Ալյուրի խոշոր ներկրողը` սնանկացման ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Պատճառը կուտակած պարտքերն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առեւտրային բանկերից մեկը:

Նշենք, որ «Մանչո Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: Ընկերությունը զբաղվում է ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ: «Մանչո Գրուպի» արտադրատեսականին բազմազան է՝ սկսած ալյուրից, սպիտակաձավարից, մանրաձավարից, եգիպտացորենից, ցորենից մինչեւ ռահատ, լոխում, վաֆլի եւ այլն:

Նշենք, որ «Մանչո գրուպ» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41 մլն 72 հազար 200 դրամ հարկ ու տուրք:

Եւ չնայած սրան` երբեմնի խոշոր ձեռնարկությունը հայտնվել է սնանկացման ճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը: Իսկ ահա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 14-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի մարտի 17-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարազդատ Ասատրյանը:

Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է մայիսի 22-ին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն հրապարակվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: Ըստ այդմ, ցանկում տեղ են գտել ինչպես առեւտրային բանկեր, այնպես էլ ընկերություններ: Ի դեպ, ընկերության պարտքը հիմնականում դոլարային է:

Այսպես՝ ընկերության առաջին պարտատերը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն է, որի պահանջի չափը կազմել է 8 մլն 850 հազար 480 դոլար, 27 մլն 257 հազար 765 դրամ եւ 500 հազար դրամ: Պարտատերերի ցանկում է տեղ գտել նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի» ընկերությունը, որի պահանջի չափը կազմում է 14 մլն 411 հազար 998 դոլար: «Մանչո գրուպ»-ը պարտք է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, իսկ պարտքի չափը կազմում է 59 մլն 27 հազար 519 դրամ:

Շարունակելով ընկերության պարտատերերի ցանկի ներկայացումը` նշենք նաեւ, որ «Մանչո Գրուպը» պարտք է «Քուանդիլ Սերվիսիզ ԼԹԴ» ՍՊԸ-ին, իսկ պահանջի չափը կազմում է 350 հազար դոլար: «Մոդուս Գրանում»-ին պարտք է 340 մլն 186 հազար 842 դրամ, «Սարանիստ»-ին 22 մլն 913 հազար 610 դրամ, «Կարտոն-Տարա»-ին` 8 մլն 880 հազար դրամ:

«Մանչո Գրուպ» ընկերությունը պարտք է նաեւ «Սան Ֆուդ» ՍՊԸ-ին ավելի քան 2.5 մլն դրամ, Ա/Ձ Սուրեն Ղալաչյանին` մոտ 6.5 մլն դրամ, «Դարոյնք» ՍՊԸ-ին` մոտ 2 մլն դրամ, «Գյուտարար»-ին՝ մոտ 1.5 մլն դրամ եւ «ՍՍՕ Պլաստ» ՍՊԸ-ին` 6 մլն դրամ: Չնայած այս ամենին՝ ընկերությունը դեռ շարունակում է գործունեություն ծավալել: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ. «Մենք այժմ դատական գործընթացների մեջ ենք:

Անպայման առողջացման ծրագիր ենք ներկայացնելու: Չեմ կարող ավելին ասել: Միայն վստահ հայտարարում եմ, որ ընկերությունը գործում է եւ շարունակելու է գործել»:

«Մանչո Գրուպ»-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է այժմ գործը գտնվում: Նա նշեց, որ ինքը առարկություն է ներկայացրել պարտատերերի կողմից ներկայացված պահանջների մասով:

«Քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչ պահանջներ են, եւ դրանց հիմքերը ինչ են: Յուրաքանչյուր պահանջի մասով առարկություն ներկայացնելու համար ժամկետ է պետք: Իսկ առաջին զննման դեպքում այնտեղ պահանջներ կան, որոնք, ըստ էության, առարկելու լուրջ տեղ ունեն, որը ամեն դեպքում պետք է դատաքննության առարկա դառնա»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը:

Ասատրյանի խոսքերով՝ ընկերությունը գործունեություն կարող է իրականացնել մինչեւ լուծարման վարույթ ընդունվելը, եւ հենց այդ ժամանակ էլ ընկերության տնօրենի գործունեությունը կդադարեցվի: Զրույցի ընթացքում Վ. Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ առողջացման ծրագիր ներկայացնելու համար օրենքով սահմանված կարգով ժամկետ կա, եւ այն սովորաբար մինչեւ պարտատերերի առաջին ժողովն են ներկայացնում, որն էլ նշանակված է մայիսի 22-ին:
Մեզ մնում է հուսալ, որ խոշոր ձեռնարկությունը արագ ոտքի կկանգնի, հակառակ դեպքում կկորցնենք ոչ միայն խոշոր հարկատու, այլեւ բազմաթիվ աշխատողներ գործազուրկ կդառնան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս