ՖՈՏՈ. Պրահայի հայկական եկեղեցին ամենևին էլ հայկական չէ. ով է իրավիճակի պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015 թվականի Նոյեմբերի 4-ին, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել էր Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային եւ շնորհակալություն հայտնել Պրահայի կենտրոնում Չեխիայի հայկական համայնքին՝ պատրաստի, կառուցված կաթոլիկ եկեղեցու պատմական շենք տրամադրելու համար:

Նկատենք, որ թեեւ չեխ կարդինալը 2 տարի առաջ է նվիրել եկեղեցու տարածքը՝ ներքին հարդարանքներով եւ կահավորանքով, սակայն մինչ օրս տաճարը ոչնչով հայկական չի դարձել: Ճիշտ է՝ սպասավորները հայեր են, բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքները, բայց դա շատ քիչ է:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ Պրահայում, արձանագրեց, որ կենտրոնական հատվածում գտնվող հայկական եկեղեցին, որն իրապես արժեքավոր նվեր է հայ համայնքի համար, ամենեւին հայկական չէ: Ոչ միայն եկեղեցու վրայի խաչը հայկական չէ՝ կաթոլիկ ոճի է, այլեւ անգամ մի տառ անգամ չկա որեւէ տեղ գրված, որ դա հայկական եկեղեցի է: Անցած երկու տարիների ընթացքում հայկական եկեղեցու մեջ տեղադրվել են ընդամենը մի խաչքար, կնունքի արարողության համար նախատեսված լվացարան, խորանի վարագույր:

Տարօրինակ է, որ Պրահայի հայկական եկեղեցում, անգամ հայ առաքելական եկեղեցիներում ավանդաբար վառվող մոմ չկա: Այնտեղ վաճառում են խանութներից գնված «ժամանցային» մոմեր՝ երկաթե պատյաններով: Հայ համայնքի ներկայացուցիչները երբեմն մոմ են գնում ռուսական եկեղեցուց, տանում իրենց հետ հայկական եկեղեցի եւ վառում:

Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն

«Ժողովուրդ»-ը առկա իրավիճակի շուրջ պարզաբանումներ խնդրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից: Մայր աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց հետեւյալը. «Ճիշտ է՝ եկեղեցին գործածման նպատակով փոխանցվել է հայ համայնքի հոգեւոր կարիքների համար: Վստահ եմ, որ եկեղեցու պատմական տեսքի հետ կապված որեւէ փոփոխություն պետք է արտոնվի Կաթոլիկ Եկեղեցու կողմից: Այդպիսին է պարագան մի շարք երկրներում մեր կողմից վարձակալվող կամ պարզապես գործածվող տաճարների դեպքում: Հնարավոր է, որ հենց սա է պատճառ»: Այսինքն՝ առարկայական տեղեկություն՝ Պրահայի հայկական տաճարի մասին հայ առաքելական եկեղեցու վերնախավին կա՛մ հայտնի չէ, կա՛մ նրանք չեն կարեւորում ոչ հայեցի եկեղեցի ունենալը: Ընդ որում, հայեցի ասվածը, ինչպես նշեցինք, վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին:

Առավել առարկայական մեկնաբանություն ստանալու համար Մայր աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը խորհուրդ տվեց դիմել Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանին, ով Չեխիայի հայոց հոգեւոր հովիվն է: Նախ նա նշեց, թե իրենց մոտ մոմերը չեն վաճառվում: «Մոմերն ամբողջությամբ դրված են հենց մուտքի մոտ, կողքն էլ՝ գանձարան: Ով որքան ցանկանում է, կարող է դրամը գցել եւ մոմ վերցնել, կարող է եւ ընդհանրապես ոչինչ չդնել»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցերին, թե եկեղեցու արտաքին տեսքից չենք կարող եզրակացնել, որ այն հայկական է, եւ նույնիսկ նման որեւէ նշում չկա, Հայր Բարսեղը նշեց. «Նախեւառաջ, եկեղեցին կաթոլիկ է, որը տվել են մեզ՝ հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է, ինքը պատմական հուշարձան է, եւ որեւիցե մի փոփոխություն արգելված է: Մենք նույնիսկ խնդրել ենք, որ թույլ տան մոմակալներ դնել, նույնիսկ մոմ վառելն է այնտեղ արգելված: Գումարած դրան՝ մենք նաեւ վարագույր ենք դրել խորանին, որ չի եղել: Այնպես չէ, որ Հայաստանն է, ով ինչպես ցանկանում է, շինարարություն է անում, այստեղ շատ լուրջ են վերաբերվում նման հարցերին»:

Անդրադառնալով փաստին, որ որեւէ նշում անգամ չկա՝ թեկուզ ցուցանակի տեսքով, որ այն հայկական եկեղեցի է, Հայր Բարսեղը հայտնեց. «Նշումը պետք է լինի: Քանի որ պայմանագիրը միայն այս տարի նոյեմբերին է լինելու, մինչեւ ստորագրությունը չլինի, մենք իրավունք չենք ունենալու որեւէ բան գրելու»:

Ահա այսպես, փաստորեն տարիներ են պետք՝ հայ համայնքին նվիրված եկեղեցին գոնե ցուցանակով հայկական դարձնելու համար: Իսկ մոմերի մասին Հայ Բարսեղի պարզաբանմանը հակադարձում ենք արված լուսանկարով:

    


Նաիրա Հովհաննիսյան
Թամարա Միքայելյան
Պրահա




Լրահոս