Մարտական դիրքում մահացած զինվորը սովորում էր Գորիսի պետական համալսարանում

Մարտական դիրքում մահացած զինվորը սովորում էր Գորիսի պետական համալսարանում

ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից էր: Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկը ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ՝  համեստ պայմաններում:

«Շատ հաճելի, ընկերասեր, հայրենասեր, հասարակության կողմից սիրված երիտասարդ էր: Սովորում էր Գորիսի պետական համալսարանում»,-ասաց նա:

Նշենք, որ  ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Լիդա Եղիազարյան