«Ծառուկյան» դաշինքում ստեղծված իրավիճակի պատճառը հայտնի է. ինչ նախնական պայմանավորվածություն է եղել

«Ծառուկյան» դաշինքում ստեղծված իրավիճակի պատճառը հայտնի է. ինչ նախնական պայմանավորվածություն է եղել

«Ծառուկյան» դաշինքը վերջապես անդրադարձել է վերջին սկանդալին, երբ պատգամավորի թեկնածուները ետ վերցրին իրենց անունից ԿԸՀ տարված մանդատից հրաժարվելու դիմումները՝ ասելով, որ իրենք նման դիմում չեն ներկայացրել, տեղյակ չեն այդ ամենից: Երեկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, թե այդ դիմումները գրել ու ստորագրել են թեկնածուները, եւ որ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է՝ դա պարզելու համար:

Միաժամանակ նա բացահայտել է պատճառները. «Պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների մեջ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել, եւ ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ, այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետեւանք ու արդյունք են»,- ասել է նա:

Հիմա արդեն ամեն ինչ պարզ է. թեկնածուներից նախօրոք դիմումներ են վերցվել, եւ երբ պարզվել է՝ խոստացված ձայները նրանք չեն կարողացել ապահովել, Ծառուկյանն իրավունք է վերապահել դիմումներն ուղարկել ԿԸՀ: Միայն թե սա արվել է առանց թեկնածուներին նախօրոք տեղյակ պահելու: Բայց Ծառուկյանը նրանց նախապես տեղյակ չի պահել, որովհետեւ, ենթադրում ենք, դաշինքի նախընտրական ողջ ծախսերն ինքն է արել, ուստի եւ մտածել է, որ եթե ինքն է վճարել, ինքն էլ իրավունք ունի միանձնյա որոշել՝ ում գործուղի ԱԺ: Բայց հիմա անկախ այդ ամենից, այդ ձայն չբերած 8 թեկնածուները, միեւնույն է, գնում են խորհրդարան: