ԿՐԻՄԻՆԱԼԸ` ՈՐՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եւ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին: Նկատի ունենալով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքերով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մեջ վաղաժամկետ ազատ է արձակվել 19 հոգի, ներման արդյունքում՝ 3 եւ այսպես շարունակ:
Ասել է, թե ՀՀԿ իշխանությունը ձեւավորվել է կրիմինալի միջոցով, եւ բնական է, որ հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նույն այդ քրեական էլեմենտներին: Ու պատահական չէ, որ Հայաստանն օրենքով գողերի համար դարձել է հավաքներ անցկացնելու ազատ երկրներից մեկը. չէ՞ որ քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն կերպ սերտաճած են ՀՀ իշխանության հետ:

 

 
Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցություններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնելու եւ ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները մեկիկ-մեկիկ ճշտվում են Ս. Սարգսյանի հետ: Նրա այս քայլը, թերեւս, պատահական չէ. 2018թ. ապրիլից, երբ լրանան նրա նախագահական լիազորությունները, Սարգսյանը մտադիր չէ հեռանալ, այլ, միգուցե, որպես վարչապետ կամ որպես ՀՀԿ նախագահ իր վերահսկողության տակ է պահելու ողջ իշխանությունը: Առավել եւս, երբ Հայաստանը նոր Սահմանադրությամբ անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

 

 
Կոտայքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ ձայներ ստացած, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, պարզվում է, չգիտի ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Քանի որ օրերս Շարմազանովը հայտարարել էր, թե առաջիկայում ինքնաբացարկի դիմումներ ներկայացնողների թվում կլինեն նաեւ ռեյտինգային ցուցակի թեկնածուներից, «Ժողովուրդ»-ը Սանամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքնաբացարկ հայտնողների թվում կլինի նաեւ ինքը: «Շարմազանովն ովա՞»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա: Երբ պարզաբանեցինք՝ ՀՀԿ խոսնակը, Սանամյանը շարունակեց. «Երբ որ կլինեն ռեյտինգայիններից, կիմանաք այդ ժամանակ, քեզ հաջողություն»: Նշենք, որ ըստ լուրերի, Սամվել Սանամյանն այնքան էլ խորհրդարանում աշխատելու հակված չէ, եւ կարոտել է իր նախկին պաշտոնը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, որի շնորհիվ հսկայական հարստություն է դիզել:

 

 
Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջեւ, պատճառը անխնա ջրօգտագործումն է: Փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներն են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` այդ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում տեսչական ստուգումներ է իրականացնելու Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում: Հնարավոր է՝ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն իրականացվի: Իսկ թե ինչ կփոխի դա գյուղացիների կյանքում, ժամանակը ցույց կտա:

 

 

 
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի աշխատակիցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում: Երեկ էլ հայտնի դարձավ, որ առանցքում հայտնված դերակատարներից մեկի՝ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բանկային պահոցից առգրավվել է ահռելի գումար՝ շուրջ 400 միլիոն դրամի չափ, ինչպես նաեւ՝ թանկարժեք զարդեղեն: Ընդ որում, դրամաշնորհային միջոցների հափշտակության այս գործընթացը սկսվել եւ ծավալվել է դեռեւս 2009 թվականից: Ասել է, թե տարիներ ի վեր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր անող կառույցն ինքն է թաթախված եղել կոռուպցիայի մեջ: Արդյոք կարող էր դրամաշնորհների համակարգողի չափազանց պատասխանատու պաշտոնում հայտնված դերակատարը /դերակատարները/ տարիներ ի վեր գործել՝ առանց ղեկավարության իմացության, դժվար է հավատալ, թեեւ, իհարկե, բացառել էլ չի կարելի:
Անշուշտ, այս ամենի բացահայտմանն ուղղված գործընթացը եւս ԵՄ պատվիրակության ղեկավարության ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել, եւ սա, բնականաբար, տալիս է նշված հարցի պատասխանը, սակայն, թերեւս, միայն գործող ղեկավարության մասով: Ամեն դեպքում, այս պատմությունը չափազանց վատ անդրադարձ կունենա Հայաստանում այդ կառույցի՝ չափանիշներ թելադրելու կեցվածքի հանրային ընկալման վրա: Բնականաբար, հանրության մոտ չեն կարող կասկածներ չառաջանալ ԵՄ կողմից նաեւ առաջիկայում իրականացվելիք դրամաշնորհային ծրագրերի հետ կապված: Ի վերջո, վերը նշված 400 միլիոն դրամն ու զարդեղենը, փաստորեն, ցույց են տալիս, որ ԵՄ գրասենյակի կալանավորված աշխատակիցը ոչ ավել, ոչ պակաս, դոլարային միլիոնատեր է դարձել ԵՄ գրասենյակում գործող համակարգային կոռուպցիայի արդյունքում: Նման հնարավորություններով, վստահաբար, էլի գայթակղվողներ կլինեն, եթե իսպառ չփոխվի դրամաշնորհների հատկացման ողջ ընթացակարգը՝ սկսած ծրագրերի հաստատումից, դրանց շրջանակներում հայտերի ընդունումից, քննարկումից, վերջացրած ֆինանսական միջոցների տրամադրմամբ ու վերահսկողությամբ:
Սակայն կոնկրետ ԵՄ հայաստանյան գրասենյակի գործունեության հանրային ընկալման հետ կապված առկա է եւս մեկ կարեւոր հանգամանք. գրասենյակի եւ ՀՀ իշխանությունների համագործակցությունն էր՝ ընտրական նոր օրենսգրքի եւ նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացի հետ կապված, ինչի արդյունքում ապրիլի 2-ին կայացան ՀՀ պատմության մեջ թերեւս ամենատխուր ընտրությունները՝ եվրոպական օրհնությունը ստացած համատարած թավշյա ընտրակեղծարարությամբ:
Եվ ահա այս ամբողջի համատեքստում առնվազն տարակուսելի են այս օրերին սոցիալական ցանցերում ոմանց կողմից շրջանառվող պնդումները, թե ՀՀ-ում ԵՄ գրասենյակի վարկաբեկումը ռուսների ձեռքի գործն է: Եթե անգամ դա այդպես է, շատ մեծ հարց է, թե ինչու եւ ինչպես է այդ ձեռքը մտել անմիջականորեն ԵՄ գրասենյակ:




Լրահոս