Տիկին Փոստանջյանը մեզ ի՞նչ հակառակորդ է համարվում. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքը հայտարարեց իրենց նախընտրական ծրագրում հատուկ դրույթ ավելացնելու մասին: Ըստ այդ դրույթի՝ Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի հաղթանակից հետո, եթե քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան եւ հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք եւ ընտրել են դաշինքին, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի, եւ Երեւան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը:

Նկատենք, որ դաշինքի այս գաղափարը միանշանակ չընդունվեց, եւ շատերի կողմից այն համարվեց ընտրակաշառքի յուրօրինակ մի ձեւ: Արդյո՞ք հասարակությունը կհրաժարվի առձեռն տասը հազար դրամներից եւ կհավատա դաշինքի 15 հազար դրամի խոստմանը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբը ղեկավարող Էդմոն Մարուքյանի հետ:

-Դե, եթե Դուք գտնում եք, որ այդ առձեռն տասը հազարը, որը քրեորեն հետապնդելի արարք է, ավելի բան է, թող այդպես անեն, ինչ կա: Դա նախընտրական ծրագիր է, ինչպես ցանկացած ծրագիր, մարդիկ իմանում են ծրագրերը եւ ըստ այդ ծրագրերի՝ ընտրում են, եթե ծրագիրը հավանության արժանանա, մենք կհաղթենք, չի արժանանա, չենք հաղթի, ի՞նչ կա, ի՞նչ ռիսկի ենք դիմել որ, նախընտրական ծրագիր է: Մեր ծրագրում, օրինակ, կա Երեւանում անվճար լողավազան կառուցել, դա՞ էլ է ռիսկ, որ ընտրվենք, կկառուցենք, չենք ընտրվի, չենք կառուցի:

-Ռի՞սկ չէ, երբ հասարակության շատ անդամներ քննադատում են եւ նշում, որ դա էլ ընտրակաշառքի յուրօրինակ դրսեւորում է, ինչը դատապարտելի է, անգամ ընտրական օրենսգիրքն է արգելում դրամական խոստումներ տալը:

-Փաստորեն, եթե ասում են՝ աշխատատեղերը ավելացնելու են, գումարային խոստո՞ւմ է դա, որ ասում են՝ թոշակներն ավելացնելու ենք, գումարային խոստո՞ւմ է դա:

-Համենայն դեպս, այս առաջարկը տարբերվում է Ձեր թվարկածներից…

-Մենք ինչ անում ենք, տարբերվող բաներ ենք անում, մենք ստանդարտ բաներ չենք անում, հիմա եթե տարբերվում է, ուրեմն ճիշտ է, որ տարբերվում է:

-Իսկ ինչո՞ւ նախընտրական ծրագիրը կազմելու սկզբից այս դրույթը չեք ներառել: Ի սկզբանե պա՞րզ չէր, որ իշխանությունը, հնարավոր է, ընտրակաշառք բաժանի:

-Ի՞նչ տարբերություն, բայց:

-Չէ՞ որ շատ ժամանակ կլիներ հասարակությանը այս գաղափարը հրամցնելու, եւ քննադատությունների տեղիք հնարավոր է՝ չտար:

-Ես կարծում եմ, որ հիմա էլ շատ լավ բացատրել ենք: Ով ուզում է հասկանալ, թե ինչ ենք առաջարկում, շատ հասկանալի բացատրել ենք:

-Պարո՛ն Մարուքյան, այսօր (հեղ.-երեկ) Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» դաշինքը սատարում են Սերժ Սարգսյանին եւ դրա համար էլ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական կեղծված ընտրություններն ընդունեցին: Իսկ հաշվի առնելով, «որ Նիկոլ Փաշինյանը չի հայտնվի քաղաքապետարանում», այլ կգնա Ազգային ժողով, հետեւաբար, նրա հետ խնդիր չունեն եւ իրենց պայքարը տանելու են Սերժ Սարգսյանի հետ: Ինչպե՞ս կպարզաբանեք Փոստանջյանի այս հայտարարությունները:

-Գիտեք, ես Զարուհու ասուլիսը չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել։ Կլսենք Զարուհու ասուլիսը, եթե հարկ լինի մեկնաբանելու, կմեկնաբանենք, չեմ կարծում, որ կարիք կլինի չնայած: Հետեւում ենք, մեր մամուլի քարտուղարը հետեւում է, եթե ինձ չի տեղեկացրել, որ նման ասուլիս եղել է, ուրեմն դա որեւէ կարեւորություն չունի:

-Լուրջ չեք վերաբերվում Ձեր մրցակցի, հակառակորդի հայտարարությունների՞ն:

-Տիկին Փոստանջյանը մեզ ի՞նչ հակառակորդ է համարվում, չկա նման բան:

-Երբ միասին չեք պայքարում, նշանակում է՝ իրար դեմ եք նաեւ պայքարում…

-Մենք տիկին Փոստանջյանի դեմ չենք պայքարում, բայց, ա՛յ, տիկին Փոստանջյանը մեր դեմ պայքարում է մեր տպավորությամբ: Մենք Երեւանում իշխանափոխության համար ենք պայքարում, ոչ թե ինչ-որ մի անհատի:

-Բայց չէ՞ որ Փոստանջյանն էլ համառում է, որ իրենք գրավելու են Երեւանի քաղաքապետարանը:

-Մենք ասում ենք, որ մենք գնում են տեղական մակարդակում իշխանափոխություն անելու եւ կառավարումը ստանձնելու, թե ով է ինչ ասում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում ու ընդհանրապես մեր դաշինքի ներկայացուցիչներին:

-Եւ վերջում, հնարավո՞ր է՝ կրկնվի Վանաձորի ավագանու ընտրությունների պատկերը եւ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ պայքարեք ՀՀԿ-ի դեմ, թե՞ Վանաձորում տեղի ունեցածից հետեւություններ անելով՝ կհրաժարվեք նման մտքից:

-Գիտեք, Դուք իրավիճակ եք ներկայացնում, որը ես հիմա չեմ պատկերացնում: Ընտրությունները կավարտվեն, կլինի իրավիճակ, ըստ իրավիճակի կգործենք:

Վահագն Հակոբյան




Լրահոս