«Լավագույն» ավանդույթները շարունակվում են. ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պատմությունը

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են. ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պատմությունը

ՀՀԿ-ՀՅԴ  համագործակցության շուրջ վերջին շտրիխները կարվեն մոտ օրերս: Երկու կողմերը չեն էլ թաքցնում, որ բանակցություններն ավարտված են և հաշված օրերի ընթացքում այն կստորագրվի: Եվ ՀՅԴ-ն, և ՀՀԿ-ն սակայն չեն շտապում հրապարակել փաստաթղթի բնույթը կամ տրվելիք պորտֆելների շուրջ հարցերի պատասխանները: Ի վերջո, չի բացառվում, որ  ՀՅԴ-ն տրվեն նոր պորտֆելներ, ընդհուպ մինչև ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ իշխող կուսակցություն ու ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր են ստորագրելու և, ըստ տեղեկությունների, այն գրեթե չի տարբերվելու նախորդից: Նրանց միջև առաջին կոալիցիան կազմվեց 2003 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո, սակայն եռակողմ, նրանց էր միացել նաև ՕԵԿ-ը: Այդ ժամանակ դաշնակցության քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:

Չորս տարի անց՝  2007-ին տեղի ունեցան արդեն չորրորդ գումարման խորհրդարանի ընտրությունները. Այդ ժամանակ կոալիցիա կազմվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև: Սակայն այս կոալիցիայի կյանքը երկար չտևեց. 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պատճառ դարձան, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից և իրեն հայտարարի ընդդիմություն: Դաշնակցության օգտին գրված քվեների թիվը 2007-ին կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում Դաշնակցությունն ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով:

2012թ․ ՀՅԴ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի հետ և շարունակեց իր գործունեությունը որպես ընդդիմություն: Իսկ ահա 2016թ․ ՀՅԴ-ն կրկին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ։ Դրանից հետո ՀՅԴ-ն ստացել է 3 նախարարական, 2 մարզպետի պորտֆելներ: 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում Դաշնակցության քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո Դաշնակցությունը մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել և ունենալ հինգ պատգամավոր:

Նաիրա Հովհաննիսյան