Հանուն 15 մլն եվրոյի կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կպատժվե՞ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են ձեւացնել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, քայլեր անում այդ ուղղությամբ: Օրինակ՝ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունն իրավասու պետական մարմնին ազդարարել անանուն կերպով: «Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով:

Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ՝ քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ժամանակը ցույց կտա, թե այս համակարգի ներդրումը որքանո՞վ արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Սակայն միայն այն փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսում է քաղաքական կոռուպցիայի արդյունքում ձեւավորված իշխանությունը (հազիվ թե որեւէ մեկը մոռացած լինի ԱԺ վերջին ընտրություններում համատարած բաժանված ընտրակաշառքը) անվստահության ու թերահավատության տեղիք է տալիս:

Բացի այդ՝ այս ընթացքում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր անհատների կողմից, ընդ որում, շատ հասցեական, բայց այդ ամենը հետեւանք չի ունեցել: Լավագույն դեպքում պատասխանատվության են ենթարկվել մանր ու միջին օղակի պաշտոնյաները, իսկ «խոշոր ձկները» շարունակել են անարգել պաշտոնավարումը: Եւ, ընդհանրապես, Հայաստանում այս տարիներին ձեւավորված կոռուպցիոն բուրգի կազմաքանդումը կտրուկ քայլեր է պահանջում, ոչ թե քայլերի իմիտացիա: Այնպես որ, որեւէ երաշխիք չկա նաեւ այս դեպքում. հազիվ թե իշխանությունները լրջորեն հետամուտ լինեն անանուն հաղորդումներին ու պատասխանատվության ենթարկեն կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածներին:

Մի փաստ էլ. ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մեկ անգամ չէ, որ հայտարարել է` ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 15 մլն եվրո տրամադրել, սակայն մինչ այդ իշխանությունները պետք է ցույց տան, որ պատրաստ են իրապես պայքարել այդ երեւույթի դեմ, պետք է կոնկրետ արդյունքներ գրանցեն: Ու հիմա օրենսդրական այս նոր նախաձեռնությունն ավելի շատ ԵՄ-ից 15 մլն եվրո պոկելու նպատակ է հետապնդում, քան իրական պայքար կոռուպցիայի դեմ:




Լրահոս