Արթուրի հայրական կողմին 800 եվրո են տվել՝ քառասունքի ծախսերի համար. Ալեք Ենիգոմշյանն անդրադառնում է մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն օրեր առաջ զրուցել էր Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի մոր՝ Դոնարա Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, թե  Արթուրի մահվանից հետո ստեղծված հանձնախումբը ոչինչ չի անում:

«Ընդհանրապես հանձնաժողովի կողմից ոչ մի դրամական մուծումներ չեն եղել: Արթուրի հետ կապված բոլոր ծախսերը եղել են անվճար, այսինքն՝  հանձնաժողովը չի վճարել, այլ ուրիշ մարդիկ են տվել: Հիմա արդեն անհանգիստ եմ, որ ուշանում են հուղարկավորությունների արարողությունները, քարը և այլն: Պետք է դնեն վերջապես հողը հանգիստ»,- նշել էր նա:

«Հաց բերողի» հարազատների մեղադրանքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է հանձնախմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

– Պարո՛ն Ենիգոմշյան, օրեր առաջ մեզ հետ զրույցում Արթուր Սարգսյանի մայրն անդրադարձել էր հանձնախմբի աշխատանքներին և մի քանի մեղադրանքներ հնչեցրել: Ինչպե՞ս կարձագանքեք նրանց հայտարարություններին:

– Այնտեղ երկու հիմնական հարց է արծարծվում, մեկը նրա հուղարկավորված, հողին հանձնած լինել-չլինելու հարցն է, մյուսը՝ ֆինանսականը: Այդ հուղարկավորված կամ հողին հանձնված լինելու խնդիրը լրիվ կամ թյուրիմացություն է կամ գոյություն չունեցող խնդիր է: Արթուրը հողին հանձնվել է շատ պատշաճ կերպով:

Դամբարանանման սենյակ է կառուցվել, որտեղ ինքը տեղավորվել է: Դա հին, հայկական և ընդունված ձև է. նույնիսկ կարող եմ ասել, որ ազնվականներն այդ ձևով էին հողին հանձնվում: Այնտեղ հողին հանձնված չլինելու խոսք չի կարող լինել:

Տվյալ դեպքում դա մի առավելություն ևս ունի. այն է, որ պայմանները, քաղաքական արգելքները, որոնք արհեստականորեն ստեղծվել են Արթուրին Եռաբլուրում ամփոփելու շուրջ, ավելի կհեշտանա: Այսպես ամփոփված լինելը նաև այդ հարցին է ձեռնտու: Հավելեմ նաև, որ Արթուր Սարգսյանի եղբայրը ևս այդ հանձնաժողովի անդամ է և համաձայն էր այդ ձևով նրան հողին հանձնելու հետ:

– Տիկին Դոնարան խոսեց նաև ֆինանսական հարցերի մասին` նույնիսկ կոչ անելով, որ դրսից գումարներ չուղարկվեն, քանի որ բիզնես է դարձել: Ինչպե՞ս կարձագանքեք:

– Հանձնախումբը  գումարներ ստանալու հետ բացարձակապես կապ չի ունեցել, ոչ մի կոչ, ոչ մի հայտ չի ներկայացրել մարդկանց: Հանձնախումբը ոչ մի հայտ չի ներկայացրել գումարներ ստանալու համար՝  ո′չ այստեղ, ո′չ դրսից: Եթե այդ ընթացքում գումարներ փոխանցվել են, հանձնախումբը և անդամները դրա հետ ոչ մի կապ չունեն:

Անհեթեթություն է հանձնախմբին նման հարցերի հետ կապելը: Ես չգիտեմ, թե ինչ գումարների մասին է խոսքը, բայց մեկ բան ասեմ` որոշ ծախսեր անվճար են եղել: Զոհաբերությունը հարգող մարդիկ իրենց ծառայությունների դիմաց գումարներ չեն վերցրել՝ բարեհոգաբար հրաժարվելով: Այն մարդիկ, ովքեր պետք է ստացող կողմը լինեին, հրաժարվել են, սակայն ինչ-որ ծախսեր եղել են, օրինակ, հուղարկավորության օրը քաղաքացիների տեղափոխումը, հանձնաժողովի անդամներն իրենց են սեփական միջոցներից այդ գումարները տրամադրել:

– Իսկ այդ դեպքում ո՞վ  է ստանում գումարները:

– Ես չգիտեմ, թե ինչ գումարների մասին է խոսքը, ովքեր որ խուսում են դրանց մասին, իրենք պետք է ասեն: Ես մի բան կարող եմ հաստատ ասել, անցյալ շաբաթ կամ քառասունքի հաջորդ օրը, արտասահմանից ինչ-որ անհատական նախաձեռնությամբ, նաև կապի մեջ մտնելով Արթուրի հորական կողմի հետ` գիտենք, որ Արթուրի ծնողները բաժանված են եղել, և այդ մարդիկ կապ են հաստատել հորական կողմի հետ և մոտ 800 եվրո են տվել նրանց ՝ քառասունքի օրվա համար և դրանից առաջ գերեզմանի վրա որոշակի հարդարանքներ անելու համար:

– Ինչո՞ւ  է հենց հայրական կողմին փոխանցվել:

– Ես չգիտեմ, քանի որ ես և հանձնախումբը ոչ մի կապ չունենք: Իհարկե, այստեղ հասկանալի է տիկին Դոնարայի վրդովմունքը հենց այդ հանգամանքից ելնելով, քանի որ ինքը հասկանալի պատճառներով վրդովված է, որ մարդիկ կապ են պահում հոր կողմի հետ: Իհարկե, դա հասկանալի վրդովվմունք է, բայց դրա հետ հանձնախումբը ոչ մի կապ չունի:

Հիշեցնենք, որ Հաց բերողի մահվանից հետո հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ էր ձևավորվել, որի կազմում էին.

1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ

2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող

4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ

5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ

6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը

7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի

8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը

9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ

10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ

11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ

12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս