Մակրոնը Եվրոպական միությունը կփրկի ավերիչ երկրաշարժից. ինչով է նա հայտնի և ինչ ճանապարհ է անցել

Մակրոնը Եվրոպական միությունը կփրկի ավերիչ երկրաշարժից. ինչով է նա հայտնի և ինչ ճանապարհ է անցել

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-­ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում: Այս իսկ պատճառով հարկ է ուշադրությամբ քննել այս թեկնածուի նախկին գործունեությունը եւ նրա առաջարկները Ֆրանսիայի ապագա քաղաքականության շուրջ:

Մակրոնը ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը, ինչպես նաեւ Ֆրանսիայի պետական ապարատի ղեկավարող կադրերի պատրաստման ազգային դպրոցի շրջանավարտ է: Այս հաստատություններում է, կարելի է ասել, կրթվել ու ձեւավորվել ֆրանսիական քաղաքական ընտրանին, եւ Մակրոնն էլ բացառություն չէ: Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի տնտեսական գծով խորհրդական դառնալը, Մակրոնը Ռոտշիլդների ներդրումային բանկում բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել:

2014թ. օգոստոսին նա նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ինդուստրիայի նախարար եւ այդ պաշտոնը լքել է 2016թ. օգոստոսին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ կապակցությամբ նա ստեղծեց իր «Առաջ» շարժումը, որը հանդես է գալիս իբրեւ լիբերալ-պրոգեսիվ հոսանք եւ գործում է ֆրանսիական հանրապետականներից ու սոցիալիստներից անկախ:

Մակրոնը ընտրարշավի մեջ թաթախվեց ոչ հապճեպորեն՝ այդ մասին պաշտոնապես ազդարարելով միայն 2016թ. նոյեմբերին: Նախընտրական իր գաղափարներին ծրագրի կերպարանք հաղորդելու քայլից նա տեւական ժամանակ ձեռնպահ էր մնում՝ հարուցելով մրցակիցների զայրույթն ու քննադատությունը: Ի վերջո, մարտի 2-ին հրապարակեց իր նախընտրական ծրագիրը որպես Ֆրանսիայում վերափոխումների համալիր մի փաթեթ: Վերլուծաբանները հասցրել են արդեն գնահատել Մակրոնի ծրագիրը՝ նրան կնքելով «սոցիալ-դեմոկրատի» պիտակով:

Մակրոնը համարվում է, ընդհանուր առմամբ, կենտրոնամետ գործիչ, որի հայացքները մոտ կարող են համարվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ այլոց աշխարհընկալմանը: Մակրոնի առաջարկները առավելապես վերաբերում են սոցիալ-տնտեսական հիմնահարցերին:

Առանձնացնելի է, որ նա կողմ է ազատ շուկայական հարաբերություններին՝ նվազեցնելով հանրային ֆինանսների պակասորդը: Սոցիալիստ նախագահի խորհրդականի ու նախարարի կարգավիճակները այնժամ անգամ չէին կաշկանդում նրան հայտարարելու, որ ինքն իրեն ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ չի համարում՝ մտահոգված լոկ համընդհանուր համերաշխության խնդրով:

Այս առումով նա կարեւորում է թե՛ Կանադայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագիրը՝ տնտեսական համագործակցության ու առեւտրի շուրջ, թե՛ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները ուժեղացնելու հարցերը: Մակրոնը առաջարկում է նաեւ որոշակիորեն վերանայել խաղի կանոնները ԵՄ-ի ներսում՝ կապված եվրոյի գոտում տիրող առեւտրային անհավասարակշռության հարցի հետ, որի համատեքստում Գերմանիան մեծ շահույթներ է ստանում:

Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հարցում Մակրոնը կրկին հավասարակշռության կողմնակցի դերում է հանդես գալիս: Թեպետ ժամանակին կոչ էր անում Սիրիայի հարցում անգամ երկխոսության նստել Ասադի հետ, սակայն քիմիական զենքի կիրառման շուրջ ծագած վերջին սկանդալից հետո նա հայտարարեց, որ պետք է ՄԱԿ-ի մանդատով ռազմական ներխուժում իրականացնել այդ երկիր: Սակայն պարզ է, որ Մակրոնի արտաքին քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած կլինի ԵՄ-ի խնդիրների ուղղությամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում հետապնդելով ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի կոնսենսուսին:

Իսկ ԵՄ-ում իրավիճակը, իսկապես, լավագույններից չէ՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական դժվարություններն ու մշտական վեճերը, թե՛ գործնական աղետը՝ Միացյալ Թագավորության հեռանալը: Ընդունված է Մակրոնին համարել եվրոպամետ գործիչ, որը Ֆրանսիայի ապագան ԵՄ-ից դուրս չի տեսնում: Եվ այդ ապագայի կերտմանն էլ ուղղված է ԵՄ-ի ներսում փոփոխությունների հսկայական համալիրը, որ ներկայացրել է Մակրոնը:

Նա առաջարկում է խորացնել կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ վերափոխումները, որոնց թվում՝ աշխատաշուկան, տնտեսական կառավարման տարածքը եւ այլն: Նա գտնում է, որ հարկային ու սոցիալական համակարգերը պիտի ներդաշնակեն միմյանց: Նախագահի թեկնածուն նաեւ կարիք է տեսնում ԵՄ նոր հանձնակատարի պաշտոնի ստեղծման համար, որը պատասխանատու կլինի եվրոյի գոտու, հատուկ այդ նպատակի համար գործող պառլամենտի ու բյուջեի համար:

Մակրոնը նույնիսկ քարոզում է ԵՄ ներսում առանձին երկրներին սանկցիաներով պատժելու անհրաժեշտությունը: Խոսքն առաջնահերթորեն վերաբերում է Լեհաստանին ու Հունգարիային, որոնք հետեւողականորեն իրացնում են հակաեվրոպական քաղաքականություն, մասնավորապես կրթության ու փախստականների հարցերում: Մակրոնը խստագույնս տարբերվում է իր մրցակցից ներգաղթի քաղաքականության հարցում: Նա սատարում է «բաց դռների» քաղաքականությանը, որ ԵՄ-ի օրակարգ է մտցրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա կարծում է, որ Ֆրանսիան ունի ներգաղթյալներին ընդունելու հսկայական պոտենցիալ, ինչը կուժեղացնի առաջին հերթին տնտեսությունը: Դրա հետ մեկտեղ Մակրոնը դեմ է ապօրինի ներգաղթին՝ համարելով, որ այդ հարցում լուրջ վերահսկողության կարիք կա:

Մակրոնը ֆրանսիական քաղաքականության մեջ աութսայդեր չէ, բայց բավականին ճանաչված չի եղել եւ երբեւէ ընտրովի պաշտոնի չի հավակնել: Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ գործիչն է, որ պայքարել է նախագահի պաշտոնի համար եւ թերեւս կդառնա Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը՝ 39 տարեկան: 1958թ. ի վեր Ֆրանսիայի նախագահի պաշտոնին բազմել են ավանդական կուսակցությունների՝ աջ եւ ձախ կենտրոնամետների թեկնածուները, իսկ այսօր դա այլեւս անցյալում է:

Մակրոնը բնույթով կարծրատիպեր կոտրելու եւ ռիսկային որոշումներ կայացնելու հակում ունի, ինչպիսին նրա ընտանիքի ձեւավորման պատմությունն է: Հայտնի փաստ է, որ Մակրոնը ամուսնացել է 24 տարով իրենից մեծ նախկին ուսուցչուհու հետ: Այժմ, հստակ է միայն, որ նրա ընտրությամբ ԵՄ-ն կխուսափի ավերիչ երկրաշարժից, ինչը աշխարհաքաղաքական զարգացումների վրա, անշուշտ, դրական ազդեցություն կունենա:

Ն. Հովսեփյան