Լավ չհաշվարկելու հետևանքը. ինչ հանգուցալուծում կստանա «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի շուրջ հետընտրական զարգացումները, կարելի է ասել, վերջնականապաես մարեցին: Ինքնաբացարկի դիմումները հետ պահանջած 12 անձանցից 8-ից մի քանիսը, ովքեր պատգամավորական մանդատ ստացել էին,  ընկրկել են և պատրաստ են Գագիկ Ծառուկյանի խոսքի դեպքում հենց նիստի առաջին օրը վայր դնել մանդատը:

Ինչպես հայտնի է՝ պատգամավորական մանդատ ստացած  ութ անձինք են՝ Խաչիկ Մանուկյան, Հարություն Ղարագյոզյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Կարապետյան, Արտյոմ Ծառուկյան, Արթուր Մանուկյան, Արարատ Զուրաբյան և Նապոլեոն Ազիզյան: Վերջինս ամենաարագը մտքափոխվեց. հենց ԿԸՀ նիստի նույն օրն էլ հայտարարեց, որ պատրաստ է մանդատը վայր դնել Ծառուկյանի ոտքերի առջև: Ազիզյանի մանդատի պատմությունը լրատվամիջոցներում շրջանառվեց դեռևս ընտրություններից առաջ, երբ համացանցում հայտնվել էր նրա՝ հրաժարականի մասին դիմումը:

Հարություն Ղարագյոզյանը կարողացավ իր մանդատը ստանալ վերջին րոպեներին, երբ հասցրեց իր դիմումը ճիշտ ժամանակին ներկայացնել ԿԸՀ, սակայն վերջինս էլ հենց նույն օրը փոշմանել էր՝  ետ գնալով ԿԸՀ և մանդատը վայր դնելու մասին կարգը ճշտել:

Մյուսները ևս չեն թաքցրել, որ պատրաստ են Գագիկ Ծառուկյանի խոսքի դեպքում վայր դնել մանդատները. նշված անձանցից թերևս անհայտ է միայն Խաչիկ Մանուկյանի դիրքորոշումը: Տարբեր շրջանակների խոսքերով,  Խաչիկ Մանուկյանն այդպես հեշտ հանձնվողներից չէ և մանդատի համար կպայքարի մինչև վերջ: Վերջինս ՀՀ-ում չէ և վերադարձից հետո ակնհայտ է, որ տեղի կունենա Ծառուկյան -Մանուկյան հանդիպումը, որը կարող է շատ բան փոխել, ինչպես եղավ և մյուսների դեպքում:

Ինչպես հայտնի է՝ նման դիմումներ վերցված են եղել բոլոր թեկնածուներից , իսկ ցուցակներում ընդգրկվելու պայմանն էլ եղել է ընտրություններին պատշաճ ձայն ապահովելը և, երբ պարզվել է՝ խոստացված ձայները նրանք չեն կարողացել ապահովել, Ծառուկյանն իրավունք է վերապահել դիմումներն ուղարկել ԿԸՀ: Միայն թե սա արվել է առանց թեկնածուներին նախօրոք տեղյակ պահելու: Բայց Ծառուկյանը նրանց նախապես տեղյակ չի պահել, որովհետեւ, ենթադրում ենք, դաշինքի նախընտրական ողջ ծախսերն ինքն է արել, ուստի եւ մտածել է, որ եթե ինքն է վճարել, ինքն էլ իրավունք ունի միանձնյա որոշել՝ ում գործուղի ԱԺ:

Թերևս նրանք լավ չէին հաշվարկել չհաջողելու հավանականությունը և հանդիպելով Գագիկ Ծառուկյանին՝  կտրուկ մտքափոխվեցին:




Լրահոս