ՖՈՏՈ. «Մայիսի 911» տոնական շքերթ. ԱԻՆ շնորհավորանքը Հաղթանակի օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում անցկացրել է հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով մեկ տասնյակից ավելի երթուղիներով շրջել են տարբեր քաղաքների փողոցներով և շնորհավորել մեր համաքաղաքացիներին՝ փուչիկներ նվիրելով մանուկներին:

Միջոցառման նպատակներից էր նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:

Հաղթանակի օրը՝ առավոտից մինչ երեկո, Երևանի «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական բազմաժանր համերգային ծրագրով հանդես է եկել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

ՀՀ ԱԻ նախարարությունը նախկինում էլ է մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, սակայն այս ձևաչափով մասնակցությունն աննախադեպ էր:

«Մայիսի 911» տոնական շքերթի ավարտին հրշեջ մեքենաները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց է միացել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ են բաց թողել խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:




Լրահոս