Իյա, իրո՞ք . Տարոն Մարգարյանն ընդդեմ յուրայինների

Իյա, իրո՞ք . Տարոն Մարգարյանն ընդդեմ յուրայինների

Երեւանի ավագանու այս ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզարշավի առանցքային դրույթներից մեկն էլ վերաբերում է Երեւանի տրանսպորտի արդիականացման խնդրին: Ավելին՝ Մարգարյանը վերջերս բավական հեռուն էր գնացել ու հայտարարել, թե. «Էլ գծատեր հասկացողությունը չի լինի, կլինի մեկ օպերատոր», նաեւ խոստացել. «Բարեփոխումներ ոչ միայն ժամանակավոր խնդիր լուծելու, այլ ամբողջությամբ քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծել»:

Սկսենք նրանից, որ Տարոն Մարգարյանը նույն խոստումները նաեւ նախորդ ընտրություններից առաջ էր տվել, բայց այս հինգ տարում տրանսպորտի վիճակն այդպես էլ չի բարելավվել, եթե չասենք՝ ընդհակառակը, վատացել է. համոզվելու համար բավական է օգտվել հասարակական տրանսպորտից, վստահ ենք` անմոռանալի տպավորությունները կարելի է երաշխավորված համարել:
2013թ. նախընտրական ծրագրում նա խոստացել էր` Երեւանի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ստեղծում, միջին եւ մեծ ուղեւորատարողությամբ ավտոբուսների թվաքանակի էական ավելացում, միկրոավտոբուսների շահագործման նվազեցում, երթեւեկության անվտանգության բարձրացում, մետրոպոլիտենի արդիականացում եւ նոր շարժակազմի թարմացում, ավելացում եւ այլն:

Նույն խոստումները նա տալիս է նաեւ հիմա` մշակել եւ կիրառել Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր եւ արդյունավետ երթուղային ցանց, միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ եւ միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ, ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման եւ զարգացման ծրագրերի շարունակականությունը եւ այսպես շարունակ: Ու, բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչն է խանգարել Տարոն Մարգարյանին պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում կատարել խոստումներն ու բարելավել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը:

Իհարկե, այնպես չէ, որ Տարոն Մարգարյանը ոչինչ չի արել տրանսպորտի ոլորտի համար: Մասնավորապես իր նախընտրական ծրագրում, խոսելով 2013-17թթ. գրանցած ձեռքբերումների մասին, նշել է. «Ավտոբուսների շահագործման արդյունավետության բարձրացման եւ մատչելի դարձնելու նպատակով դրանց դիզելային վառելիքով շարժիչները փոխարինվել են սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով»։ Բայց հիշեցնենք` նույն Մարգարյանը ժամանակին խոստանում էր նաեւ երթեւեկության անվտանգության բարձրացում: Թե որքանո՞վ է սեղմված բնական գազով աշխատող տրանսպորտային մեքենաների շահագործումն անվտանգ, կարող է ասել ցանկացած մասնագետ: Այնպես որ, ժողովրդական խոսքով ասած՝ «Աչքը շինելու փոխարեն հոնքն են հանել»:

Հիմա Տարոն Մարգարյանի` «էլ գծատերեր չեն լինելու» խոստման մասին: Ակնհայտ է, որ այս հայտարարություններն ընդամենը քարոզչական բնույթ են կրում` հասարակության աչքին թոզ փչելու համար, եւ այս իշխանության օրոք հազիվ թե դրանք իրականություն դառնան: Սա այն պարզ պատճառով, որ այդ գծատերերից մեկն էլ նույն Տարոն Մարգարյանն ու իր մերձավորներն են, եւ բացի այդ` գծատեր են իր կուսակցական ընկերներից շատերը: Այնպես որ, հազիվ թե Մարգարյանը պայքարի ինքն իր կամ կուսակից ընկերների դեմ: Խոսենք փաստերով. թիվ 5 եւ 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։

Թիվ 64 երթուղին սպասարկում է «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն, որն էլ պատկանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին: Ի դեպ, նրան է պատկանում նաեւ «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ն, որն էլ սպասարկում է 57 համարի ավտոբուսային երթուղին։ 27, 47 և 57 երթուղիների միկրոավտոբուսները սպասարկում է «Վի-Առ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանն է։

Գծատերերի թվում են նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաները, մասնավորապես տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում ընտանիքին պատկանում է թիվ 18 երթուղին սպասարկող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, նաեւ` հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրող ընկերությունը` «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, եւ այսպես շարունակ: Էլ չենք խոսում մյուս ընկերությունների մասին, որոնք փաստացի պատկանում են ՀՀԿ-ականներին, բայց գրանցված են նրանց ազգականների անուններով, որպեսզի չնույնականացվեն: Համաձայնեք, պատկերն իրոք խոսուն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ