնություն՝ խոստանալով կոնկրետ թվեր: Ընտրությունների արդյունքում պարզվել է, որ ոչ բոլորն են կարողացել խոստացվածին մոտ ձայն ստանալ: Օրինակ՝ Արարատ Զուրաբյանը, որը համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում էր, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգայինով ստացել էր 1870 ձայն, կամ՝ Սերգեյ Բագրատյանը 4033 քվե էր ստացել 12-րդ ընտրատարածքում եւ դաշինքի թեկնածուների մեջ 4-րդն էր:

Բայց մյուս կողմից առնվազն տարօրինակ է թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայն ստացած թեկնածուի՝ Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկը. նա այստեղ ստացել էր 4348 քվե: Նույն տրամաբանությամբ անհասկանալի էր ԲՀԿ ամենանվիրյալ անդամներից Վահան Կարապետյանի անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը, երբ նա էլ թիվ 2-րդ ընտրատարածքում էր այս դաշինքի թեկնածուների մեջ ամենաշատ քվեն ստացել՝ 8728 ձայն: Այս տրամաբանության մեջ չի տեղավորվում նաեւ թիվ 7 ընտրատարածքից Խաչիկ Մանուկյանի ինքնաբացարկը, քանի որ նա էլ իրենց մոտ էր «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ քվեն ստացել՝ 5675: Չի բացառվում՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացվել այն պատճառով, որ վերջիններս չեն կարողացել խոստացած չափով ձայներ ապահովել:

Մեկ այլ տեսակետի համաձայն` նրանց անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու նպատակը եղել է ավելի քիչ ձայն ստացած, բայց եւ ավելի յուրային համարվող թեկնածուներին ԱԺ բերելը. թիվ 1 ընտրատարածքից այդպիսին է համարվել սոցապ նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը (նրանից ավելի շատ ձայն ստացած բոլոր 5 թեկնածուի անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել), կամ թիվ 7 ընտրատարածքից նպատակ է եղել պատգամավոր դարձնել Նորա Առուստամյանին՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը, եւ այսպես շարունակ:

Ենթադրվում է՝ իշխանությունն էլ, օգտվելով այդ մարդկանց դժգոհությունից, կազմակերպել է երեկվա «ըմբոստությունը», թեկնածուներին համոզել են ոչ մի դեպքում չհրաժարվել մանդատից եւ երաշխավորել են, որ այդ դիմումները չեղարկելով` պատգամավոր կդառնան: Կա նաեւ տեսակետ, որ Սերժ Սարգսյանն է հորդորել Ծառուկյանին կոնկրետ թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ԿԸՀ, եւ այս դեպքում մի քանիսը, սեփական պատիվը պաշտպանելու համար, որոշել են ըմբոստանալ, հետո նրանց են միացել մյուսները եւ «շարժում» է սկսվել:

Ու քանի դեռ «Ծառուկյան» դաշինքը որեւէ մեկնաբանություն պաշտոնապես չի տվել, իրականությունը չի պարզվել, այս բոլոր վարկածները կարելի է համարել ճիշտ, միաժամանակ եւ սխալ:

Արձանագրենք. այս սկանդալի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը լուրջ հարված ստացավ։ Ու թեեւ հետո այս մարդիկ կարող են հաշտվել, բայց կատարվածը նաեւ նստվածք է թողնելու երկու կողմի վրա:

Մեր աղբյուրները չեն բացառում, որ երեկ ինքնաբացարկի դիմումից հրաժարվածներն, այնուամենայնիվ, կրկին ինքնաբացարկի դիմում ներկայացնեն. ի վերջո, քաղաքականության մեջ կարող է եւ նման դեպքեր լինեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ