ՖՈՏՈ. Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց դրույթներն իրականացնելով, եվրոպական պետությունները և, առաջին հերթին, Եվրոպայի ժողովուրդները հասան մեծ հաջողությունների մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատվության, ժողովրդավարության և միասնական գաղափարների տարածման ու իրագործման պատվաբեր աշխատանքում:

Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաև Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահրավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն:

Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական:

Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը և Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության և Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար:

«Ձեր այցը շատ կարևոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություններ և նաև արձանագրել ենք աջակցության ընդհանուր շրջանակի մասին համաձայնություն:

Պարո՛ն Նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, և այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ և ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարևոր ազդանշաններ ստացանք և՛ Հայաստանի ղեկավարությունից, և՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը:

Պարո՛ն Նախագահ, մենք շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությանը Ձեր կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը և Եվրամիությունը բաց և պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը և վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի:




Լրահոս