ՖՈՏՈ. Ինչպես զինվորները կարողացան զորամասից հանել ՈՒԱԶ ավտոմեքենան. դժբախտ դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղված է սեփական PR-ով, բանակում ամենաթողության հետեւանքով շարունակվում են դժբախտ պատահարները: 3 զինվոր նախ անհետացան, որից հետո պարզվեց, որ նրանք խեղդվել են գետում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկության, որը հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեն, մայիսի 8-ի առավոտյան ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Ավելին՝ զորամասից բացակայել է նաեւ պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:

Ավելի ուշ պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթեւեկելիս:

Օրեր անց Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 50 մետր խորության վրա գտնվող գետում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռաֆայել Բիշարյանի եւ Ռուբեն Բարսեղյանի մարմինները, իսկ այսօր էլ երրորդ զինվորի՝ Ռուբեն Մնացականյանի դիերը:

Եվ ահա դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս կամ առաջացրել է այլ ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Ու մինչ իրավապահները փորձում են հասկանալ, թե մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու որ կանոնների խախտման արդյունքում են զինվորները նման ճակատագրի արժանացել, այս պատմության մեջ մի շարք մութ կետեր կան, որոնք բացահայտման կարիք ունեն:
Նկատենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում, որ «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում, որից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս, եւ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը:

«Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Եվ ահա գործը քննող քննիչները ըստ էության մայիսի 7-ին զորամասում հերթապահություն իրականացնող գումարտակի պատասխանատուին, զորամասի հերթապահին, հսկիչ անձնագրային կետի հերթապահին, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հարցաքննել են՝ հասկանալու համար, թե արդյոք զինվորներին ղեկավար կազմը առաջադրանք է տրված եղել, որ նրանք այդ ուշ ժամին դուրս են եկել զորամասից, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ վերոնշյալ օրը զորամասի պատասխանատուները հայտնել են, որ զինվորներին որեւէ առաջադրանք տրված չի եղել, եւ նրանք չգիտեն, թե ինչու են տղաները դուրս եկել զորամասից եւ այն էլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:

Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ զինվորները միգուցե իրենց անձնական հարցերի համար զորամասից դուրս են եկել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով եւ այն էլ առանց զգուշացնելու: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք զորամասի որեւէ պատասխանատու չի նկատել, թե «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ուր են այդ ժամին ուղեւորվում զինվորները: Միգուցե համապատասխան պաշտոնատար անձինք տեսել են, սակայն աչք են փակել այս հանգամանքի վրա կամ, մեղմ ասած, անգործության են մատնված եղել, ինչն էլ երեք զինվորների համար դարձավ ճակատագրական:

Ինչեւէ: Փաստ է մեկ բան, որ զինվորները զորամասը լքել են առանց համապատասխան թույլտվության կամ հակառակը, սակայն ինչը կարող էր լինել պատճառ, որ նրանք նման բախտի արժանանային: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախնական տվյալներով՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան զինվորները վարել են բարձր արագությամբ, սակայն երբ ցանկացել են արգելակել, արդեն բավականին ուշ է եղել: Ի դեպ, զորամասից մեզ հասած լուրերի համաձայն՝ մահացած զինվորներից մեկը հրամանատարի անձնական վարորդն է եղել: Ավելին՝ քննիչներին զորամասի պատասխանատու անձինք վստահեցրել են, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նոր արտադրված մեքենա էր եւ գտնվել է միանգամայն սարքին վիճակում:

Այսպիսով պարզ է դառնում, որ զորամասում ով ինչ ուզում, անում է, եւ համապատասխան պաշտոնատար անձանց անգործության արդյունքում մարդկային կյանքեր են գնում: Ուստի հաշվի առնելով կատարվածը՝ ամենյան հավանականությամբ, պատասխանատվության առաջ կկանգնեն մայիսի 7-ին զորամասի հերթապահը, գումարտակի պատասխանատուն, զորամասի պատասխանատուն, հսկիչ անձնագրային կետի հերթապահը եւ այսպես շարունակ: Նշենք որ ՊԲ N զորամասի հրամանատարն է Գեւորգ Մանգասարյանը, իսկ ահա վերոնշյալ տարածքի ռազմական ոստիկանապետը Արթուր Բալայանն է:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթներ է ունենում՝ խոսելով «Ազգ -բանակ» հայեցակարգի, «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին, մինչդեռ իրականում բանակ կառավարելը ոչ թե գեղեցիկ ելույթներն են, այլ տեղում իրավիճակին տիրապետելն ու կոնկրետ գործ անելը:

Քնար Մանուկյան




Լրահոս