ԲԵՐԴԻՑ ԱԶԱՏԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել ընտրությունների ընթացքը եւ արդյունքները, թե ինչպես հաջողվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մեծամասնություն ունենալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հրահանգի արդյունքում ՔԿՀ-ներից մի շարք մարդկանց են ազատ արձակել:

Այն, որ եղել է ընտրակաշառքի գործոն, այդ մասին բոլորը խոսեցին, ավելին՝ այդ մասին փաստեցին դիտորդական կազմակերպությունները, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները, բայց ընտրությունների հետ կապված աղմկահարույց բացահայտումները շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ինչպես մյուս բոլոր ընտրություններում, այս անգամ եւս ընտրական գործընթացներում իրենց լուրջ դերակատարությունն են ունեցել քրեական տարրերը, որոնք մինչ խորհրդարանական ընտրությունները այս կամ այն պատճառներով հայտնվել են իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում` կալանավորվել կամ ազատազրկման դատապարտվել:
Եվ ահա մեզ տեղեկություններ հասան, որ այս ընտրությունների նախաշեմին քարոզարշավից սկսած բազմաթիվ մարդիկ են տարբեր հիմքերով ազատվել կալանքից, որոնք պատահական մարդիկ չեն եղել: Նրանց մեծ մասի առջեւ պայման է դրվել, որ պետք է աշխատեն Հայաստանի Հանրապետական կուսակցության այս կամ այն ռեյտինգային թեկնածուներից մեկի օգտին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով դիմեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական բաժին՝ խնդրելով հայտնել, թե 2016թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2017թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՀՀ ՔԿՀ-ներից, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման, կամ այլ միջոցների արդյունքում ազատ արձակվել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ստացված պաշտոնական տեղեկության համաձայն՝ 2016 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում պատիժը լրիվ կրելով ազատ է արձակվել 120 անձ, պայմանական վաղաժամկետ ազատարձակման հիմքով ազատ է արձակվել 24 անձ, պատիժը չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով (ՀՀ քր.օր-ի 77 հոդվածի համաձայն) ազատ է արձակվել 3 անձ, ներման արդյունքում ազատ է արձակվել 1 անձ, ծանր հիվանդության հետեւանքով` 2 անձ, իսկ ահա այլ հիմքերով ազատ է արձակվել 79-ը անձ:
Իսկ ինչ պատկեր է եղել 2017թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ պաշտոնական տվյալների` պատիժը լրիվ կրելով ազատ է արձակվել 137 անձ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հիմքով ազատ է արձակվել 19-ը, պատիժը չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով (ՀՀ քր.օր-ի 77 հոդվածի համաձայն) 1 անձ, ներման արդյունքում` 3 անձ, ծանր հիվանդության արդյունքում՝ 2 անձ, իսկ ահա այլ հիմքերով ՔԿՀ-ներից ընկած ժամանակահատվածում ազատ է արձակվել 112 անձ:
Ակնհայտ է, որ ներկայացված թվերի մեջ իրականում շան գլուխը թաղված է «այլ հիմքերով» ազատ արձակվածների ցանկի մեջ: Օրինակ՝ եթե 2016 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում այլ հիմքերով ազատ են արձակվել 79 անձ, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում ազատ են արձակվել 112 անձ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 33 մարդ «այլ հիմքերով» ավել ազատ է արձակվել պատժի կրումից: Ու հենց նրանք են պետք եղել իշխանությանը, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ իրենց օգնությունը ցուցաբերեն համապատասխան թեկնածուին:
Իսկ ինչպե՞ս է կազմակերպվել գործընթացը:
Ըստ ամենայնի, այս կամ այն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները դիմել են երկրի բարձրագույն իշխանությանը՝ ներկայացնելով, թե անհրաժեշտ է, որ իրենց ընտրատարածքի ինչ-որ թաղի ակտիվ երիտասարդը ազատ արձակվի, քանի որ կարող է քվեներ ապահովել: Ու քանի հրահանգը չի ուշացել, ակտիվ քրեական տարրերը, ձայն բերողները ազատ են արձակվել:
Ավելին՝ օդում կախված լուրեր կան այն մասին, որ բազմաթիվ դատապարտյալներ ցերեկը դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, աշխատել ՀՀԿ օգտին, բացատրել իրենց շրջապատին, որ պետք է ՀՀԿ-ին ընտրել, որ «լավ լինի», իսկ երեկոյան վերդարձել են ՔԿՀ:
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ հերթական անգամ հայաստանյան ընտրությունների ճակատագիրը որոշեցին թաղային հեղինակությունները, որոնք իրենց ազատությունը երկրի ճակատագրից վեր դասեցին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՆԱԽԸ ԵԹԵՐ Է ՈՒԶԵԼ
Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին:
Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար: Գրել էինք, որ միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում Եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք, սակայն միջադեպի մասնակիցները նշում են, որ զենքը իրենց չի պատկանում: Եւ որպեսզի իրավապահները հասկանան, թե ինչ է կատարվել, նշանակել են առերեսում:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախօրեին «Ելք» դաշինքի անդամներ Հայկ Սարգսյանին, Գառնիկ Վարդանյանին իրավապահները հրավիրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առերեսման: Երբ կողմերը պատրաստ են եղել առերեսման, Արթուր Ավագյանը` Մանախը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ներկայությամբ ասել է, թե ցանկանում է, որ առերեսումը նկարահանվի, հակառակ դեպքում կհրաժարվի մասնակցել քննչական այդ գործողությանը: Սակայն քրեակատարողական հիմնարկում նկարահանման պայմաներ չեն եղել, ինչի պատճառով էլ միջադեպի մասնակիցների միջեւ առերեսում տեղի չի ունեցել:
Իսկ թե երբ կլինի այս գործով հերթական առերեսումը, եւ արդյո՞ք քննիչները կապահովեն նկարահանման գործընթացը, ժամանակը ցույց կտա:
Բայց փաստ է՝ այս միջադեպից անցել է մեկ ամիս, սակայն գործով տեղաշարժ դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում փորձել էին նաեւ ճանաչման գործընթաց կազմակերպել, սակայն այն չէր կայացել, քանի որ Մանախի փաստաբանը ասել էր, որ ինքը շտապում է եւ չի կարող ներկա գտնվել ճանաչմանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

420 ԿՐԱԿՈՑ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին եւ լույս մայիսի 1-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

 

 
18 ՏՈԿՈՍ
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի եւ զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադեւոս Ավետիսյանի՝ Հայաստանում այսօր գործազրկության մակարդակը 18 տոկոս է։ «Կես միլիոն մարդ աշխատանք ունի, գործազուրկների թիվը 221 հազար է, եւ, ընդհանուր առմամբ, գործազրկության մակարդակը 18 տոկոս է, իսկ գործազուրկները, որոնք որ փնտրում են աշխատանք եւ դիմել են պետական զբաղվածության ծառայությանը, նրանց թիվը շուրջ 80 հազար է», – «Ազատության» հետ զրույցում ասել է Ավետիսյանը։ Նա նաեւ նշել է, որ զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ այս պահին շուրջ 2 հազար 500 թափուր աշխատատեղ կա։

 

 

ՓՈԽԱՆՑԵԼ ԵՆ ԱԱԾ-ԻՆ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Այս գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանին կալանավորելուց հետո նրա մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

 

 

ԴԵՌ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Է
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի վճիռը օրեր առաջ մտել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արայիկ Զալյանի, Արգիշտի Կիվիրյանի վճռաբեկ բողոքները: Հարցին, թե Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտե՞ղ նա պետք է կրի պատիժը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է, որ դա պետք է որոշի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասել է պաշտպանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանել է՝ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է:

 

 

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

 

 

ԵՐԵԽԱՆ ԽԵՂԴՎԵԼ Է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին՝ ժամը 15:07-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թվականին ծնված Է. Ք.-ի դին դուրս է բերվել գետից:




Լրահոս