Հերթական վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը կվճարի ավելի քան 52000 եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է արդարադատության նախարարությանը հատկացնել 52 հազար 565 եվրոյին համարժեք դրամ: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 2400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Իսկ ահա «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ գործադիր մարմինը դիմումատուին վճարելու է 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ:

Ի դեպ, նշված գործերով ՄԻԵԴ-ի վճռով գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Նշենք, որ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել էր Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել`պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ դատարանը նրա պնդումները հաշվի չի առել։

Իսկ 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի հայրը՝ Հրաչ Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը։ Ու բոլոր կայացված ապօրինի վճիռների համար հատուցում են ՀՀ հարկատուները։




Լրահոս